Կառավարության թվերը հակասում են իրականությանը. Շինարարության անկումը շարունակական է լինելու
ՀՀ կառավարությանը ծրագրում է, որ այս տարի շինարարության ոլորտը կաճի 3.5%-ով, 2014 -ին՝4.2%-ով, 2015-ին՝ 5.0%-ով, 2016-ին՝ 6.0%-ով: Այս ցուցանիշները կարելի է գտնել կառավարության կողմից հաստատված 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում: Ըստ փաստաթղթի հեղինակների՝ ճյուղի վերականգնումը կլինի աստիճանական, սակայն դրա աճի տեմպերը ՀՆԱ աճից առաջանցիկ չեն լինի, որը կնախանշի տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններին նպատակաուղղված տնտեսական նոր քաղաքականության ուղղությունը: Ընդ որում՝ շինարարության կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ներդրումներն, ի հեճուկս բնակարանաշինության, «շարունակելու են ուղղվել արտադրողական ներդրումներին, որը համահունչ կլինի տնտեսության զարգացման նոր, ավելի դիվերսիֆիկացված մոդելին»:
Սակայն կառավարության այս լավատեսության հետ համաձայն չէ Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը: 168.am-ի հետ զրույցում նա դժվարացավ նշել, թե այդ աճի հիմքն ինչն է ընդունվել. «Անկումը կա, և այն շարունակական է լինելու: Դա քաղաքաշինության ոլորտի նկատմամբ խթանող միջոցների պակասն ու ոչ բավարար մոտեցումների արդյունքն է: Թե ինչ նկատառում ունեն, ես չեմ արող ասել: Այդ թվերը գրում են, էլի, եթե ապագա ենք գնում, պետք է աճ գրեն»:
Գ.Մինասյանի խոսքով՝ առայժմ ոլորտում էական տեղաշարժեր չկան, չեն իրականացվում քայլեր շինարարությունը զարգացնելու համար, թեև բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են եղել այդ թեմայով, այդ թվում՝ կառավարության նախաձեռնությամբ: Միության ղեկավարը թվարկեց, որ շինարարությունը խթանող միջոցներ են հիպոթեքային շուկայի զարգացումը, մատչելի հիպոթեքային վարկերի տրամադրումը, ինչը կբերի շուկայի աշխուժացման:
«Ամենակարևոր հանգամանքն է, որ էժան, կարճաժամկետ, ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրվեն: Բայց բանկերը չեն ուզում, որ իրենց շահույթը մի քիչ պակասի: Այսօր ներդրումային դաշտը շատ ռիսկային է, ներդրողները չեն մտնում շինարարության ոլորտ: Եթե ներդրողը պետք է մեծ գումար ծախսի, հետո բնակարանները չվաճառվեն, նա այդ ներդրումը չի կատարում: Իսկ երկրում շինարարության 80%-ը ներդրումային ծրագրերով է կատարվում, բյուջեի միջոցներով իրականացվողը 15%-ից չի անցնում: Միայն բյուջեով հնարավոր չէ շինարարություն զարգացնել»,- ասաց Գ.Մինասյանը: