Գուրգեն Եղիազարյան. Դու որտեղի՞ց գիտես դա` եղո՞ւնգ ես նայել, թե՞ լոբի, կարող ա՞ սիսեռ ես գցել…

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի համար անսպասելի չէր գեներալ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու փաստը: 168.am-ի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ գործի ընթացքը կանխատեսելի էր ՀՀ զինդատախազի առաջին հայտարարություններից հետո, որը ոչ միայն «հուշեց», «ուղղորդեց»` ինչպես պետք է շարունակել ու ավարտել գործը, այլև` «հրահանգեց» գործի ընթացքը` հանգուցյալի ու վիրավոր եղբոր վրա ամեն ինչ «բարդելու» ենթատեքստով:

«Դատախազն իրեն թույլ է տալիս ասել, թե զինված հարձակում է եղել մարզպետի տան վրա այն դեպքում, երբ նախաքննության առաջին քայլերը չեն արվել:  Տղա ջան, դու որտեղի՞ց գիտես դա` եղո՞ւնգ ես նայել, թե՞ լոբի, կարող ա՞ սիսեռ ես գցել… Էդ դատախազին պետք է ասել, որ գնա բախտագուշակի մոտ` գուցե նա ասի, թե եղբայրներն ինչի՞ համար գնացին մարզպետի տան մոտ: Բայց բախտագուշակն էլ կարող ա չօգնի, կասի, թե՝ սպասեք թղթերս բերեմ, մի մոմ վառեմ, մի մոմ հալեմ, ջուր բերեմ, որ ժամանակ վատնի… Իսկ Սերժ Սարգսյանին բախտագուշակ պետք չի, ինքը մեկից մեկ գիտի, ինչ ասել է՝ պետք է զինդատախազն անի»,- նշեց նա` ենթադրելով, որ գուցե Սուրեն Խաչատրյանն ինքն էր հրավիրել եղբայրներին իր տուն:

Այն, որ զինդատախազը հայտարարություններ է արել մինչ տեսանյութի հայտնվելը, ԱԱ նախկին փոխնախարարի կարծիքով՝ խոսում է  «անտրամաբանության» կամ «հրահանգի կատարման» մասին: Ինչ վերաբերում է հայտնաբերված զինամթերքին, Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ զենքի օրինականության ստուգման համար ընդամենը 4 վայրկյան է պետք. «Հարցնում ես՝ փաստաթուղթ ունե՞ք, ասում ա՝ այո կամ ոչ: Իսկ դատախազին մեկ ամիս պետք եկավ, որ այս հարցի պատասխանը տա: Մենք դեռ չենք իմանում, թե եղբայրների մարմնից հեռացած գնդակները ո՞վ ա տարել, ի՞նչ ա արել… Ծիծաղելի է այս պարագայում խոսել արդարությունից ու մտածել, որ օրինական բան կարող է կատարվի»:

Նաև հավելեց. «Մարդկանց վրա գործ են կարում, ինչն ապացուցեց նաև նախկին մարզպետ կոչվածը, ով հայտարարեց, թե նոր մարզպետի` Վահե Հակոբյանի ընտրության հարցում մասնակցություն է  ունեցել: Զազրելի սպանությունից հետո Լիսկայի հետ դեռ հարց են քննարկում: Դաբրոն տվել ա իրա: Այս ամբողջ պատմությունից հետո ինքը մասնակցում է նոր մարզպետի նշանակման քննարկումներին, դրա համար էլ թքած ունի սրանց վրա, ասում ա, թե ինքն ա դուրս գալիս, ոչ թե իրան են հանում: Դե էս մեկին որ նշանակել են, լավ են արել, պապան փող ունի, որ նշանակել են… Բայց պետք է նենց մարդ նշանակեին, որ տեռորի հաշվին ձայներ ապահովեր էս համակարգի համար»:

Կարդացեք նաև

Գ. Եղիազարյանը, սակայն, համոզված է, որ այս ամենն անհետևանք չի մնա: Սուրեն Խաչատրյանի վիճակը, նրա խոսքով, նախանձելի չէ: «Գառնուկի հեզություն ունեցող ժողովուրդը մի օր կարող է ասել` բավական է: Այս ամենաթողության լուծման մի ձև կա` արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետև այս ամենի հետևում մի մարդ կա կանգնած` նախագահը, որովհետև բոլորն էլ տառաճանաչ են, շատ լավ հասկանում են: Իսկ Սերժ Սարգսյանից սուրենխաչատրյանները սարսափած են»,- եզրափակեց նա:

Նրա կարծիքով՝ Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործ են հարուցել, որպեսզի «հետո բերեն առևտրի», սակայն Եղիազարյանը վստահ է, որ Բուդաղյաններն առևտրի գնացող չեն:

Տեսանյութեր

Լրահոս