
Անկարան մտադիր չէ որևէ մեկին տալ թուրքական տարածքից անգամ փոքրիկ քար. Դավութօղլու

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրեր առաջ արած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ դրանում ասվում էր, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի սերունդները պետք է ստանան նյութական փոխհատուցում, Հայ առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն հրաշքով կանգուն մնացած վանքերը և եկեղեցապատկան հողերը, իսկ Հայաստանը պետք է վերադարձնի իր կորցրած տարածքները:
Դավութօղլուն հայտարարել է. «Անկարան մտադիր չէ որևէ մեկին տալ թուրքական տարածքից անգամ փոքրիկ քար: Նրանք, ովքեր հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններով, արդյունքում կտուժեն այդ դիրքորոշումից:
Թուրքիայի կողմից տարածքային զիջումների թեման բարձրացնողները պետք է իմանան իրենց չափը: Անգամ այդ մասին մտածելն անհեթեթություն է: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ Կովկաս, ապա յուրաքանչյուր երկիր պետք է իմանա իր չափն ու սահմանները: Հակառակ դեպքում առաջին հերթին կտուժեն նրանք, ովքեր հավակնություններ ունեն իրենց հարևանների նկատմամբ»: