20 համարի վարորդները դադարեցնում են իրենց աշխատանքը Տարոն Մարգարյանի տան առջև
Այս պահին Ավանից 20 համարի երթուղայինների վարորդներից շատերը իջեցնում են ուղևորներին և հրաժարվում են շարունակել տեղափոխել նրանց, քանի որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ` նշելով, որ իրենցից գումար են պահանջում, որը իրենք 100 դրամով աշխատելու դեպքում չեն կարող վճարել:
Այդ մասին Galatv.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ուղևորներից Վիոլետա Ղազարյանը: ԳԱԼԱ-ի լրագրողին տեղեկացնելու ժամանակ վարորդը հարցրել է, թե այդ ում հետ է խոսում, և լրագրողը խնդրել է ուղևորին հեռախոսը փոխանցել վարորդին: Վերջինս լրագրողի հետ զրույցում ասել է, որ ուղևորներին չի վիրավորում, չի էլ դժգոհում նրանցից, բայց իր տունը պահել չի կարող այսպիսի աշխատանքի պարագայում:
Լրագրողն էլ վարորդին ասել է, որ այդ մարդիկ նաև իր իրավունքների համար են պայքարում, և նրանց բողոքը վարորդների դեմ չէ:
«Տո գիտեմ, այ քուր ջան, էդ մարդիկ հո իմ թշնամի՞ն չեն, ոչ էլ ես եմ իրենց թշնամին, իմ ժողովուրդն ա, ես իրանց հասկանում եմ, բայց ես չեմ կարող սենց աշխատել»,- ասել է վրդովված վարորդը:
Տիկին Վիոլետը նաև տեղեկացրել է, որ 20 համարի բոլոր վարորդները ուղևորներին իջեցնում են ուղիղ Տարոն Մարգարյանի տան առջև:
Նշենք նաև, որ երթուղայինից իջած ուղևորներին իրենց հարմար ուղղություններով տեղափոխում են տարբեր քաղաքացիներ՝ իրենց անձնական մեքենաներով: Տիկին Վիոլետին իր աշխատանքի վայր է հասցրել Արթուր անունով մի երիտասարդ: