Ո՞վ կփոխարինի Տարոնին

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ՝ օր օրի ուժգնացող բողոքի ակցիան, մեծ հաշվով, հանգուցալուծման երկու տարբերակ ունի: Կամ ուղեվարձը կմնա անփոփոխ, և իշխանությունը «չորով» կպայքարի ուղեվարձի դեմ պայքարող քաղաքացիների դեմ, կամ նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա արձակուրդից և «Տարոն, ջան սիրուն չի» մեթոդոլոգիայով՝ ուղեվարձը կրկին կդառնա 100 դրամ:

Առաջին հայացքից՝ կարող է թվալ, թե իշխանությունն այնուամենայնիվ կընտրի «չորով» բողոքի ալիքը լռեցնելու տարբերակը, հատկապես, որ դրա նախանշաններն առկա են. ոստիկանները, ըստ էության, առևանգելով քաղաքացիներին, բերման են ենթարկում բաժիններ, անգամ քրեական գործեր են հարուցվում որոշ ակտիվիստների նկատմամբ: Սակայն այս օրերին Երևանի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ այս տարբերակը չի աշխատելու և ունենալու է հակառակ էֆեկտը. ակցիայի բոլոր մասնակիցներն անմիջապես արձագանքում են յուրաքանչյուր քաղաքացու բերման ենթարկելու միջադեպին, շղթայում են ոստիկաններին, պայքարում են ոստիկանական բաժանմունքում հայտնվածներին ազատ արձակելու համար: Իշխանությունը, բնականաբար, շատ լավ գիտակցում է, որ բռնի մեթոդները ոչ միայն արդյունք չեն տալու, այլ հակառակ արդյունքն են տալու: Այս միջոցներով իշխանությունը փորձում է ընդամենը կանխել, որ բողոքի ակցիաներն ավելի ընդգրկուն չդառնան՝ մինչև արձակուրդից կվերադառնա Սերժ Սարգսյանը և կիրագործի «պլան Բ»-ն, այսինքն՝ անձնական միջամտությամբ կնվազեցնի ուղեվարձը: Երրորդ միջանկյալ տարբերակ, որի դեպքում ուղեվարձը կդառնա, ասենք, 120 դրամ, ըստ էության, չկա: Հազիվ թե Սերժ  Սարգսյանի «խառնվելն» արժենա ընդամենը 30 դրամ:

Այսինքն՝ ըստ ամենայնի, ուղեվարձը կրկին կդառնա 100 դրամ: Բայց այդ դեպքում առաջ է գալու հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը: Եթե Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո ուղեվարձը նվազեցվի, Երևանի քաղաքապետարանը ստիպված է լինելու նոր «հիմնավորումներ» հորինել, ինչը նշանակում է՝ «սխալ հանել» ուղեվարձը 150 դրամ դարձնելու սեփական՝ նախորդ հիմնավորումը: Այսինքն՝ այդ դեպքում առաջանալու է «հանցակազմ». եթե Տարոն Մարգարյանը հաստատել է ուղեվարձը 150 դրամ դարձնելու սխալ հիմնավորումը, ապա դա արել է կամ շահադիտական նպատակներով, կամ թույլ է տվել հանցավոր անգործություն: Երկու դեպքում էլ, սակայն, առաջանալու է Երևանի քաղաքապետի պաշտոնում նրա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Կարճ ասած, իրադարձությունների զարգացման որոշակի ընթացքի դեպքում Տարոն Մարգարյանը կարող է հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից: Դա կարող էր իշխանության՝ Սերժ Սարգսյանի համար անգամ անակնկալի տարբերակ լինել. Տարոնը կդառնար այս փուլի «քավության նոխազը», և հասարակության դժգոհությունը որոշակիորեն կմեղմվեր:

Սակայն այս դեպքում կա մի բայց. Իսկ ո՞վ կարող է փոխարինել Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ցանկում չկա որևէ մեկը, ով գոնե մոտավորապես կհամապատասխաներ Երևանի քաղաքապետ լինելու՝ իշխանական չափանիշներին: Այդ ցանկում կան բազմաթիվ հանրապետական «մտավորականներ», ովքեր իրենց ինտելեկտուալ կամ կազմակերպչական կարողություններով հաստատ կգերազանցեն Տարոն Մարգարյանին, սակայն դա բավարար չէ քաղաքապետ դառնալու համար:

Հայաստանի իշխանական համակարգի կառուցվածքը հաշվի առնելով, դրա համար, բացի որոշակի կարողություններ ունենալուց, անհրաժեշտ է նաև լինել «ախպերության անդամ»՝ դրանից բխող բոլոր առանձնահատկություններով: Իսկ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության առաջին հորիզոնականները զբաղեցնողները, ասենք՝ Սմբատ Լպուտյանը կամ Հովհաննես Թոքմաջյանը, հաստատ այդ չափանիշին չեն բավարարում: Ինչպես որ ՀՀԿ խմբակցության ավելի քան 40 անդամներից շատերը:

Եվ եթե իշխանությունը որոշի փոխել Տարոնին՝ առանց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու, նոր քաղաքապետի ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ Աշոտ Պապայանը՝ տխրահռչակ Տուրբոն, ով իր նվիրվածությունն իշխանությանը հասցրել է ապացուցել քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում՝ լրագրողի վրա հարձակվելով:

Տեսանյութեր

Լրահոս