Հայաստանում և Իրանում անիմացիոն նախագծերի համար միջոցներ չեն տրամադրվում (ֆոտոշարք)
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Արմեն Մելիքյանը ծնվել և մեծացել է թեհրանահայ ընտանիքում: Նրա հայրը բնիկ թեհրանահայ է, ով նախքան Իրանի իսլամական հեղափոխությունը եղել է IBM ընկերության վաճառքի մենեջերը: Հեղափոխությունից հետո հիմնադրել է Armen Electric ընկերությունը, որը մինչ օրս զբաղվում է UPS-ների արտադրությամբ: Արմենի մայրն էլ Թավրիզի հայ է, զբաղվել է ճարտարապետական կառույցների գծագրմամբ:
168.am-ի հետ զրույցում մուլտիպլիկատորը խոսել է իր ստեղծած կերպարների, մասնագիտական դժվարությունների, «Armen Arts Studio»-ի աշխատանքների մասին:
– Արմեն, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք մուլտիպլիկացիայով տարվել:
– Մանկուց սիրել եմ նկարել և զբաղվել եմ նկարչությամբ, գծագրությամբ: Միշտ ցանկություն եմ ունեցել կերպարները կադր առ կադր նկարելով՝ կյանքի և շարժման պատրանք ստեղծել: Փոքրուց Ray Harryhausen-ի, Tim Burton-ի և Walt Disney-ի կինոֆիլմերի և մուլտֆիլմերի սիրահար լինելով՝ փորձել եմ նրանց ոճով և մակարդակով աշխատել:
2001 թվականին ընդունվել եմ Ճարտարագիտական համալսարանի մետաղագիտության բաժինը և դրան զուգահեռ՝ սկսել եմ աշխատել «Անիմացիայի տուն» ստուդիայում: Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի անիմացիայի ոլորտում գիտելիքներս պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել և ընդունվեցի Թեհրանի Գեղարվեստի համալսարանի անիմացիայի և կինոռեժիսուրայի բաժին:
– Ուսումնասիրելով Ձեր աշխատանքները՝ նկատեցի, որ սարսափազդու կերպարների հանդեպ սեր ունեք… Փակ բերան, աչքեր, վախենալու կերպարներ…
– Կրկնեմ Վինսենթ Փրայսի խոսքը՝ «Ես հրեշների դեր չեմ տանում: Ես այն մարդկանց դերն եմ տանում, որոնք պաշարված են ճակատագրով և վրեժ են փնտրում»:
– Միևնույն ժամանակ՝ ստեղծում եք շատ բարի կերպարներ: Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ կերպարների արարումն է Ձեզ մոտ ավելի լավ ստացվում:
– Ընդհանուր առմամբ, երկու կերպարներն էլ լավ են ստացվում: Ես կերպարները ստեղծում եմ՝ ըստ սցենարի պահանջի, և այն կերպարները, որոնց բնութագիրը և առանձնահատկություններն ինձ հարազատ են՝ ավելի շուտ եմ վերջնական արդյունքի հասցնում:
– Միգուցե ինձ սխալ է թվացել, բայց կարծում եմ, որ ռոք երաժշտությունից եք ոգեշնչվում, և այն անմիջականորեն ազդում է ձեր աշխատանքների վրա:
– Այո, դուք ճիշտ եք: Ես սիրել և սիրում եմ Heavy Metal երաժշտությունը (Iron Maiden, Metallica, Accept, Megadeth): Սիրողական մակարդակով նվագում եմ էլեկտրոնային կիթառ:
– Իսկ Ձեր աշխատանքներում կա՞ մի կերպար, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք:
– Ո՛չ, սիրում եմ բոլորին: Չէ՞ որ նրանք իմ զավակներն են (ժպտում է.- Գ.Ա.):
– Արմեն, ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ հատկանիշներ պետք է մուլտիպլիկատորն ունենա:
– Նա պետք է ծանոթ լինի անիմացիայի 12 սկզբունքներին: Իր ներքին երեխան պետք է կենդանի լինի, թիմում աշխատելու ունակություն ունենա, կենտրոնանա աշխատանքի վրա, և այլն:
– Որո՞նք են Ձեր մասնագիտության դժվարությունները:
– Հայաստանում և Իրանում առայժմ անիմացիոն նախագծերին բավական միջոցներ չեն տրամադրվում, և կինոարտադրողների կողմից աջակցություն չեն ստանում:
– Իսկ ի՞նչ գործունեությամբ է զբաղվում «Armen Arts Studio»-ն:
– «Armen Arts Studio»-ն կինոյի և անիմացիայի արտադրման ստուդիա է, որը զբաղվում է կինոֆիլմերի, մուլտֆիլմերի, համակարգչային խաղերի, գովազդային և երաժշտական տեսահոլովակների 2D, 3D և Stop Motion անիմացիաներով: Character designing, concept art, storyboard, comic strips, puppet making և այլն:
– Մուլտֆիլմեր կամ համակարգչային խաղեր ստեղծելիս ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնում` ժամանակի պահանջի՞, թե՞ երեխայի գեղագիտական ճաշակը զարգացնելու:
– Երկու գործոններն էլ հաշվի են առնվում, սակայն սցենարն էլ չպետք է մոռացվի:
– Առհասարակ մուլտֆիլմեր ստեղծելը բավական պատասխանատու գործ է, քանի որ գործ ունեք երեխաների հետ: Ձեզ այսօր ստեղծվող մուլտֆիլմերը դո՞ւր են գալիս:
– Չմոռանանք, որ հասուն մարդիկ էլ երեխաներ են: Մուլտֆիլմը բոլորի համար է: Մուլտֆիլմ ընտրելու ժամանակ կարևոր է հաշվի առնել ֆիլմը ստեղծող ընկերության ճանաչվածությունը և անցյալը և չմոռանալ ստուգել տարիքային սահմանափակության նախազգուշացումը:
– Այժմ կոնկրետ ինչի՞ վրա եք աշխատում: Առաջիկայում Հայաստան գալու մտադրություն չունե՞ք:
– Այժմ կատարում եմ պատվերներ և աշխատում եմ իմ անձնական stopmotion նախագծի վրա: Հաճախ եմ լինում Հայաստանում, սակայն դեռ ամբողջովին տեղափոխվելու մտադրություն չունեմ: