Բաժիններ՝

3000-5000 դոլար կաշառք՝ Երևանի դպրոցում աշխատանքի ընդունվելու համար

«Կարող եք շնորհավորել. դպրոցում աշխատանքս ստացվում է. տնօրենը հավանել է իմ փորձնական փուլն ու ասել, որ սեպտեմբերից կաշխատեմ: Ու լավ է` ընդամենը 3000 դոլար պետք է տամ` որպես աշխատանքի անցնելու շնորհակալություն: Կենտրոնի դպրոցներում «շնորհակալությունն» ավելի թանկ է` մոտ 5000 դոլար»: Երիտասարդ այս աղջիկը երջանիկ է, որ մշտական աշխատանքի է անցնում դպրոցում: Բողոքել, ինչ-որ տեղ հայտնել այս մասին նրա մտքով անգամ չի անցնում, քանի որ, ինչպես նշեցի, սա նրա համար եզակի հնարավորություն է: Ինքս ճանաչում եմ աղջկան, գիտեմ դպրոցը, տնօրենին, սակայն, հասկանալի է, աշխատանքի անցած ուսուցչուհին խնդրեց, որ որևէ տվյալ չհրապարակեմ: Ճանաչում եմ Կենտրոնի այն տնօրենին, ով իմ հարազատներից մեկից կաշառք էր պահանջել` անգլերենի ուսուցչի աշխատանքը դասավորելու համար: Աղջիկը գումարը չտվեց, և մինչ օրս անգործ է: Իսկ փաստի մասին բարձրաձայն ասել չի համարձակվում: Ինքս էլ, չունենալով նրա համաձայնությունը, չեմ կարող կոնկրետ տվյալներ հրապարակել:

Բոլորը, ովքեր բարեբախտություն ունեն կաշառքով աշխատանքի տեղավորվել դպրոցներում, այդ մասին հրապարակային չեն հայտարարում: Այս թեմայով բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն իրավապահներն ու համապատասխան չինովնիկները ձևացնում են, թե այդ հրապարակումները չեն ընթերցել կամ դրանց իսկությունը կասկածելի է: Դպրոցներում աշխատանքի անցնելու համար կաշառք տալը ոչ թե լոկալ, այլ զանգվածային երևույթ է:

Որքան ճանաչում եմ մեր իրականությունը, աշխատանքի ընդունված յուրաքանչյուր կադրի համար 3000-5000 դոլար կաշառք վերցնել` առանց վերադասի, այս դեպքում` առանց վարչական շրջանի կամ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների իմացության, անհնար է: Իսկ այն, որ երկար տարիների այս ավանդույթն այսպես անխափան աշխատում է, թույլ է տալիս ենթադրել, որ սա մի կանոնակարգված, ժամացույցի ճշգրտությամբ աշխատող մեխանիզմ է:

Եվ մինչ մայրաքաղաքի դպրոցներում անշլագ է. մայրաքաղաքի դպրոցները (նաև մանկապարտեզները) գերբեռնված են, լրիվ այլ պատկեր է սահմանամերձ գյուղերում: Մարզերում ուսուցիչների տեղավորման հարցերով ևս զբաղվում են անձամբ մարզպետներն ու կրթության մարզային վարչությունների ղեկավարները: Սակայն սա վնասի կեսն է:

Օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցադրեց ԲՀԿ առաջնորդի բարեգործության հերթական սերիան` երիտասարդ կուսակցականները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին մարզահագուստ ու գնդակներ նվիրեցին: Ռեպորտաժի իրադարձությունները զարգանում էին Բարեկամավան գյուղում: Երախտապարտ ուսուցիչները յուրաքանչյուր նվիրած գնդակի համար առանձին շնորհակալություն հայտնեցին և արևշատություն մաղթեցին Գագիկ Ծառուկյանին: Սակայն այս դեպքում սա էլ էական չէ: Միանգամից մի քանի գնդակ նույն տարածության մեջ դպրոցի երեխաները երբևէ չէին տեսել: «Գնդակ» բառը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ռետինե կլոր խաղալիքը չէ: «Գնդակն» այստեղ թշնամու փամփուշտն է, որից երեխաները շատ են տեսել:

Եվ գույնզգույն, ոչ թշնամու կրակակետից իրենց հասած այդ անվնաս գնդակներից երեխաները միանգամից երջանկացան. «Առաջ գնդակ չունեինք, հիմա գնդակ ունենք: Կարանք խաղանք ընկերների հետ»: Մեկ այլ երեխա. «Գնդակ կար, բայց մի հատ էր, քիչ էր, բոլորին չէր հասնում: Դե հիմա բերել եք, բոլորիս կհասնի, բոլորս էլ կխաղանք»: Բարեկամավան գյուղի դպրոցում սովորում է 34 աշակերտ: Այսինքն` յուրաքանչյուր դասարանում կա 2-3, լավագույն դեպքում` 4 աշակերտ: Նման դեպքերում արդեն ուսուցիչների անհրաժեշտությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներում ավելի քիչ է, քան գնդակինը: Բարեկամավանի դպրոցում առաջին, երկրորդ և երրորդ դասարանցիների դասապրոցեսը տեղի է ունենում նույն դասարանում:

Եթե գյուղի դպրոցում գնդա՛կ չկար, գյուղապետարանում չկար համակարգիչ: Փաստորեն, գյուղի տարեգրության մեջ կարող է նշվել, որ գյուղապետարան համակարգիչ առաջին անգամ մուտք է գործել 2013-ի հուլիսին: Երբ համակարգիչը հանձնվեց գյուղապետարանի աշխատակցին, երախտապարտ այդ մարդն ասաց. «Խոստանում եմ, որ ողջ համայնքը կօգտվի սրանից»…

Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ գյուղում` Դովեղում, եղել եմ անցյալ տարի: Ճանապարհին կենդանի շունչ տեսնել չհաջողվեց: Ընդամենը մի քանի հավ, ու վերջ: Եղա դպրոցում. դասի ժամանակ երեխաները պատուհանից տեսնում են հակառակորդի նշանակետը: Այսինքն` դպրոցն ուղիղ ադրբեջանցիների նշանակետի թիրախում է:
Արճիս գյուղում կա մեկ դպրոց: Այս տարի դպրոցում կար երկու 12-րդ դասարան: Այս տարի, ըստ գյուղի ուսուցիչներից մեկի, չեն կարողանում գոնե մեկ առաջին դասարան հավաքել: Կողբ գյուղում յուրաքանչյուր երկրորդ տուն կողպված է: Այստեղ համեմատաբար շունչ կա` ի հաշիվ պայմանագրային զինծառայողների, որոնք իրենց ծառայությունն անց են կացնում գյուղի զորամասում:

Մայրաքաղաքում կաշառք վերցնող մանկապարտեզների և դպրոցների շիկամազ և պճնված տնօրինուհիները, նրանց ղեկավարները, ղեկավարների ղեկավարները, պատկերացնում եմ, որքան են ամեն անգամ տխրում` լսելով, թե ինչ պայմաններում են աշխատում սահմանամերձ գյուղերի` հիմնականում ոչ այնքան խնամված, բացակա ատամներով և ժամանակից շուտ ծերացած ուսուցիչները: Որքան հասուն են փամփուշտները խաղալիք դարձրած, ռուսերեն բառերն արտաբերելիս` ծիծաղից ուշաթափվող երեխաներըգ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս