Կարեն Անդրեասյան. Ձևավորվել են որոշակի քայլեր, որոնք կօգնեն այս օրերին Հրաչյայի կյանքն ավելի լավը դարձնելու համար

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով Հրաչյա Հարությունյանի գործով կիարկի օրը մեկնել էր Մոսկվա, այսօր վերադարձել է Երևան:

Հրավիրած ասուլիսում Կ. Անդրեասյանն ասաց, որ իր մոսկովյան հանդիպումների շարքն ավարտել է հանդիպելով Հրաչյային: Կ. Անդրեասյանը հաստատեց լուրերը, որ Հրաչյա Հարությունյանն ունի կոտրվածքներ և դանդաղ է ապաքինվում.

«Կար արդեն դեպրեսաիայից դուրս եկած մարդ, նույնիսկ ժպիտ»,- ասաց պաշտպանը:

Մինչ այդ, ըստ Կարեն Անդրեասյանի, նա դեպրեսիվ վիճակում է եղել. «Նման պայմաններում հարցաքննությունը ողջամիտ չէր»:

Նա ասաց, որ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին, ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար  Լուկինին և Հրաչյա Հարությունյանի փաստաբաններին: «Ձևավորվել են որոշակի քայլեր, որոնք կօգնեն այս օրերին Հրաչյայի կյանքն ավելի լավը դարձնելու համար»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելու փաստին, ապա Կարեն Անդրեասյանն ասաց, որ դրա մեղավորներին գտնելու համար անհրաժեշտ է երկարատև աշխատանք: Նա նշեց, որ ՄԻՊ-ին հաճախ են մեղադրում, որ գնահատականներն ուշ են տրվում, սակայն, ըստ նրա, կատարվածի մեղավորներին գտնելը կարող է շաբաթներ տևել: Միևնույն ժամանակ Կարեն Անդրեասյանն ասաց, թե Հրաչյա Հարությունյանի փաստաբանը և դիմել է ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին:

Ըստ նրա՝ խտրականության խնդիր չկա և չի կարելի կատարվածը ազգամիջյան կոնֆլիկտի վերածել: «Արտահանձնման հնարավորությունը կարող է քննարկվել բացառապես դատարանի վճռից հետո»,- ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա հավելեց, որ լրագրող Օլգա Սկաբաևայի մոտեցումն այն վտանգավոր երևույթներից էր, որը կարող էր կատարվածը վերածել ազգամիջյան խնդրի: Միևնույն ժամանակ, ըստ Կարեն Անդրեասյանի, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է համապատասխան գրությամբ հանդես գալ՝ կապված լրագրողի նման մոտեցման հետ: «Իրենք դատապարտում են ցանկացած նման լրագրություն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս