Պարույր Հայրիկյան. «Ունենք ծախու արարածների հավաքականություն, ում ժողովրդի ճակատագիրն ամենևին չի հետաքրքրում»

«Բոլորիս ուշադրության կենտրոնում է այն, որ աննախադեպ քաղաքացիական գործնականություն է դրսևորվում`փոխադրամիջոցների սակագնի հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով հուլիսի 20-ից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ սկսված բողոքի ակցիաների մասին:

Հայրիկյանը սա համարեց դրական երևույթ` քաղաքացիական շարժումների զարթոնքը կապելով ազգի և մարդու ինքնորոշման գաղափարի հետ:

«Այս ընդհանրական ընդվզումը քաղաքացիների ինքնորոշման դրսևորում է, և ինքնորոշման սկզբունքի կարևորությունը գիտակցող ամեն ոք երևույթի առիթով կարող է միայն գոհունակություն ապրել»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Սակայն ԱԻՄ առաջնորդը երևույթը համարեց ընդամենը հետևանք` առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության կողմից բնական գազի գնի թանկացման և «ՀՀ իշխանությունների` համարժեք պատասխան տալու անկարողության»:

Կարդացեք նաև

«Երբ կա անհատի ինքնորոշում, դա նշանակում է, որ իշխանությունն ընդամենը ենթակա է»,- ասաց նա: Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը դեռևս հաստատված չէ, և սա իշխանության կողմից կարող է լինել նաև մանևրող քայլ:

«Իշխանությունները կարող են նաև խաղեր տալ, աշխարհի բոլոր իշխանությունները երբեմն խաղեր են տալիս, 120 բարձրացնելու համար նախապես բարձրացնում են 150, հետո ասում են` գիտեք` ինչ կա, մենք մեր ժողովրդին շատ ենք սիրում, դրա համար որոշեցինք բարձրացնել 120, ուզում եմ ասել` տարբերակներ կան, դրանք ինձ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում են այն, որ քաղաքական գործիչ եմ և հարցերին միշտ նայում եմ պատմական հեռավորությունից»,- նշեց Պ. Հայրիկյանը:

«Ինձ, օրինակ, հետաքրքրում է` Հայաստանը բանակցե՞լ է Իրանի հետ գազի վերաբերյալ, ո´չ, չի´ բանակցել, բայց խոսում են պարսկական գծերի մասին, Հայաստանի իշխանություննե´ր, դուք ունե՞ք պարսկական կառավարությունից պաշտոնական պատասխան, որ եթե Հայաստանը նրանցից գազ գնի, նրանք այդ գազը պիտի վաճառեն այս կամ այն գնով, ո´չ, չի´ արված, ուրեմն ունենք ծախու արարածների հավաքականություն, ծախու արարածներ, ում ժողովրդի ճակատագիրն ամենևին չի հետաքրքրում: Կառավարությունը նրա համար է, որ մի 5 տարի առաջ իմանա, թե ինչ վտանգներ կարող են սպառնալ սեփական ժողովրդին և այդ վտանգների դեմ ունենալ լուծումներ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Այսպիսով, ըստ Պարույր Հայրիկյանի, նշված խնդրի պատճառներն ու արմատները Հայատանում «գործակալական ցանցի գործունեությունն է», իսկ այդ «գործակալների» «տերերի» խնդիրն այն է, որ Հայաստանը չունենա երեք միլիոնից ավելի բնակչություն և լինի թույլ պետություն:

«Հիմա Մոսկվան գինը բարձրացրեց, իրենք վազելով գին են բարձրացնում, դա՞ է ձեր միակ քայլը, ցանկացած դպրոցական կարող է այդպես երկիրը կառավարել, իսկ որո՞նք են ձեր հակաքայլերը, ի՞նչ ասացիք Ռուսաստանին… Բայց եթե դուք ծախված եք` վերից վար, ռուսական հարճեր եք, ճորտեր չեք, հարճ, տղամարդ հարճ, պատկերացնո՞ւմ եք, եթե հարճեր եք, ռուսն ինչ ուզի, ձեզ հետ կանի, իսկ եթե դուք ձեզ արժանապատիվ պահեք, ռուսը ձեզ հետ արժանապատիվ կվերաբերվի, նույնը ամերիկացին և թուրքը»,- ավելացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս