Դավիթ Բաբայան. Վաճառվող զենքը միշտ չէ, որ պետք է կրակի

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ զենք վաճառելու հանգամանքը, շատերի կարծիքով՝ անհանգստացնող պետք է լինի առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն, ԼՂՀ-ից պաշտոնական մակարդակով այս առնչությամբ հայտարարություններ դեռևս չեն արվել:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից 168.am-ը հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ Արցախը պաշտոնական հայտարարություն անի այս առնչությամբ և, առհասարակ, ի՞նչ կարծիք ունի Բակո Սահակյանն Ադրբեջանի զինման մասին: Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենց կողմից պաշտոնական հայտարարությամբ հանդես գալը ճիշտ չէ. «Դա երկու պետությունների ներքին գործն է: Եղել է գործարք, մեկը մյուսին վաճառել է զենք, կարող է մի օր էլ վաճառի ինչ-որ ապրանքներ: Դրա համար ճիշտ չէ, որ մենք մեկնաբանենք»:

Ճշտմանը` արդյոք մտավախություն ունե՞ք, որ ԼՂՀ հայտարարությունը միջամտություն կդիտվի Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, նա այսպես արձագանքեց. «Մի մեկնաբանեք: Մի ասեք այն, ինչ չեմ ասել: Սա ներքին հարց է, երբ մի պետություն մյուսին է վաճառում»:

Նրա խոսքով` Արցախում մտահոգվում են, երբ Ադրբեջանը զինվում է` անկախ նրանից, թե ո՞ր պետությունն է մատակարարում այդ զենքը, բայց սա չի նշանակում, որ մարդիկ տագնապի մեջ են: «Կյանքն իր բնականոն հունով շարունակվում է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով: Մենք մտահոգված ենք, բայց որպես ողբերգություն սա չենք դիտում, որովհետև այս ուղղությամբ համարժեք քայլեր ենք կատարում` հավասարակշռությունը պահպանելու համար: Նկատեք մի բան. եթե Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հայտարարություններով է հանդես գալիս, որ անթույլատրելի է համարում պատերազմական գործողությունները` ուժային կարգավորման տարբերակը, բայց միևնույն ժամանակ՝ զենք է վաճառում, ապա ՌԴ-ն ամեն ինչ պետք է անի, որ այդ զինամթերքը չկիրառվի: Հետևաբար, պետք է Մոսկվան ջանքեր գործադրի, որ իր մատակարարած զենքը չօգտագործվի պատերազմական գործողությունների համար, հակառակ դեպքում` այս գործընթացն անտրամաբանական է դառնում»:

Կարդացեք նաև

Դավիթ Բաբայանի կարծիքով, սա բիզնես-գործարք է, ու ՌԴ-ն պետք է անի ամեն ինչ` չթույլատրելու համար իր վաճառած զենքի օգտագործումը: «Կարծում եմ` այսպես էլ կլինի: Վաճառվող զենքը միշտ չէ, որ պետք է կրակի»,- շեշտեց նա:

Մենք հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչո՞ւ է այդ զենքը գնել, գնելիս հաշվի չէ՞ր առնի, որ իր գնած զենքը չի կիրառվելու, հետևաբար՝ անիմաստ չի՞ դառնում զինամթերքի ձեռքբերումը: Ի պատասխան՝ Դ. Բաբայանը նկատեց. «Իմաստն այն է, որ, հավանաբար, սա ալիևյան կլանի շահն է` դրամ վաստակելու, նաև բանակն է իրենց համար եկամտի աղբյուր դարձել… Շատ ժամանակ ծախսված գումարները կարող են գնալ Ադրբեջանի վերնախավի` կլանի, սեփական գրպանը: Այսինքն` սա այնպիսի գործընթաց է, որն Ադրբեջանի պես կոռումպացված պետությանը թույլ է տալիս միջոցների մեծ մասը սեփական իշխանավորների հարստացման համար օգտագործել»:

Ինչ վերաբերում է «Սմերչ» զինատեսակին, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ իրենք էլ ունեն համարժեք սարքավորումներ, պարզապես պետք է հասկանալ, որ Ռուսաստանը պետք է «երաշխավոր կանգնի»՝ չթույլատրելու այդ զենքի կիրառումը:

«Եթե փող են աշխատել, ինչո՞ւ չվաճառել»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ն այս հարցում «երաշխավոր կկանգնի»: Անդրադառնալով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի  հայտարարությանը, թե՝ «եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում», Բաբայանը նշեց. «Դե լավ, էլի… ես նման որակումներին, քաղաքականացված բանաձևերին դեմ եմ»:

Տեսանյութեր

Լրահոս