Բրյուսելը փորձում է կանխել ռուսական ճնշումները
Աշնանը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ՝ այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ենթադրվում է, որ մինչև 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին կհասցվեն Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
168.am-ը քաղաքագետ Սուրեն Սուրենյանից հետաքրքրվեց, թե բացի պաշոնապես հայտարարվածից՝ ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել Շ. Ֆյուլեի այցը, ինչին ի պատասխան՝ նա նշեց, թե այցը միտված է նրան, որ նոյեմբերին նախատեսված նախաստորագրման գործընթացն ավելի բնականոն տեղի ունենա: Այն, ինչ կայանալու է նոյեմբերին, ըստ Սուրենյանցի, Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն է: Իսկ նման կարևոր իրադարձությունները, քաղաքագետի համոզմամբ, դիվանագիտական տարբեր այցերով, հանդիպումներով են ամրապնդվում: Սուրեն Սուրենյանցի խոսքով` ֆորմալ առումով յուրաքանչյուր գործընթաց, այդ թվում՝ պայմանագրի նախաստորագրումը վերահսկողության կարիք ունի.
«Այնպես չէ, որ Հայաստանն իր առջև դրված բոլոր պարտավորությունները կատարել է, և նախաստորագրումն արդեն իրողություն է: Նման այցերը, սովորաբար, կարևոր իրադարձություններից առաջ նաև վերահսկողական նշանակություն ունեն, բայց չմոռանանք, բոլորիս համար գաղտնիք չէ, թե Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ինչ լուրջ ճնշում կա՝ միտված նրան, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն կամ դանդաղեցնեն եվրոինտեգրացիայի գործընթացը: Այս միտումները, բնականաբար, նաև Բրյուսելում են տեսնում ու նման այցերով փորձում են կանխարգելել Մոսկվայի կողմից եկող հավանական բացասական ազդակները»: Մեր հարցին, թե հաջողվո՞ւմ է կանխել այդ ազդակները, Սուրեն Սուրենյանցը դրական պատասխան տվեց, որովհետև, ըստ նրա, Հայաստանում ռուսասիրությունը հասարակության մեջ նվազել է, իսկ Հայաստանի իշխանություններն էլ հասկացել են, որ Ռուսաստանից «վասալային կախվածությունը» դրական որևէ փոփոխություն չի բերել ոչ միայն երկրի, այլև` իշխանությունների համար:
«Իշխանության բնականոնության, անվտանգության համար միակողմանի կախվածությունը միայն Ռուսաստանից որևէ լավ բան չի խոստանում»,- շեշտեց նա: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե վերջին շրջանում Ռուսաստանի կողմից եկող ազդակները` գազի գնի թանկացումը, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքը, Ադրբեջանին 1 մլրդ զենք վաճառելու որոշումը տեղավորվո՞ւմ են եվրոինտեգրացիային ուղղված ճնշման շրջանակներում: Ի պատասխան՝ Սուրենյանցը նշեց. «Որոշ մասով՝ այո: Բայց սա ոչ միայն Ասոցիացման պայմանագրի շրջանակներում է կատարվում: Ռուսաստանն` ի տարբերություն Արևմուտքի, ճնշման ավելի կոշտ, ոչ քաղաքակիրթ միջոցների է դիմում, ինչը կարող ենք ձեր թվարկած փաստերով դիտարկել: ՌԴ-ն փորձում է իր գործոններն օգտագործել` գազի, զենքի, հակամարտությունների օրինակով, երկրներին իրենց վերահսկողության տակ պահելու համար: Բայց ռուսական էլիտան վաղուց պետք է հասկանար, որ դրանք ներազդեցության արդյունավետ միջոցներ չեն»:
Մեր հարցին, թե այսքանից հետո Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները հնարավո՞ր է՝ փոփոխության ենթարկվեն, նա դրական պատասխան տվեց, ապա ավելացրեց. «Կամ Ռուսաստանի իշխանությունները կընդունեն այն պարզ իրողությունները, որ Հայաստանն անկախ երկիր է, ու կփորձեն հորիզոնական հարաբերություններ կառուցել մեզ հետ, կամ վերջնականապես կկորցնեն Հայաստանը: Եթե ՌԴ-ն նման դեստրուկտիվ քաղաքականությունը շարունակի, ընդհանրապես տարածաշրջանում նրա ադեցության լրջությունը կդրվի կասկածի տակ: Ցանկանա՞, թե՞ ոչ, ռուսական էլիտան մի օր կհասկանա, որ գործ ունի ոչ թե երկրամասի կամ գավառի, այլ` անկախ պետության հետ»:
Սուրենյանցն ընդգծեց նաև, որ «որակյալ» տեղական իշխանության պարագայում` հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայության փոփոխությունն արդեն իսկ տեսանելի կլիներ: Հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները համեմատելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին վարվող քաղաքականության հետ, Սուրենյանցն ասում է, որ դրանք բարելավվել են, բայց իշխանության որակի պայմաններում, արդեն այսօր Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ավելի բնական կլինեին: «Եթե մեր իշխանությունն իր կերպով ավելի համապատասխան լիներ եվրոպական չափանիշներին, ՌԴ իշխանությունը վաղուց հասկացած կլիներ, որ գործ ունի անկախ պետության հետ»,- եզրափակեց նա: