Ինչ է ասել Նավասարդ Կճոյանը «Արարատ» հոգևոր միության մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ
Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամներն այսօր բողոքի ակցիա անցկացրին եկեղեցու տարածքում: Վերջիններս պահանջում էին օրեր առաջ Սուրբ Երրորդություն եկեղեցի տեղափոխված Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին վերադարձել «Արարատ» հոգևոր միության ղեկավարի պաշտոնում: Միության անդամների խոսքով՝ եթե նույնիսկ Տեր Հակոբ քահանան որևէ սխալ է թույլ տվել, ինչն էլ նրա տեղափոխման պատճառ է դարձել, ապա իրենք խնդրում են ներել նրան. հակառակ դեպքում, ըստ նրանց, միությունը կարող է փլվել:
«Արարատ» երիտասարդական միության երգչախմբի անդամ Տաթևիկ Պետրոսյանն ասաց, թե իրենք որոշակի խոսակցություններ են լսել այն մասին, որ տեր Հակոբը թերացել է իր աշխատանքում. «Եթե թերացել է, ինչպես կարող է լինել պարախումբ, նկարչություն, մանրանկարչություն, անգլերեն, համակարգիչ: Ես պահանջում եմ, որ ինքը նորից վերադառնա «Արարատ» միության երիտասարդական թեմի առաջնորդ»: Մեկ այլ անդամ էլ նշեց, թե մի քանի օր առաջ իրենց ասել են, որ Տեր Հակոբն ինքն է դուրս գալու դիմում գրել:
Հովհաննես Հարությունյանն էլ ասաց, որ երեկ իրենք 11 հոգով հանդիպել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ. «Միաձայն ներկայացրել ենք մեր ցանկությունը, որպեսզի Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը վերադառնա իր աշխատանքին, որովհետև մենք կողքից որպես հավատացյալ նայել ենք, նրա աշխատանքը շատ բարձր ենք գնահատել: Ընդունելությունը կատարվել է շատ լավ, շատ սիրալիր և կարծես թե 11 հոգիս միահամուռ որոշեցինք, որ սրբազանի պատասխանը դրական է, և մենք դուրս եկանք՝ ասելով մեր խորին շնորհակալությունը, որ մեզ հասկացավ, մեզ ընդունեց, մեր խնդրանքն ընդառաջեց: Բայց հետո՝ 1 ժամ հետո… Ինքը մեզ ասել է՝ մենք ձեր խնդրանքն ընդունում ենք, մենք դա հասկացել ենք և շնորհակալություն ենք հայտնել նրանից, որ մեր խնդրանքն ինքը ընդառաջեց: Բայց հետո պարզվեց, որ ամեն ինչ մնացել է նույնը, անփոփոխ»:
Նա նշեց, որ ինքը չի կարող ասել, թե միտում է տեսնում Տեր Հակոբ քահանայի տեղափոխության մեջ. «Բայց ես տեսնում եմ, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ներքին վիճակը նորմալ չէ, կարելի է այդպես ասել»:
Միության սոցիալական ծրագրերի պատասխանատու Գայանե Գրիգորյանն ասաց, որ իրենց բողոքը Նավասարդ Կճոյանի դեմ չէ. «Սա բողոք է հանուն Տեր Հակոբի վերականգնման»:
Տեր Շահեն քահանա Հայրապետյանն էլ հայտարարեց, որ եթե ամեն ինչ այս կերպ շարունակվի, ապա ինքը կարող է միջնորդել՝ միությունը լուծարելու համար:
Միաժամանակ, բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ երբ մի քանի օր առաջ հանդիպել են Տեր Հակոբին և նրան տեղեկացրել, որ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել, նա կտրականապես դեմ է արտահայտվել. «Ասաց՝ բոլորդ տուն գնացե՛ք, շատ իզուր, որ հավաքվում եք: Նա համաձայնել է, ասել է՝ եթե սրբազանը ինձ ուղարկում է սուրբ երրորդություն, խնդիր չկա, ես կենթարկվեմ նրան»:
Արարատյան թեմի մամլո դիվանի ժամանակավոր պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը նշեց, որ եթե Տեր Հակոբը մինչ այժմ զբաղված է եղել միայն «Արարատ» միության աշխատանքներով, ապա այժմ նրան մեծ հնարավորություն է ընձեռնված ամբողջ թեմի երիտասարդական կառույցների աշխատանքը համակարգելու համար: Նա նշեց, որ Տեր Հակոբը Սուրբ երրորդություն եկեղեցի տեղափոխվել է սեփական դիմումի համաձայն: Մամլո դիվանի ներկայացուցիչը բողոքի ակցիան նույնիսկ «էգոիստական» համարեց: Նա դժգոհեց, թե երբ Նավասարդ Կճոյանը այցելում է մանկատներ, ծերանոցներ, այդ տեղեկությունները երբեք մամուլում չեն հայտնվում: