Ո՞վ է վթարի ենթարկված «Կամազ»-ի սեփականատերը
Մասնագետների հավաստմամբ, ՌԴ քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին հնարավոր է դատապարտեն 7 տարվա ազատազրկման: Բայց իբրև մեղմացուցիչ հանգամանք տվյալ դեպքում կարող է ճանաչվել նրա վարած մեքենայի անսարքությունը` արգելակների խափանված վիճակը:
Հ. Հարությունյանի պաշտպանը նույնպես կարծում է, որ վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունն ու պատասխանատվությունն ընկնում է տվյալ կազմակերպության վրա: Ըստ Հարությունյանի պաշտպանի` բեռնատարի արգելակները հրաժարվել են աշխատել ու Հ. Հարությունյանը մեծացրել է արագությունը՝ շուռ տալու համար «Կամազ» մեքենան գետնին, որպեսզի խուսափի վթարից: Իսկ ո՞վ է մեքենայի սեփականատերը: Ի՞նչ կազմակերպություն է տրամադրել այդ մեքենան:
Հիշեցնենք, որ «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքը հաղորդել էր, թե երբ բեռնատարի սեփականատիրոջ եղբայրը հեռուստատեսությամբ տեսնել էր վթարը, շտապել էր հիվանդանոց՝ մտածելով, թե վթարի ենթարկվածն իր եղբայրն է, քանի որ այդ մեքենան պատկանում է իր եղբորը: Նա միայն հիվանդանոցում էր պարզել, որ ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը:
Ուշագրավ է, սակայն, որ NTV ալիքով ավտոմեքենայի սեփականատեր Համլետ Գուլակյանն ասել է, որ ինքը երկու տարի առաջ ավտոմեքենան բարվոք վիճակում վաճառել է: Գուլակյանը չի բացառել, որ նոր տերերը չեն հետևել մեքենային ու այն դարձել է անսարքության պատճառ:
«Մինչև վաճառելը մենք մենեքնան ներկայացրել ենք ճանապարհային ոստիկանություն, իրենք ստուգումներ են կատարել: Հետազոտությունից հետո քարտ է լրացվում, որ մեքենան բարվոք վիճակում է և նոր միայն այն վաճառում են: Նրանք, ովքեր հետո գնել են մեքենան, ևս տեխզննումն անցկացրել են»,- ասել է Համլետ Գուլանյանը:
Ի դեպ, «Ռոսսիա 1» հեռուստաալիքը, ինչպես ներկայացված է թողարկման ռեպորտաժում, այցելել է Համլետ Գուլակյանի անվամբ գրանցված` «ООО «СТРОЙАВТОСЕРВИС» ընկերության հասցեով, սակայն ոչինչ չի գտել: «Մասնավոր ընկերությունն անհետացել է: Նման հասցեով կազմակերպություն չկա ու երբեք էլ չի եղել»,- հայտարարել է լրագրողը:
168.am-ը փորձեց կապ հաստատել այն հեռախոսահամարներով, որոնք համացանցում ներկայաված են որպես կազմակերպության պաշտոնական տվյալներ: Սակայն նշված հեռախոսահարներից ոչ մեկը գոյություն չուներ:
Ի դեպ, Համլետ Գուլակյանի անունով գրանցված «ООО «СТРОЙАВТОСЕРВИС»» ընկերությունը միակը չէ: Ըստ rusceo.com և www.catalogfactory.ru կայքերի` Գուլանյանը ևս երկու նմանատիպ կազմակերպության ղեկավարն է: Խոսքը «ООО «ММС»» և «ООО »АВТОСЕРВИС-09»» կազմակերպությունների մասին է, որոնք, ըստ վերոնշյալ կայքի տվյալների, ռեեստրում հաշվառված են մեկը` 2002թ., մյուսը` 2009 թվականին: Փորձեցինք Գուլակյանին գտնել այս կազմակերպությունների միջոցով, բայց որքան էլ զարմանալի է, չեն աշխատում նաև այս ընկերությունների հեռախոսահամարները: