Լոբազգիներ
Գրող-սննդաբան Ջո Ռոբինսոնն իր նոր գրքում ներկայացրել է ամենաօգտակար մրգաբանջարեղենային հարյուրյակի ցանկը: Այստեղ առաջին քառյակից երեքը լոբազգիներ են: Զիջելով միայն հապալասին՝ լոբազգիներից ոլոռը, սև լոբին և կարմիր լոբին համապատասխանորեն գրավել էին իրենց պատվավոր 2-րդ, 3-րդ և 4-րդ հորիզոնականները:
Սիսեռ
Սիսեռից կարելի է պատրաստել ամենատարբեր կերակուրները՝ աղցան, շիլա, սուպ և այլն: Նորից շատ հարուստ է A , С, ինչպես նաև В խմբի վիտամիններով, տարբեր միկրոէլեմենտներով: Սիսեռի օգտավետության գաղտնիքը սրա մեջ տեղ գտած ֆլավոնոիդներն են՝ բնական հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են օրգանիզմում սկսվող օնկոլոգիական խնդիրների դեմ: Սիսեռի հաճախակի օգտագործումը, անկախ ճաշատեսակի ընտրությունից, ունակ է կանխարգելել սրտի կաթվածն ու հիպերտոնիան:
Երիկամների և լյարդի խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել այս հրաշք մթերքը: Սիսեռը կարող է արագացնել վերքերի բուժումը, պիտանի է նաև արտաքին օգտագործման համար՝ տարբեր մաշկային խնդիրները, միջատների կծածը բուժելու նպատակով, շատ անհրաժեշտ է ատամներն առողջ պահելու և ոսկորների համար, լավացնում է ուղեղի աշխատանքը՝ վերացնելով աթերոսկլերոզի հավանականությունը:
Սիսեռի միակ բացասական կողմը լոբազգիներին հատուկ՝ գազեր առաջացնելու ունակությունն է, որը կարող է բերել մարսողական խնդիրների: Այս բացասական կողմն ավելի ակնառու է, երբ այս մթերքը հում վիճակում է օգտագործվում: Եփված սիսեռն ավելի անվնաս է այս առումով, և օգտակար հատկությունների մեծ մասը պահպանված են:
Երբեք մի՛ չարաշահեք ոչ մի մթերք, և ձեր օրգանիզմը հիվանդությունների միջոցով բողոքի ցույց չի կազմակերպի ձեր դեմ:
Ոսպ
Ոսպը ոչ միայն ամենատարածվածն է և մեր տնտեսուհիների կողմից ամենաօգտագործվողը, այլ նաև ունի մի առանձնահատկություն, որի մասին քչերը գիտեն: Ոսպն այն բացառիկ բույսերից է, որոնք հողից չեն վերցնում նիտրատներն ու այլ տոքսիկ նյութերը: Ինչքան էլ աղտոտված կամ վարակված վայրում աճի՝ մնում է էկոլոգիապես մաքուր: Այնպես որ, ոսպ գնելիս այս մտավախությունը կարող եք հանել ձեր գլխից:
Այո՛, այն հարուստ է В խմբի վիտամիններով, վիտամին А-ով և նույնիսկ С-ով, շատ հարուստ է բուսական սպիտակուցով, միկրոէլեմենտներից ոսպի մեջ քիչ չեն ֆոսֆորը, կալիումը, երկաթը, կալցիումը (նաև՝ մոլիբդեն, յոդ, մագնիում, ցինկ և այլն), պարունակում է նաև մեր օրգանիզմին շատ անհրաժեշտ ֆոլիաթթու:
Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթվի մեծ պաշար ունի:
Չոր ոսպը կորցնում է իր օգտակար հատկությունների միայն 30 տոկոսը, որը բավականին լավ արդյունք է: Ոսպի մեջ հայտնաբերվել են իզոֆլավոնոիդներ, որոնք չարորակ ուռուցքի դեմ պայքարող միացություններ են: Այս միացություններն ամբողջովին նույնությամբ պահպանվում են նաև չոր հատիկների մեջ:
Բարձրացնում է օրգանիզմի՝ հակամանրէների դեմ պայքարելու ունակությունը: Նպաստում է արյան և անոթների աշխատանքին, միզասեռական օրգանների աշխատանքին:
Շաքարախտ ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել ոսպ, քանի որ այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Բացասական կողմ
Ինչպես բոլոր լոբազգիները, այնպես էլ ոսպը կարող է շատ ծանրաբեռնել աղիներն իր՝ գազեր արտադրելու հատկության պատճառով, և արդեն դառնում է վնասակար նրանց համար, ովքեր աղիքային ունեն: Հակացուցված է նաև միզապարկի, լեղապարկի և երիկամների սուր խնդիրներ ունեցողներին:
Բոլոր լոբազգիները եփելուց առաջ լավ կլինի վրան եռման ջուր ավելացնել և մի քանի ժամով թողնել, իսկ հետո, եփելիս, եթե ջուրը եռալուց հետո մեկ անգամ փոխեք՝ գազերի քանակը բավականին կկրճատեք:
Մի խորհուրդ ևս, որը վերաբերում է ոչ միայն ոսպին, այլև բոլոր տեսակի խաշվող սննդամթերքներին: Մի պտղունց աղ ավելացրեք բոլոր խաշվող սննդամթերքների ջրի մեջ: Դա կօգնի ձեզ պահպանել վիտամինները:
Կանաչ և հատիկավոր լոբի
Ամփոփենք լոբազգիների թեման այս ընտանիքի վառ ներկայացուցչի՝ լոբու օգտակար և վնասակար հատկությունները քննարկելով: Լոբին նույնպես շատ հարուստ է բուսական ծագման սպիտակուցով, որն իր կազմությամբ շատ մոտ է մսի մեջ առկա սպիտակուցին՝ վիտամիններով և ամինաթթուներով:
Լոբու ոչ միայն հատիկները, այլև պատիճը (կանաչ լոբու կեղևի մասին է խոսքը) հարուստ է սպիտակուցով և բնական շաքարով, նաև այնպիսի ամինաթթուներով, (տիրոզին, լիզին, մեթիոնին և այլն), որոնք առկա սպիտակուցը դարձնում են դյուրամարս: Լոբին հարուստ է նաև հանքային նյութերով, Е վիտամինով, որը բնական հակաօքսիդանտ է, բավականին շատ է կանաչ լոբու մեջ և օգտակար է մաշկին, մազերին, եղունգներին, ինչպես նաև հարուստ է А, В, C, К, PP վիտամիններով, նույնիսկ կարոտինով: Լոբու մեջ առկա ֆոսֆորը, երկաթը, կալիումը, կալցիումը, նատրիումը, մագնիումը և յոդն այս մթերքը դարձնում են արժեքավոր՝ ռևմատիզմ ունեցողների և բրոնխիալ ու աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Շաքարախտով հիվանդների համար ևս լոբին իդեալական սնունդ է, հատկապես կանաչը՝ հիմա այնքան մատչելի ու շատ:
Վտանգ
Հում լոբու հատիկները շատ վնասակար ու վտանգավոր են: Կարող են նաև սննդային թունավորում առաջացնել: Շա՛տ եփեք: Մանավանդ, որ եփելիս լոբու օգտակար հատկությունները համարյա թե չեն կորում: Եփը արագ կլինի, եթե նախապես թրջեք այն եռման ջրով եփելուց մի քանի ժամ առաջ:
Վարդանուշ Պետրոսյան
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ