ՀՀ արտահանման մշուշոտ ապագան. Պղնձի միջազգային գները շարունակում են նվազել
Միջազգային հետազոտական խումբը հրապարակել է ապրիլին պղնձի արտադրության և սպառման վերաբերյալ հաշվետվությունը: Նախնական տվյալներով, այս գունավոր մետաղի համաշխարհային սպառումը նշված ժամանակաշրջանում ավելացել է 0.82%-ով և կազմել 1725 հազար տոննա: Միաժամանակ, պղնձի արտադրությունը կրճատվել է 1.82%-ով և կազմել 1775 հազար տոննա: Այս տեղեկությունը FOREX Club-ի վերլուծաբանները կարճաժամկետ հատվածում գնահատում են որպես դրական՝ այլ հավասար պայմանների դեպքում:
Չնայած դրան, կարմիր մետաղի գինը նախկինի պես գտնվում է ցածր մակարդակում. Լոնդոնյան բորսայում հուլիսի 22-ի դրությամբ պղնձի 1 տոննան վաճառվում է 6920 դոլարով, այն դեպքում, երբ այս տարվա փետրվարին 1 տոննան 8575 դոլար էր (գնանկումը՝ 23%):
Հայաստանի տնտեսության համար խիստ բացասական է գնահատվում, եթե պղնձի միջազգային գների նվազեն 1 տոննան մոտ 4-5 հազար դոլարից։ Ամեն դեպքում, գնային այս նիշի պարագայում էլ ՀՀ-ին տնտեսական աճի առումով լուրջ խնդիրներ են սպասվում, քանի որ արտահանման մեջ պղնձի հանքանյութի մասնաբաժինը չափազանց մեծ է, և մեր երկրի տնտեսական ցուցանիշները զգալիորեն կախված են պղնձի միջազգային գներից:
Պղնձի գների շատ մեծ անկում թույլ չտալու համար Չինաստանում վերացվել է վերահսկողությունը առևտրային բանկերի տոկոադրույքների նկատմամբ, և ենթադրվում է, որ դա կբերի վարկավորման ծավալների ավելացմանն ու տնտեսության ակտիվացմանը, ինչն էլ դրական կազդի պղնձի գների վրա: Սակայն առայժմ Չինաստանում տնտեսության աճը շարունակում է դանդաղել, արտադրությունը նվազում է: Չինաստանին է բաժին ընկնում պղնձի համաշխարհային սպառման 40%-ը, և այդ երկրից եկող բացասական ազդակները պղնձի գնի վրա նվազեցնող ազդեցություն են ունենում:
Հանքահումքային մետաղների գների վրա ճնշող ազդեցություն է ունենում նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումը՝ բաց շուկայում արժեթղթերի գնման ծավալների կրճատման վերաբերյալ: Ամերիկյան կարգավորողի պատրաստակամությունը՝ փոփոխել իր դրամավարկային քաղաքականությունը, կհանգեցնի դոլարի կայունացմանը, իսկ այդ դեպքում պղնձի գներն այլ արժույթներով նվազ գրավիչ կլինեն: Միաժամանակ, Պորտուգալիայում քաղաքական ճգնաժամը կարող է ազդել եվրոգոտում իրադրության վրա և նվազեցնել գործարար ակտիվությունը տարածաշրջանում, ինչը նույնպես բացասաբար կազդի պղնձի գների վրա: