Բաժիններ՝

50 դրամի ուժը

Վերջին օրերին իշխանական թևի և, այսպես կոչված, գծատերերի համակիրների կողմից հաճախ են լսվում այսպիսի արտահայտություններ՝ «50 դրամն ի՞նչ ա, որ դրա համար բողոքում են։ Ամսական մի 2000 դրամի տարբերություն ա, էլի»։

Նախ՝ սկսենք նրանից, որ «մի 2000 դրամը» որոշ մարդկանց համար լուրջ նշանակություն ունի։ Նույն կառավարությունը, երբ 2000 դրամով թոշակ կամ աշխատավարձ է բարձրացնում, դա ներկայացնում է՝ որպես դարակազմիկ իրադարձություն և մեծագույն նվեր հասարակությանը։ Սակայն, չնայած սրան՝ խնդիրն ամենևին 50 դրամը չէ։ Այսինքն՝ մարդկանց փողոց հանել է ոչ թե 50 դրամի կորուստը, այլ շատ ավելի խորքային երևույթ։ Հենց դրա համար էլ ակցիային մասնակցում են մարդիկ՝ իրենց մեքենաներով, որոնք հասարակական տրանսպորտով չեն երթևեկում, և, բնականաբար, 50 դրամի թանկացումը նրանց չի վերաբերում։ Կարծել, թե ամեն ինչի հիմքում ընկած է նյութական գործոնը, և ամեն ինչ բացատրվում է, իրենց իսկ խոսքերով, «մի 2000 դրամի» ազդեցությամբ,  իշխանությունների մեծագույն սխալն է, որով նաև թերագնահատում են սեփական ժողովրդին։
Խնդիրը ոչ թե այն է կամ ոչ միայն այն է, որ ուղեվարձը բարձրացավ 50 դրամով, այլ՝ որ մարդիկ չեն հավատում այդ թանկացման հիմնավորումներին։ Քաղաքացիները ոչ թե ցանկանում են քիչ վճարել, այլ ցանկանում են, որ իրենց չխաբեն։ Այս դեպքում կապ չունի՝ թանկացումը հիսո՞ւն դրամով է, թե՞ 5 դրամով։   «Չեմ վճարելու 150 դրամ» կարգախոսն իրականում նշանակում է հետևյալը՝ թույլ չեմ տալու, որ ինձ խաբեք։
Իսկ խաբվածության զգացում չէր կարող չլինել, որովհետև պաշտոնական հիմնավորումն այնպիսի աբսուրդային փաստաթուղթ էր, որ անգամ ոչ մասնագետը դրա մեջ բազում սխալներ կգտնի։
Օրինակ, ինչպե՞ս կարելի է ամեն օր երթուղայինից օգտվող մարդուն համոզել, որ միկրոավտոբուսը «կանեցից կանեց» տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, եթե այդ մարդն իր աչքով տեսնում է, թե ինչպես են ուղևորները խցկվել «Գազելի» մեջ՝ մարմնի տարբեր մասերով միմյանց սեղմված։ Կամ ինչպե՞ս կարելի է մարդուն համոզել, որ երթուղայինի վարորդին 150 հազար դրամ աշխատավարձ է վճարվում, եթե բոլորը գիտեն, որ վարորդն ինքն է «գծի փող տալիս»։
Առանց այն էլ հասարակության մեջ գոյություն ունի տոտալ անվստահության մթնոլորտ իշխանության յուրաքանչյուր խոսքի կամ գործի նկատմամբ։ Իսկ նման «ափաշքյարա» ստերով իշխանությունը հասարակությանը պարզապես ստիպում է իրեն չհավատալ։
Նման դեպքերում՝ հասարակությունը կամ ընդվզում է, կամ արտագաղթում։ Մեզանում այս երկու տարբերակն էլ առկա են. մի մասն ընդվզում է, մյուս մասն՝ արտագաղթում։ Իսկ մնացածը մտածում են արտագաղթելու մասին։
Այսինքն՝ խնդիրը ոչ թե 50 դրամի մեջ է, այլ վստահության բացակայության։ Կարելի է համոզված պնդել, որ եթե հասարակությունը վստահեր իշխանությանը, ապա չէր բողոքի անգամ 200 դրամ ուղեվարձի դեմ՝ համոզված լինելով, որ իշխանությունն ամեն ինչ անում է հասարակության շահերը պաշտպանելու համար։

Այսօր մարդիկ համոզված են, որ իշխանությունը պաշտպանում է միայն «նեղ կրուգի» շահերը։ Նման դեպքում խնդիրը չի լուծվելու, եթե անգամ արտակարգ դրություն հայտարարվի, և Ոստիկանության հետ միասին, ակտիվիստների դեմ դուրս գա նաև բանակը։ Ընդվզումը պարզապես կվերածվի արտագաղթի, և Հայաստանին մի քայլով էլ կմոտեցնի անդունդի եզրին։ Իհարկե, վստահության բացակայության խնդիրը մեկ օրում չի ձևավորվել, և, իհարկե, այն հնարավոր չէ մեկ օրում լուծել։ Սակայն պետք է սկսել։ Ոչ թե «շուստրի քայլերով» ու նեղ խմբակային շահերով առաջնորդվելով, այլ լուրջ, անգամ ռադիկալ փոփոխություններով։ Կարևորը՝ որ դրանք անկեղծ լինեն։
Պարզապես պետք է հասկանալ, որ սա ոչ թե սոցիալական լարվածություն է կամ սոցիալական բունտ, ինչպես կարծում է, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, այլ վստահության ճգնաժամ, որն արդեն հասել է իր գագաթնակետին։ 50 դրամանոցն այդ ճգնաժամի վերջին ակորդն է, որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս