Ինչ եղավ Պուտինի հետ եղբայրությունը
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համար մտահոգիչ է, թե ինչո՞ւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվում: «Մենք չգիտենք` ի՞նչ են ստորագրելու: Դուք գիտե՞ք, թե ինչ են նախաստորագրելու: Չե՞ք մտածել` ինչո՞ւ են այդ տեքստը գաղտնի պահում: Մի խումբ մարդիկ միշտ ասում են, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ թաքուն են արվում, իսկ Եվրոպան թափանցիկ համագործակցության կողմնակից է, բաց է հասարակարգը: Բա ինչո՞ւ են թաքուն պահում բովանդակությունը, եթե այդպես է»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը: Փաստաթղթի բովանադակության հրապարակումն, ըստ նրա, ոչ թե իրականությունը «պեղելու» առիթ կստեղծեր, ինչով հիմա զբաղված են շատերը, այլ` կտար այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք մինչ հիմա «օդից կախված» են: Սա է պատճառը, որ Արամ Կարապետյանը չի էլ կարող գնահատական տալ, թե արդյոք Ռուսաստանի կողմից նախաստորագրման հարցում ճնշումներ կա՞ն, թե՞ ոչ. «Մենք հիմա խոսում ենք վերացական մի թղթի մասին: Ոչ մեկս էլ չգիտենք, թե ի՞նչ է գրված այնտեղ, ու դրա համար չենք կարող ենթադրել կամ դրանից եզրակացնել` Ռուսաստանն ունի՞ ճնշելու կարիք, թե՞ ոչ:
Եվ, բացի այդ, ի՞նչ կարևոր է դա: Ես չգիտեմ` այդ ճնշումը կա՞, թե՞ չկա: Սերժ Սարգսյանը կիմանա միայն դրա մասին… Բոլոր փոխհարաբերություններն իրենք են ճշտում: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը Պուտինի լավագույն ընկերները չէի՞ն: Էդ ի՞նչ կատարվեց, որ հիմա մեզ ճնշում են: Չէի՞ն ասում, որ եղբայրություն ենք…»: Արամ Կարապետյանի հավաստմամբ, Ասոցացման համաձայնագրի ու դրանից բխող իբրև ճնշման մասին խոսակցությունները ներքաղաքական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար են շրջանառվում. «Այլապես ո՞նց կարող ենք քննարկել մի բան, որը մենք չգիտենք: Չգիտենք` ի՞նչ է գրված, ի՞նչ ձևով է գրված, չգիտենք, թե այդ պայմանագրից հայ-ռուսական փոխհարաբերությունները վատթարանալո՞ւ են, որ ճնշումներ լինեն, թե՞ չէ:
Այս թոհուբոհն օֆշորից, թալանից, արտագաղթից, մեծերին գլխից բռնելու խոստումներից, արդյունաբերության «մայրիկը լացացնելուց» և նման մի շարք այլ երևույթներից շեղելու համար են արվում: Մեր ներքաղաքական խնդիրները հիմա այնքան շատ են, որ երկրից դուրս խնդիրներից խոսելը, թե ճնշումներ կան, մեկը սենց է ասում, երրորդը` նենց, լավագույն տարբերակն է դրանցից խուսափելու համար: Արտագաղթը շարունակվում է` ստեղ էլ ո՞վ պետք է մնա, որ նախաստորագրիգ»: Իսկ քանի որ բոլորը մասնակից են դառնում այս «վիրտուալ» խոսակցություններին, իշխանություններին, Ա. Կարապետյանի խոսքով, հաջողվում է ստվերել ներքաղաքական խնդիրները. «Մեկը չկա, ասի` տղերք ջան, հլը մի րոպե, հասկացանք` պայմանագիր ա, իրա կյանքով ապրում ա, բայց չտպե՞նք էդ` գոնե տեսնենք»: Նա վստահեցրեց, որ Ասոցացման պայմանագրի բովանդակությունը «գաղտնի պահելու» հարցում շահագրգռված է Հայաստանը, ոչ թե Եվրոպան: «Ինչքան ես գիտեմ, Եվրոպան կատեգորիկ պնդում է, որ պայմանագիրը հենց հիմա հրապարակվի, դրվի հասարակական քննարկման: Եթե ինչ-որ բան չի հրապարակվում, ուրեմն որևէ բան թաքցնելու խնդիր կա, հավանաբար, մեր իշխանություններին ձեռնտու չէ այն, ինչ գրված է: Թե այնտեղ ի՞նչ կա` Ղարաբաղի՞ սահմանների՞, Ադրբեջա՞նի հետ կապված հարցեր, որ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում լինի անպայմանգ ո՞վ գիտի` ի՞նչ կա գրված»:
Ըստ նրա` միայն փաստաթղթի հրապարակումից հետո կարելի է «լուրջ» խոսել այս թեմայով, եզրակացություններ անել, թե այն գեոքաղաքական ի՞նչ դաշտ կարող է ստեղծել, կարո՞ղ է «անհանգստացնել» ՌԴ-ին, թե՞ ոչ: Արամ Կարապետյանը համաձայն է, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունները վատթարանում են, բայց թե ինչի՞ արդյունքում, պատասխանել դժվարացավ. «Չեմ կարող ասել` ինչո՞ւ է այդպես: Գուցե այդ պայմանագրի մեջ կետեր կան, որոնք դուր չեն գալիս նրանց, գուցե Հայաստանը կատարում է քայլեր, որոնք դեմ են ինչ-որ սկզբունքների: Չգիտեմ` չեմ կարող ասել: Բայց այն, որ հարաբերությունները գնում են դեպի վատթարացման` փաստ է: Եթե ես այդ փաստաթուղթը չգիտեմ, չեմ կարդացել, ծանոթ չեմ, ինչպե՞ս ասեմ, ո՞րն է պատճառը»:
Մեր զրուցակցի համոզմամբ, երկրում հակառուսականության արհեստական ալիք է տարածվում, որն ուղղորդվում է Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից: «Հարցնում եք` հայ-ռուսական փոխհարաբերությունները ինչի՞ց են փչանումգ էդ օֆշորային պատմությունը, թալանը, հենց այնպե՞ս են: Կգա ժամանակը, ես կխոսեմ սրա մասին, կասեմ, թե փոխհարաբերությունները պետությունների փչանում են գեոքաղաքական լուրջ խնդիրների՞, թե՞ անձնական շահերի պատճառով: Տարբեր անձնական խնդիրներ կարող են լինել, որոնք կարող են փչացնել հարաբերությունները»,- նշեց նա` ավելացնելով, որ իշխանությունները «ավանտյուրան» որպես գեոքաղաքական խնդիր են ներկայացնում. «Սերժ Սարգսյանն ու իր թիմն այսօր որևէ բան, առանց իրենց շահերին նայելու` չեն անում»:
Անդրադառնալով այն տեսակետներին, որ Ռուսաստանը ոչ ժողովրդավարական երկիր է, Արամ Կարապետյանն ասում է, որ նման խոսակցությունները տարօրինակ են, և բերում է Իրանի օրինակը.
«Մենք Իրանի հետ առևտրական ամենամեծ փոխհարաբերություններն ունենք, պատրաստ ենք անգամ գազ գնել իրենցից:
Բայց Պարսկաստանը ժողովրդավա՞ր պետություն է: Եթե իսկապես ուղղորդված չէ այս ամենը, ինչո՞ւ մեկը չի կանգնում, չի ասում, թե ինչո՞ւ ենք Պարսկաստանի հետ առևտուր անում: Ստեղծենք ֆեյսբուքյան նախաձեռնություն` «դադարեցնենք առևտուրը ոչ ժողովրդավար Պարսկաստանի հետ»: Պարսկաստանն ամենա ոչ ժողովրդավար երկիրն է` հիմա ի՞նչ` գնանք պատերա՞զմ հայտարարենք»: Մեր հարցին, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բարելավելու համար ի՞նչ կարող է անել հայկական կողմը, Արամ Կարապետյանը պատասխանեց, որ «եղբայրություն» լինելով` Սերժ Սարգսյանը մեկ զանգով Վլադիմիր Պուտինի հետ կարող է լուծել բոլոր հարցերը. «Փեսան (նկատի ունի Ս. Սարգսյանի փեսային.- Տ.Մ.) իր դեսպանատնից պետք է Մոսկվայի դեսպանատուն տեղափոխվի, որտեղ լավ կապեր ունի, Սերժ Սարգսյանն էլ պետք է զանգի Իվանովին, իրար հետ գնան Պուտինի մոտ: Ուրիշ կերպ էլ ո՞նց պետք է լինի այս հարցը»:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահի գնահատմամբ, «վերացական» ելույթներ ունենալն Ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի հեշտ է ու «անմեղ», քան առարկայական ներքին խնդիրներից խոսելը: «Բայց երկրի ներսում իրավիճակը կարգավորելն ո՞ւմ գործն է: Ընտրություններից 5 ամիս է անցել, ու հասարակությունը 60 տոկոս ձայն է տվել նրանց, էլ ի՞նչ ընդդիմություն: Իշխանությունն ու հասարակությունն են հիմա իրար հետ վիճում` ընդդիմությանը թող մեջտեղ չբերեն: Ֆորմալ առումով 60 տոկոս ստացել են, թող պահեն մարդկանց»,- եզրափակեց նա:
«168 ԺԱՄ»