Օբյեկտիվ փորձաքննության դեպքում Հրաչյա Հարությունյանը կարող է արդարացվել

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի գույնզգույն խալաթով դատարանի դահլիճ բերելը, ըստ իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանի` ոչ մի կերպ չի կարող արդարացվել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ամեն դեպքում մարդու իրավունքները խախտվել են` անկախ նրանից, թե ի՞նչ հիմնավորում են տվել դատարանի ներկայացուցիչները համապատասխան պատշաճ հագուստ չունենալու վերաբերյալ: «Տհաճ իրավիճակ է: Դատավարական մանրուքներին ծանոթ չեմ, որ առարկայական կարծիք հայտնեմ, բայց այն, ինչ մենք տեսանք, խոսքս կանացի խալաթի մասին է, ստորացուցիչ էր ու ոչ մի կերպ արդարացված չէր: Այն անթույլատրելի էր»,- նշեց նախկին դատավորը: Ըստ նրա` Հ. Հարությունյանը կարող է անմեղ ճանաչվել` արդարացվել, եթե պարզվի, որ վթարի պատճառը «Կամազի» շահագործման կանոնների խախտումն ու մեքենայի անսարքությունն է եղել:

«Երբ Հ. Հարությունյանը ցուցմունք տա, պատմի, որ արգելակները չեն աշխատել, նշանակվի փորձաքննություն, ամեն ինչ` կպարզի: Հարցը նրանում է, որ օտար` շովինիստ ՌԴ-ում մեծ քանակով զոհեր են եղել, ու նրանց համար Հ. Հարությունյանը քավության նոխազ պետք է դառնա` անգամ, եթե օբյեկտիվորեն անմեղ է եղել, ու իրական մեղավորը մեքենան տրամադրողն է: Հենց դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքը կլինի մեքենայի անսարքությունը, որի պարագայում շահագործումն անթույլատրելի էր` նրան կարդարացնեն»,- նշեց Պ. Օհանյանը` ավելացնելով, որ փորձաքննության անցկացման մեթոդական պարզագույն է, մնում է` այն օբյեկտիվ փորձագետների կողմից անցկացվի: Նրա հավաստմամբ, հասարակական ակտիվությունը կարող է ճնշել ՌԴ-ին` դատական արդար գործընթացի անցկացման հարցում, իսկ ՀՀ-ի կողմից տրամադրված փորձագետը փորձաքննությանը մասնակցելու միջոցով կարող է վերահսկելու հնարավորություն ունենալ:

«Նման դեպքերում օբյեկտիվ քննությունը քիչ հավանական է լինում: Որովհետև, ցավոք սրտի, գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ` մեղավորության. միանգամից ասել են` 18 զոհ է եղել` այ ախպեր, իսկ դու անմեղության կանխավարկածի՞ց ես խոսում: Չեմ հավատում, որ կարդարացվի: Եթե մի տարի էլ նա ՌԴ-ում նստի` ողջ դուրս չի գա: Ողջ դուրս չի գա այն առումով, ինչ առումով որ խալաթ էին հագցրել»,- նշեց նա: Հարցին, թե պետական մակարդակով, բացի հասարակական ճնշումից, կարո՞ղ է որևէ քայլ իրականացվել, նա դժվարացավ պատասխանել` պատճառաբանելով, թե քաղաքականության մեջ ՀՀ իշխանությունները ՌԴ իշխանությանը դեմ ոչինչ անել չեն կարող, այն էլ` մի հոգու ճակատագրի հարցում: Բացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ուսումնասիրության մասին պահանջից, այլ դիմումներ ՀՀ-ից չեղան: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ են պետական մակարդակով պահանջները ազդել դատավարության ընթացքի վրա: Ի պատասխան` Պ. Օհանյանը հորդորեց «պահանջ» բառից խուսափել, այն հիմնավորմամբ, որ մենք «շատ փոքր երկիր ենք», ապա նշեց, որ միջպետական համաձայնագրեր կան, որոնք հնարավորություն տալիս են դիմելու ՌԴ-ին. «Կարելի է պետական մակարդակով բողոքի նոտա հղել նախ` նրա համար, թե ինչո՞ւ են խալաթ հագցրել: Այլ հարց է, թե պատճառն իսկական ո՞րն է: Գուցե հագուստ չի եղել` ինչ կար` էն են հագցրել: Բայց նույն հաջողությամբ էլ կարող ենք ասել, թե տղամարդու մի վերնաշապիկ, շալվար չի՞ եղել, որ գունավոր խալաթ եք հագցրել: Սա ցինիկ վերաբերմունք է ՀՀ քաղաքացու ու ընդհանրապես մարդու նկատմամբ»: Հարցին` ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել Հ.Հարությունյանին ՀՀ-ում դատելու կամ, վերջին հաշվով, պատժաժամկետը ՀՀ-ում անցկացնելու համար, նախկին դատավորը հիշեցրեց, որ նման նախադեպեր եղել են, ապա շեշտեց. «ՄԻՊ-ը պետք է խնդրի: Երբ լսեցի, որ պահանջել է Կ. Անդրեասյանը, զարմացագ Միջպետական համաձայնագրերի հիման վրա կարելի է բանակցել այս հարցում և ոչ թե պահանջել»:
«168 ԺԱՄ»

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս