Բաժիններ՝

Ծիրանի բուժիչ հատկությունները-2

Զարմանալի հատկություններ ունի ծիրանի կորիզի սերմը, այն իր բաղադրության և օգտակար հատկությունների շնորհիվ հավանաբար կարող է դասվել ընկուզեղենի շարքին։ շատ հատկանիշներով նման է նշին. Չչորացող, ցածր մածուցիկություն ունեցող յուղեր, լեղամուղ, թույլ լուծողական, պարուրող, հակաբորբոքային, խորխաբեր, հանգստացնող, ցավամոքիչ հատկություններ։

Արևելյան բժշկությունն օգտագործում է թե՛ նշի և թե՛ ծիրանի ընկույզը` որպես հանգստացնող միջոց հազի և ստամոքսաբորբի դեպքում.- Մի քանի ժամ թրմում են սառը ջրում և խմում առաջացած կաթնագույն թուրմը։ Ախորժակի անկման, հազի դեպքում` խորհուրդ է տրվում 5-7 կաթիլ նշի կամ ծիրանի յուղը կաթեցնել կոշտ շաքարի փոքր կտորի վրա և ուտել։

Ծիրանի և նշի յուղերով բուժում են ականջի ցավը և աղմուկը, փորկապությունը, պառկելախոցը։ Դրանք մեծ կիրառում ունեն դեղագործության և գեղարարության մեջ։
Քաղցր նուշը և ծիրանի ընկույզը խորհուրդ է տրվում ուտել ուռուցքների, աչքերի և լեղուղիների հիվանդությունների, ճարպակալման, խոցերի, այրոցքի, մտավոր հոգնածության, պլևրիտի դեպքում։ Դառը ընկույզներն օգտակար են կանացի և երիկամների հիվանդությունների դեպքում։ Ապացուցված է, որ նուշը և ծիրանի կորիզի սերմն ուժեղացնում են իմունային համակարգը, նվազեցնում են բորբոքումները հյուսվածքներում, սերմերի կճեպն ունի պրեբիոտիկ ազդեցություն, նպաստում է օգտակար միկրոօրգանիզմների զարգացմանն աղիներում, նաև ճնշում է հերպեսի հարուցիչ վարակը։
Կանադայի գիտնականները պարզել են, որ ետճաշիկին կերած 5-6 հատ նուշն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և կանխարգելում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը. նման հատկություն ունի նաև ծիրանի կորիզի սերմը։
Իրոք որ, նշի և ծիրանի ընկույզները նման են ոչ միայն համով, այլև ունեն շատ նման հատկություններ։

Արարատյան դիցաբանություն (կրճատ)
«…Եվ աստվածամայրն ասաց.- Դուք պետք է ճաշակեք կենաց պտուղը։ Դա աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմը ինքը` Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ։ Գտիր կենաց պտուղը և այդ պտղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու։
Եվ Արփին ասաց.- Սուրբ է ինձ համար Աստվածամոր կամքը, բայց ինչպե՞ս գտնեմ կենաց պտուղը Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ։
– Դա միակ պտուղն է, որ ձեռքերով կիսվում է երկու մասերի։
Արփին սկսեց որոնել պտուղը, անցավ շատ ժամանակ։ Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արևագույն մի պտուղ։ Արփիի խնդրանքով Արին պոկեց միակ արևաթուշ պտուղը։ Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց պտուղը և կորիզն անջատվելով ընկավ գետնին։
– Ով Արայի երկրային որդի.- ասաց Արփին,- Սա կենաց պտուղն է։ Աստվածամոր կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանագ և սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ, որը հովանավորում էր Աստվածամայրը։

Կարդացեք նաև

  • Իսկ կենաց պտուղը կոչվեց ԾԻՐԱՆ»։

Ծիրան` ոսկյա պտղի կորիզի հրաշալի հատկությունները
«168 Ժամի» թիվ 70-ում նկարագրվել են ծիրանի պտղի, դրանից ստացված հյութի և չրի բուժիչ հատկությունները։
Հնագույն ժամանակներից բուժիչ նպատակներով օգտագործել են նաև ծիրանի պտղակորիզը։ Պարունակում է 35-60 տոկոս չչորացող ցածր թթվայնություն և ոչ բարձր մածուցիկություն ունեցող ճարպայուղ, սպիտակուց, ածխաջրեր, գլյուկոզիդ էմուլսին, ֆերմենտներ, ամիգդալին, վիտամինանման նյութեր B15 և B17 և այլն։

Ծիրանի յուղը
Ծիրանի յուղով շփել են վնասվածքներով ծնված երեխաներին` շարժողական ֆունկցիայի խանգարման դեպքում։ Ա. Ամասիացին գրել է. «Յուղը ոչնչացնում է ականջի որդերը»։
Մեր ժամանակներում ծիրանի յուղն օգտագործում են A, D, E և K վիտամինները լուծելու, ներարկումներ կատարելու համար, հեշտությամբ է անցնում ամենաբարակ ասեղի միջով։ Լավ ներծծվում և յուրացվում է հյուսվածքներում, չի առաջացնում կոշտուկներ ներարկումից հետո։ Յուղը հնագույն ժամանակներից օգտագործվել է գեղարարության մեջ։
Տիբեթում ծիրանի յուղն օգտագործում են ճաղատության դեպքում, նաև հոնքերի, թարթիչների աճեցման համար. Տաքացրեք յուղը, թրջեք բամբակյա խծուծից անջատված նեղ շերտը (2-3 մմ տրամագծով), դրեք հոնքերի (թարթիչների) վրա, ծածկեք կալկայով, ամրացրեք, հանեք 10-15 րոպեից։
Քսուք կոպերի խնամքի համար. Խառնեք 1-ական թ/գ ծիրանի և ձիթապտղի, կես թ/գ մասուրի յուղեր, 1 դեղապատիճ «Աևիտի» յուղային լուծույթ։ Բարակ շերտով (վրձնի օգնությամբ) քսեք կոպերին` քնելուց առաջ։
Լոսյոն. Խառնեք 1 ճ/գ ծիրանի և 1 թ/գ գերչակի յուղեր, 10 կաթիլ E վիտամինի յուղային լուծույթ։ Երեկոյան քսեք մաքուր մաշկին։

A

 

 

Ձեռքերի խնամք. Խառնեք 100-ական մլ տաք ջուր, վուշի տրորած սերմ, 1 թ/գ ծիրանի յուղ։ Ձեռքերը 15 րոպե պահեք լուծույթի մեջ, լվացեք գոլ ջրով։
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները հետևյալն են.

  • Փափկացնում և խոնավացնում է մաշկը,
  • կանխարգելում է մաշկի թեփոտումը,
  • արագացնում է էպիդերմիսի մահացած շերտի անջատումը և հեռացումը,
  • խթանում է կոլագենի և էլաստինի գոյացումը, ինչի շնորհիվ շատ հարմար է բարակ, զգայուն մաշկի խնամքի համար,
  • բուժում է բորբոքված մաշկը, ունի թարմացնող, երիտասարդացնող ազդեցություն,
  • վերականգնում է մաշկի գույնի միատարրությունը։

B15 վիտամին
1937թ. բուսաբան Է. Կրեբսը հայտնաբերել է ծիրանի մեջ պանգամի թթու, որը կոչվում է նաև կալցիում պանգամանտ։ Վեց տարի անց նյութը դասվել է վիտամինների շարքին (B15), չնայած դրա բացակայությունը չի կարող առաջացնել որևիցե հայտնի հիվանդություն։ Հետագայում B15-ը հայտնաբերվել է այլ պտուղների կորիզների, չմշակված բրնձի, լոբեղենի, սերմերի ածիկի մեջ։ B15 վիտամին է պարունակվում նաև ծիրանի պտղամսում։
B15 վիտամինի օգտակար հատկություններն են.

  • ավելացնում է բջիջների կյանքի տևողությունը,
  • նպաստում է թթվածնի յուրացմանը հյուսվածքներում,
  • նպաստում է լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումից հետո, թուլացնում է ալկոհոլային կախվածությունը,
  • կարգավորում է ճարպերի փոխանակման գործընթացը,
  • իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
  • խթանում է օրգանիզմի իմունային ակտիվությունը, հանում է հոգնածությունը և վերականգնում ուժերը,
  • խթանում է հիպոֆիզի և մակերիկամների գործունեությունը,
  • ժամանակավորապես իջեցնում է ճնշումը,
  • բարձրացնում է գլիկոգենի («էներգիայի») պարունակությունը լյարդում և մկաններում,

– ունի հակասկլերոտիկ ազդեցություն,

  • նպաստում է շնչառության լավացմանը։

B15 վիտամինի յուրացմանը խոչընդոտում են նիկոտինը, ալկոհոլը, հակամանրէ դեղահաբերը և այլն։
B15 վիտամինն արտադրվում է մի շարք երկրներում։ Հայտնի է մեկ օրվա անհրաժեշտ չափաբաժինը` 0,1-0,3 գ։

Ամիգդալին
Պարունակվում է ծիրանի, դեղձի, բալի, կեռասի, սալորի, խնձորի, տանձի և այլ պտուղների կորիզի մեջ, սերմի սաղմում (կորիզապտղում)։ Կա նաև նշում, որի գիտական անվանումն է` Amygdalis communis։

Գլիկոզիդ ամիգդալինը շատ է դառը նուշի մեջ, դեղձի կորիզում, վայրի ծիրանենու կորիզում` ամիգդալազա ֆերմենտի ազդեցության շնորհիվ, ծամելիս և աղեստամոքսային համակարգով անցնելու ընթացքում տրոհվում է երեք բաղադրիչների` գլյուկոզա, բենզալդեհիդ և կապտաթթու։ Վերջինը խիստ թունավոր նյութ է։
Պահպանվել է տեղեկատվություն այն մասին, որ Նապոլեոն Բոնապարտը կերել է օրական որոշակի քանակությամբ ծիրանի սերմ (հավանաբար դառնահամ), որպեսզի օրգանիզմում ձևավորվի հակաթույն կապտաթթվի դեմ։ Նրան երկու անգամ փորձել են թունավորել։

Դառնահամ են ՀՀ-ում հանդիպող` բնության մեջ աճող ծիրանենու տեսակների (վայրի) սերմերը։ Ի դեպ, դրա տերևները նշտարաձև են, ճյուղերի վրա կան ոչ սուր փշեր, պտուղները գնդաձև են` 1,5-2,5 սմ տրամագծով։ Բոլոր ծիրանենիներն էլ մեղրատու են. առատ և որակյալ բերք ստանալու համար անհրաժեշտ է, որ այգում լինեն նաև ծիրանենու վայրի տեսակները։

B17 վիտամին
Հայտնաբերվել է վերջին տարիներին, անմիջականորեն առնչվում է ամիգդալինի հետ. ամիգդալինի մոլեկուլի բեկոր է։
Առաջին անգամ հայտնաբերվել է` ծիրանի, այնուհետև` այլ բույսերի սերմերում։
Ապացուցված է, որ B17-ը (լետրիլ) ունի հակաուռուցքային հատկություն։ Սակավության դեպքում նկատվում են քրոնիկ հոգնածության ախտանիշեր։

Խորհուրդներ և ժողովրդական դեղատոմսեր
Տարբեր հեղինակներ նշում են, որ չի կարելի ուտել ավելի, քան 6-20 ծիրանի սերմ։ Նման տատանումը հավանաբար կախված է սերմի դառնության աստիճանից։
Բարձր ջերմաստիճանի տակ և երկարատև ջերմային մշակման ժամանակ կապտաթթու չի առաջանում։

Առանց ջերմային մշակման պատրաստված ոգելից խմիչքներում թույնի առաջացման վտանգը մեծ է։
Հազ. Խմեք 1-ական թ/գ ծիրանի սերմի փոշի` օրը 3-4 անգամ, կաթի կամ թեյի հետ։
Թոքերի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակի վուշի և ծիրանի կորիզի սերմեր, աղացեք, պահեք հով տեղում։
Ուտելուց առաջ 1 ճ/գ խառնուրդը լուծեք 100 գ հալած (արդար) յուղի հետ, քսեք հացին, կերեք։
Լյարդի ճարպակալում. Կերեք օրը 5-6 հատ կորիզի դառը սերմ։ Միաժամանակ պատրաստեք հետևյալ թուրմը.

  • Խառնեք դաղձի չոր տերևը և անիսոնի (չամանի կամ հոռոմ-սամիթի) տրորած սերմը (1։1)։ 1 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` փոքր կումերով։ Շարունակեք մեկ ամիս, կրկնեք 1 շաբաթ։ Կարելի է խմել երկար ժամանակ։

Առիթմիա. Խառնեք կեսական կգ կիտրոնի քերվածք (առանց կորիզի), մեղր, ծիրանի մանրացրած ընկույզ, 7 օր թրմեք հով տեղում։ Կերեք 1-ական ճ/գ նախաճաշից և ընթրիքից կես ժամ առաջ։
Աթերոսկլերոզ. Խառնեք 100-ական գ աղացած ծիրանի չիր և փոշիացրած ընկույզ։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից։

  • Խառնեք 200-ական գ վայրի ծիրանի (դառնահամ) և պնդուկ անտառայինի մանրացրած ընկույզներ, 300 գ մեղր, երեք օր թրմեք, ավելացրեք 4-ական միջին չափի աղացած կիտրոն և սխտոր (կճեպով), պահեք հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Ծիրանի խեժ
Խեժը պաշտպանում է ծառը վնասակար միջատներից, բակտերիաներից, սնկերից։ Խեժն ունի արյունը մաքրող, ներքին և արտաքին վերքերը բուժող հատկություն. Խմեք 2-ական գրամ` օրը 2-3 անգամ։

  • Չորացրած խեժի փոշին խառնեք լանոլինի և ծիրանի յուղերի, մեղվամոմի հետ (4։2։2։1), 2 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Քսեք վերքերին։

Հորմոնալ համակարգը կարգավորող, արգանդի միոմա. Չորացրեք, փոշիացրեք, խառնեք ծիրանենու և թթենու արմատները (1։1) 2 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք ջերմապահում` 500 մլ եռջրում։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Գորտնուկ, պապիլոմա. Խառնեք 50 գ ծիրանենու ծաղկաբողբոջ, 100 մլ քացախաթթու, 2 կիտրոնի աղացած կեղև։ 21 օր թրմեք կիպ փակված տարայում, քամեք։ Քնելուց առաջ քսեք գորտնուկին, շարունակեք 1 ամիս (առողջ մաշկին չքսեք)։
Վերքերից, կտրվածքից հետո մնացած հետքեր, արևայրուք, ցրտահարություն. Մշակեք մաշկը ծիրանի պտղամսով։
Երիտասարդացնող. Խառնեք 50 գ սերուցք, 30 գ ծիրանենու ծաղկաթերթ, 1 ճ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ մեղր։ Մաքրեք դեմքը, քսեք բարակ շերտով` քնելուց առաջ, առավոտյան լվացեք գոլ ջրով։

Ծիրանի քացախ
Պատրաստեք օշարակ. 1 լ տաք ջրում լուծեք 200 գ շաքարավազ։ Լվացած, տրորած ծիրանը լցրեք արծնապատ տարայի մեջ, ավելացրեք գոլ օշարակ, որը պետք է 3-4 սմ-ով բարձր լինի հումքի մակերեսից։ 15 օր թրմեք մութ տեղում, օրը 2-3 անգամ խառնեք փայտե գդալով, որպեսզի դուրս գա կուտակված գազը և մակերեսի վրա չառաջանա կարծր շերտ։ Լցրեք ապակյա տարաների մեջ, պահեք մութ, հով տեղում։

  • 1 ճ/գ լուծեք 200 մլ ջրում, խմեք նախաճաշից կես ժամ առաջ։ Երեխաներին կարելի է խմեցնել մինչև 1 թ/գ։

Օգտակար հատկություններն են.

  • Կարգավորում է մարսողական համակարգը, մաքրում է արյունը, վերացնում է ներքին այտուցվածությունները։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս