Պարզունակ խաղերի տեսությունը
Վերջին օրերին ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ հասարակական տրանսպորտի գնի խնդիրը։ Գազն, արդեն 4-րդ օրն է, թանկացել է, սակայն հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցում դեռ որոշակիություն չկա։
Թեման, իհարկե, նոր չէ։ Այն պահից սկսած, երբ «ՀայՌուսգազարդը» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի վերանայման հայտով, պարզ դարձավ, որ հասարակական տրանսպորտը նույնպես թանկանալու է։
Մնում էր պարզել՝ որքանո՞վ։
Հունիսի սկզբներին լուրեր տարածվեցին, որ հասարակական տրանսպորտի գինը կթանկանա 50%-ով։ Այսինքն՝ ամենից շատ տարածված երթուղայինների ուղեվարձը ներկայիս 100 դրամի փոխարեն՝ կդառնա 150 դրամ։ Սա, բնականաբար, հարուցեց հասարակության դժգոհությունը։ Սկսվեց քննադատությունների և քննարկումների տարափ։
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի թանկացումը չի կարող լրջորեն ազդել տրանսպորտի գնի վրա։ «Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ հասարակական տրանսպորտի գինը հնարավոր է՝ բարձրանա ընդամենը 5%-ով»,- մոտավորապես 1 ամիս առաջ հայտարարեց Ռոբերտ Նազարյանը:
Ոմանք մտածեցին, որ Ռ.Նազարյանը հանդարտեցնում է կրքերը։ Սակայն այս հայտարարությունն ավելի կարևոր ենթատեքստ ուներ։ Ակնհայտ էր, որ տրանսպորտը թանկանալու է։ Ակնհայտ էր նաև, որ հասարակությունը դա կապելու էր առաջին հերթին՝ գազի գնի հետ։ Եվ, բնականաբար, լուտանքների մի զգալի մասը բաժին էր հասնելու այն կառույցին (և դրա ղեկավարին), որը հաստատել էր գազի նոր սակագինը։ Այսինքն՝ Ռոբերտ Նազարյանը դառնալու էր ամենամեծ «վատամարդերից» մեկը։ Այս վտանգը կանխազգալով՝ Նազարյանն անմիջապես հայտարարեց, որ իր «վատամարդության» մասնաբաժինը համարժեք է լինելու ընդամենը 5 դրամին։ Այսինքն՝ եթե երթուղայինի ուղեվարձը 100 դրամից բարձրանա մինչև 105 դրամ, ապա դա գազի գնով է պայմանավորված։ Սակայն դրանից ավելի թանկացման համար հարկավոր է այլ մեղավորներ գտնել։
Իսկ Ռոբերտ Նազարյանը գիտեր, որ տրանսպորտը հաստատ 105 դրամից ավելի է թանկանալու։ «Կարծիքներ են հնչում, որ գազի բարձրացումով տրանսպորտի գինը մի քանի անգամով կբարձրանա, բայց մենք վերլուծություններ ենք արել, որի համաձայն՝ գազի բարձրացման ազդեցությունը տրանսպորտի վրա կլինի 5%: Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ կբարձրանա՝ խնդրում եմ դա մեր հետ չկապել»,- ասել էր նա՝ գնդակը փոխանցելով մյուս պատասխանատուների դաշտ։
Սակայն ոչ ոք չի ցանկանում վատամարդ լինել։ 150 դրամ ուղեվարձի դեպքում եթե Ռոբերտ Նազարյանին բաժին էր ընկնելու 5 միավոր լուտանք ու քննադատություն, ապա մնացած 45 դրամի «քաղցր խոսքերը» գնալու էին այլ ուղղությամբ։ Խուսափելու հնարավորություն չկա, քանի որ տրանսպորտային ընկերությունները, որոնց սեփականատերերը (գծերի տերերը) պատահական մարդիկ չեն, այլևս չեն ցանկանում իրենք իրենց նեղություն տալ և հրաժարվել շահույթից, շատ դեպքերում՝ գերշահույթից։ Այսինքն՝ ուղեվարձի թանկացումը մի քանի անգամ գերազանցելու է գազի թանկացումը, և դա բոլորը գիտեին դեռ «էն գլխից»։
Գլխավոր հարցը հետևյալն էր՝ ինչպե՞ս անել, որպեսզի, հասարակությունը դա հնարավորինս նորմալ ընդունի։ Այս դեպքում կիրառվեց ամենապարզ, բայցև ամենաաշխատող մեթոդներից մեկը։ Սկսեցին խոսակցություններ տարածվել, որ տրանսպորտը կարող է թանկանալ 2-4 անգամ։ Որից հետո սկսեցին տպավորություն ստեղծել, որ իրենք հերոսաբար պայքարելու են, որպեսզի թույլ չտան կրկնակի կամ քառակի թանկացում։
Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «168 Ժամի» հետ զրույցում նշել էր, որ թեև գազը 20%-ով է թանկացել, սակայն ուղեվարձի համար նույն հարաբերակցությամբ չեն կարող հաշվարկել, քանի որ տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ են եղել փոխադրողների համար, պահեստամասերն են թանկացել, կյանքն ընդհանուր առմամբ է թանկացել: «Ամեն դեպքում՝ հասարակական տրանսպորտը կրկնակի չի կարող թանկանալ, պետք է հաշվարկել: Մենք գիտակցում ենք ժողովրդի սոցիալական վիճակը, և խելամիտ գին կլինի»,- ասել էր Հ. Նավասարդյանը:
Իսկ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասել էր. «Հավատացեք, որ փորձում ենք հասցնել այնքան մինիմալի, որ հայտարարությունները, թե երթուղայինի գինը 4 անգամ է թանկացվելու, թե 67 կազմակերպություն ուզում են դուրս գալ փողոց, հանրային շահի անվան տակ սեփական շահերն են ուզում պաշտպանել: Կրկնում եմ` մենք ամեն ինչ կանենք, որ մինիմալ թանկացում լինի»:
Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ ինչպես էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում, թե «Գազպրոմը» ցանկանում է գազի գինն ավելի թանկ սահմանել, և ՀՀ կառավարությունը բանակցում է, որպեսզի գինը լինի մինիմալ։ Նաև կհիշեք, որ գազի թանկացումից անմիջապես հետո որոշ մարդիկ սկսեցին հայտարարել, որ, եթե Սերժ Սարգսյանը չմիջամտեր, ապա գինն ավելի բարձր կլիներ։
Հասարակական տրանսպորտի դեպքում վերը նշված տրամաբանությունն է գործում՝ փորձ է արվում հասարակությանը նախապատրաստել վատագույնին, որպեսզի վատը ընկալվի՝ որպես լավագույն լուծում։ Եվ ըստ այդ տրամաբանության՝ ստացվում է, որ տրանսպորտի կրկնակի կամ քառակի թանկացման մասին խոսակցություն տարածողներն իրականում աշխատել են ոչ թե իշխանությունների դեմ, այլ իշխանությունների օգտին։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Իշխանությունը փորձում է ոչ միայն հնարավորինս քիչ վատամարդ երևալ, այլ՝ վատամարդ սարքել մասնավոր ընկերություններին։
«Ես չէի ուզում ասեի` բայց ստիպեցիք: Հիմա հրատարակելու եք, ու մեզ մոտ լինելու են դիմումներ: Շատ եք ուզում՝ ասեմ` եթե մեզ դիմում չներկայացնեն (տրանսպորտային ընկերությունները.- Բ.Թ.), երբեք թանկացում չի լինի: Իսկ եթե թանկացում չլինի, դա կլինի հօգուտ ժողովրդի: Հասցրեցիք նրան, որ հայտարարեցի` վաղվանից մեզ մոտ լիքը դիմումներ կլինեն: Մինչ հիմա դիմումներ մենք չունենք»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:
Նշենք, որ տրանսպորտային ընկերությունները դեռ հուլիսի 9-ին էին հայտեր ներկայացրել քաղաքապետարան՝ պատճառաբանելով ոչ միայն գազի թանկացումը, այլև պահեստամասերի, մնացած ապրանք-ծառայությունների թանկացումն ու հարկային ծանր բեռը։ Ընդունելով այս հայտը և հաստատելով ուղեվարձի ավելի բարձր գին, քան 105 դրամը, իշխանությունն անուղղակիորեն խոստովանելու է, որ վերջին տարիներին իրականում եղել է բարձր գնաճ և ծանր հարկային բեռ։
Իսկ ընդհանուր առմամբ՝ այս ամենը հիշեցնում է խաղերի տեսությունը։ Կոնկրետ այս դեպքում գործ ունենք 3 խաղացող ունեցող խաղի հետ՝ իշխանություն, տրանսպորտային ընկերություններ և հասարակություն։ Խաղերի տեսության մեջ կա մի այսպիսի հասկացություն՝ զրո միավոր խաղ։ Խաղը կոչվում է զրոյական, եթե խաղացողներից մեկի շահումը հավասար է մյուս խաղացողի նույնչափ կորստին։ Տրանսպորտի թանկացումը, խոշոր հաշվով, զրո միավորանոց խաղ է։ Որովհետև որքան թանկանում է տրանսպորտը՝ այնքան կորցնում է հասարակությունը։ Սակայն գլխավոր խաղացողը՝ իշխանությունը, փորձում է համոզել, որ հասարակությունը շահելու է, եթե տրանսպորտի գինը կրկնակի չթանկանա։
Իսկ որ ավելի դաժան է՝ այս խաղի ելքը ի սկզբանե պարզ է և գծագրված։ Հասարակությունը միանշանակ կորցնում է, մասնավոր ընկերությունները ոչ շահում են, ոչ կորցնում, իսկ իշխանությունը միշտ շահած է դուրս գալիս (կոնկրետ այս դեպքում՝ շահելու է ավելի շատ հարկերի տեսքով)։ Արդյունքում ստացվում է, որ խաղը զրոյական է իշխանության և հասարակության միջև. մեկի կորուստը մյուսի շահույթն է։ Անկախ նրանից, թե ինչ սրտաճմլիկ ելույթներ են հնչում։