Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերն ավանդույթի են վերածվել ու ժամանակավրեպ են
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի համոզմամբ, առանց որևէ փաստաթղթի, հավաքի նպատակին կամ գաղափարին ծանոթ լինելու, տեղին չէ պատասխան հայտարարություններ անել` ընդունել կամ չընդունել հրավերները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն` ադրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կլոր սեղան հրավիրելու և համազգային քննարկում կազմակերպելու կոչին:
«Նախաձեռնողական քայլերը` կոչերի, առաջարկների տեսքով, նախկինում էլ մենք տեսել ենք: Եթե սրա մեջ կոնստրուկտիվ, առողջ գործողությունների մեկ հատիկ անգամ կա, ապա ողջունում եմ: Բայց ընդամենը հայտարարությունով կամ ասելով՝ տեղին չէ ընդունել կամ չընդունել կոչը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես մտահոգ է, կարող է գալ, միանալ, նստել ու քննարկել մեզ հետ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Վերջինս նշեց, որ իր համար ճշմարտության հատիկ կա այն տեսակետների մեջ, որ «Ժառանգության» առաջնորդի կոչերն ավանդույթի են վերածվել ու այլևս ժամանակավրեպ են: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ չէր ցանկանա նման դիրքորոշում հայտնել` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անցած քաղաքական ճանապարհը: «Ժամանակին մարդիկ հավատում էին նրա խոսքին, բայց նա շատ շուտ կորցրեց ժողովրդի վստահությունը: Ցավով եմ նշում սրա մասին, որովհետև ինքը կարող էր կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը, որն այսօր ավելի կազմակերպված ու առողջ ընդդիմության առկայության հնարավորություն կտար` մեծ օգուտ բերելով երկրին»,- ընդգծեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց կլոր սեղանի շուրջ տեսնել նաև ՀՀԿ-ին` հայտարարելով. «ՀԱԿ լինի, ՀԱԿ-ից դուրս եկած գործընկերներ լինեն, Դաշնակցություն թե քաղաքացիական նախաձեռնություններ, ոչ կառավարական, ոչ ընդդիմադիր «Բարգավաճ», ամեն մեկը… այո, այդքան ընտրագողությունից, կեղծարարությունից հետո ավելացնում եմ նաև Հանրապետականին այս շարքին` ասելով, որ դանակը պետական ոսկորին է հասնում»:
Այս առնչությամբ հարցրինք` հայտարարության մեջ կա՞ ՀՀԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն: Ի պատասխան, սակայն, Հովհաննես Սահակյանը նշեց. «Չեմ կարծում, թե այստեղ խնդիրն իշխանության հետ համագործակցելն է: Մեր պատկերացմամբ, խոսքը լայն ճակատով աշխատելու մասին է, որ կարողանանք ապահովել մի շարք հարցերի լուծումներ: Իսկ սրա համար բոլորի քրտնաջան, նվիրված աշխատանքն է պետք: Ընդդիմություն-իշխանություն համագործակցության տեսանկյունից նայել, կարծում եմ, այս հարցին պետք չէ: Բայց դե, մենք ամբողջ քաղաքական դաշտում մեծամասնություն ենք, ու բոլոր քաղաքական ուժերը կցանկանան ՀՀԿ-ի հետ համագործակցել»: Նա նշեց, որ ՀՀԿ-ն առողջ խնդիրների շուրջ համագործակցության ու քննարկման համար բաց է: