Բաժիններ՝

Շենավանում գյուղացին դատի է տվել գյուղապետին. գյուղում կրքերը չեն հանդարտվում

Արդեն 10 օր է՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները բաժանվել են երկու խմբի. մի մասն՝ ընդդեմ գյուղապետի, մյուս մասը՝ ի պաշտպանություն գյուղապետի: Պատճառն այն է, որ գյուղապետ Արթուր Մկրտչյանի դեմ  հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

Հաղորդումը ներկայացրել է Մկրտչյանի համագյուղացի Հովիկ Սիմոնյանը: Նրա ներկայացրած դիմումի համաձայն՝ Արթուր Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է կառավարությունից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել: Գյուղապետարանը բյուջեից գումարներ է դուրս գրել նաև անապահով ընտանիքներին օգնելու համար, սակայն այդ գումարները բաժանել է այն ընտանիքներին, որոնց գյուղապետը պարտք է եղել: «Ես ուզում եմ հասկանամ, ինչո՞ւ է  գյուղապետը խաբում իր բնակիչներին: Ի՞նչ է արել գյուղապետը 2,5 միլիոն դրամը: Դա գյուղի բյուջեն է, ինչո՞ւ է իր անձնական նպատակների վրա ծախսել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է Սիմոնյանն ու հավելում, որ իրեն մտերիմներն են ասել, որ գյուղապետը պաշտոնական դիրքը չարաշահում է: Ինքն էլ որոշել է պարզել. նախ՝ դիմել է գյուղապետին, սակայն պատասխան չի ստացել և որոշել է իրավապահ մարմինների օժանդակությամբ պարզաբանում ստանալ:

Գյուղապետի կողմնակիցներն էլ չեն հավատում, որ Մկրտչյանն ընդունակ է նման քայլի: Մի մասն ասում է, որ սուտ է, մյուս մասն էլ Սիմոնյանին խորհուրդ է տալիս իր խնդիրներով ապրել: «Ի՞նչ ենք կորցրել, ինչի՞ հետևից ենք ընկել, բալա ջան»,- ասում է Քնքուշ տատիկն ու հավելում, որ գյուղն ու գյուղացին այնքան պրոբլեմ ունեն, որ իրենց աչքին գյուղապետի ապօրինությունները չեն գալիս;

«Շենավանն այն գյուղերից է, որ գարնանային կարկտահարության ժամանակ շատ է տուժել: Վերջին ամիսներին գյուղից 42 հոգի մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան պարտքերը վճարել»,- ասում է շենավանցի Հովսեփն ու խորհուրդ տալիս համագյուղացի Հովիկին՝ աղմուկ չբարձրացնել:

Կարդացեք նաև

Հովիկ Սիմոնյանն էլ ընդդիմանում է: Ինչո՞ւ պետք է լռի, երբ իր և իր համագյուղացիների իրավունքները խախտվում են, ու իրենց գյուղի համար նախատեսված գումարներն անհայտ ուղղությամբ են գնում: Սիմոնյանը հավաստիացնում է, որ պայքարելու է մինչև վերջ ու հասնելու է արդարության:

Այս առնչությամբ գյուղապետը հայտարարություններ չի անում: Գյուղապետարանում նրան հանդիպել չկարողացանք: Ասացին՝ կարևոր գործերով դուրս է եկել: Գյուղապետարանի աշխատակիցները խուսափեցին հարցազրույցից՝ նշելով, որ մանրամասներին տեղյակ չեն ու չեն կարող մեկնաբանություն տալ: Ինչ վերաբերում է գյուղապետին, արդեն երրորդ օրն է՝  նրա  հեռախոսն անջատված է:

Ինչևէ, մեղավորը գյուղապե՞տն է, թե՞ գյուղացին չարախոսում է՝ կպարզեն իրավապահ մարմինները: Հովիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է կառավարությանն առընթեր Ոստիկանության Արմավիրի բաժինը: Ոստիկանության Արմավիրի բաժնից  168.am-ին ասացին, որ ընթանում է նախաքննություն, և գործի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն կարող հրապարակել:

Արմավիրի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս