Բաժիններ՝

«Բարև Երևան»-ի կոչը՝ ուղեվարձի թանկացման վերաբերյալ

«Բարև Երևան» խմբակցությունը Երևանի ավագանիում և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին կոչ  է անում ավագանում և ԱԺ արտահերթ նիստեր գումարել՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի և ոլորտի արդիականացման հարցերով:   Խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում գործող իշխանությունների կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված թանկացման որոշման կապակցությամբ, միաժամանակ, համոզմունք հայտնելով, որ «մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու և աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը և որում ներքաշված է Երևանի քաղաքապետարանն ի դեմս «Երևանտրանս» ՓԲԸ-ի»:   Որպես հիմնավորում խմբակցությոնը բերում է հետևյալ փաստերը.

«1. Տարիներ շարունակ ուղևորափոխադրում կազմակերպող կազմակերպությունների հետ «Երևանտրանս» ՓԲԸ-ի կնքած պայմանագրերով յուրաքանչյուր փոխադրամիջոցից ամսական գանձվում է 16. 500 դրամ՝ որպես չվացուցակների և չվերթերի վերահսկողության ու սպասարկման վարձավճար, այն դեպքում, երբ դա, ՀՀ կառավարության 2001թ. 762 որոշման համաձայն, իրականացվում է փոխադրողի կողմից,

2. սույն կազմակերպությունը յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար օրական ևս 300-500 դրամ է շորթում իր կողմից ներմուծված միջանկյալ՝ երրորդ ենթակարգավարի կողմից կեղծ չվացուցակներ «կնքելու» դիմաց. պետական մակարդակով այսպիսի բացահայտ դրամաշորթությունները առանց այդ էլ անհարկի բարձրացրել են հասարակական տրանսպորտի ուղեվարձը, և այժմ դրանք հանելով՝ քաղաքային իշխանությունները կարող էին խուսափել ուղեվարձի թանկացման որոշում կայացնելուց,

3. իշխանությունները կարող էին նաև դիտարկել ուղևորափոխադրողներին հարկային արտոնություն տրամադրելու հարցը՝ նրանց ազատելով կամ էապես նվազեցնելով փոխադրամիջոցների համար սահմանված արտոնագրային վճարները, որոնք ներկա դրությամբ ամսական կազմում են 44.000 դրամ ավտոբուսների և 33.000 դրամ՝ միկրոավտոբուսների համար»:    Խմբակցությունը նաև հայտարարում է, որ կառավարությունը կարող էր նաև դիտարկել հասարակական տրանսպորտի սուբսիդավորման կամ վառելիքի համար դոտացիա տրամադրելու հնարավորությունները, հավելելով. «Սակայն ո՛չ կենտրոնական, ո՛չ էլ քաղաքային իշխանությունները թվարկված որևէ տարբերակ չքննարկեցին ու չդիտարկեցին, որպեսզի հասարակությունն ուղղակիորեն չզգա գազի գնի թանկացման հետևանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս