«Մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ…»

Հարցազրույց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
– Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Ռուսաստանի` Ադրբեջանին 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք վաճառելու որոշումը տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ ու շատերի կողմից որակվեց` որպես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությանը սպառնացող քայլ: Ինչո՞ւ Արցախն այս առնչությամբ պաշտոնական տեսակետ չի հայտնում: 
– Ձեր կողմից առաջադրված հարցի պատասխանը ստանալու համար Դուք ճիշտ հասցե չեք ընտրել, քանի որ ԼՂՀ պաշտպանության նախարարության հիմնական գործառույթն է` մշակել, պլանավորել և իրականացնել Արցախի պաշտպանունակության շարունակական ամրապնդմանն ուղղված համապատասխան քայլեր, այլ ոչ թե պաշտոնական տեսակետ հայտնել տեղի ունեցող այս կամ այն երևույթի առնչությամբ: Ասվածին միայն կարող եմ ավելացնել, որ ռազմական համակարգի կատարելագործման գործընթացն Արցախում դրված է ոչ թե հրապարակային հայտարարությունների, ինչպես հարևան երկրում է, այլև կոնկրետ նպատակ հետապնդող գործնական հիմքերի վրա:
– Ադրբեջանի սպառազինումը վտանգավոր չէ՞ ԼՂՀ անվտանգության համար, ի՞նչ մտահոգություններ ունեք այս հարցի առնչությամբ: 
– «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշ իրավիճակում գտնվող ցանկացած երկրի պարագայում, անկախ սպառազինման մակարդակից, վտանգների ու սպառնալիքների առկայությունն օբյեկտիվ իրողություն է և, այս հանգամանքը պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ, այլև մեր հավանական հակառակորդի համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա պետք է ասեմ, որ դա ոչ այնքան մեզ մտահոգում, որքան հուշում է, որ մենք պետք է շարունակենք առավել հզորացնել մեր ռազմական ներուժն ու նրա մարտավարական հնարավորությունները: Իսկ դա, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հավաստիացնել, որ մեզ հաջողվում է:
– ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե պետք չէ «խանդով» մոտենալ այս հարցին: «Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմակայան, ինչը հենց այնպես չէ՝ ունի առաքելություն: Եթե Ռուսաստանը մի ձեռքով զենք է վաճառում, մյուս ձեռքով թշնամու դեմ անվտանգության ապահովության միջոցներ է իրականացնում, նշանակում է, որ տարածաշրջանում ամեն բան հավասարակշռության ներքո է»,- ասել էր նա: Համամի՞տ եք այս կարծիքին: Արդյոք տարածաշրջանային այդ հավասարությունն ի վնաս մեզ չէ՞: 
– Ես ինձ իրավունք չեմ վերապահում հանդես գալու այլոց կարծիքները կամ տեսակետները գնահատողի դերում: Սակայն մի բանում հաստատ համոզված եմ՝ հաղթում է նա, ով հավատում է իր ոգու զորությանն ու մարտական հնարավորություններին: Չեմ թերագնահատում նաև ռազմավարական ճիշտ համագործակցության արդյունքում ստեղծված ուժի գործոնը:
– Թերևս լուրջ մտահոգության տեղիք է տալիս «Սմերչ» զինատեսակի վաճառքը: Տարածաշրջանային ի՞նչ կիրառելիություն կարող է ունենալ այն: ԼՂՀ-ն ունի՞ համարժեք զինամթերքներ՝ պաշտպանվելու «Սմերչից» կամ պատասխանելու դրան:
– Ես էությամբ և գրաված դիրքով գործող բանակի զինվոր ու հրամանատար եմ և նախընտրում եմ կողմերի ունեցած հնարավորությունների մասին խոսել ոչ թե շքերթներում ցուցադրվող կամ լրատվամիջոցներում հրապարակվող տարաբնույթ զինատեսակների, այդ թվում` նաև Ձեր կողմից հիշատակված «Սմերչի» մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների ազդեցության ներքո, այլև իմ ձեռքի տակ եղած կոնկրետ փաստերի համադրմամբ: Իսկ փաստերն ամենևին չեն ներկայացնում այն պատկերը, որն իրականում առկա է: Այնպես որ՝ մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ…
– Շատերն այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, համարում են, որ սա ճնշում է Ռուսաստանի կողմից Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համար: Հնարավո՞ր է, որ սա շանտաժի դրսևորում է: 
– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ՝ որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, ոչ միայն իրավասության, այլ նաև էթիկայի տեսանկյունից կոռեկտ չէր լինի խոսել մի թեմայի շուրջ, որն իմ պարտականություններից դուրս է:

Տեսանյութեր

Լրահոս