Նախախուճապային տրամադրություններ՝ օձի հետին խելքի պատճառով
Մարդկանց մի տեսակ կա, որը խուսափում է վատ լուր հայտնելուց։ Օրինակ՝ եթե լուրջ խնդիրներ ունի, ապա ոչ մի դեպքում դրա մասին չի հայտնում այն մարդկանց, որոնք նույնպես այդ խնդրի հետ առնչություն ունեն։ Այդ տեսակ մարդիկ խուսափում են թեմայից, լղոզված պատասխաններ են տալիս կամ հնարավորինս ձգձգում դաժան իրականության ներկայացման պահը՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կփոխվի։ Նման դեպքերում, որպես կանոն, ոչինչ էլ չի փոխվում, իսկ դաժան իրականությունն արդեն ինքն է ինքնուրույն ներկայանում, քանի որ այն արդեն թաքցնել չի լինում։
Մարդու դեպքում դա կարելի է ընկալել. ի վերջո, բնավորության գծեր կան՝ ամոթ, վախ, պատասխանատվության զգացում և այլն։ Սակայն, երբ նման մոտեցում է ցուցաբերում պետական իշխանությունը, դա արդեն աբսուրդի ժանրից է։
Օրինակ՝ գազի գնի թեման։ 2 տարի խոսում էին, որ գազը թանկանալու է, և, որ կառավարությունը զիջելու է «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը։ Կառավարությունը համառորեն հերքում էր այս լուրերը՝ մինչև այն պահը, երբ գազն արդեն թանկացավ, իսկ 20%-ի մասին հայտարարեց հենց ռուսական «Գազպրոմը»։
Հիմա գանք այդ ամենի «երկրորդ սերիային»։ Հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ գազի նոր սակագինը։ Այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ «ՀայՌուսգազարդը» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագինը վերանայելու խնդրանքով, պարզ դարձավ, որ թանկանալու է նաև հասարակական տրանսպորտը։ Դա այնքան ակնհայտ էր, որ, ինչպես նկատել էր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը. «Օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա, առավել ևս` տրանսպորտի»:
Քաղաքային իշխանությունները, սակայն, կոչ էին անում նման լուրեր չտարածել և անհարկի խուճապ չստեղծել։ Սակայն կասկած չկա, որ այնտեղ նույնպես գիտակցում էին հասարակական տրանսպորտի թանկացման անխուսափելիությունը։
Եվ այսպես անցավ մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում, ինչպես նշեցինք, ոմանք գերադասում էին այդ մասին խոսել, ոմանք՝ լռել։ Սակայն ենթադրվում էր, որ լռելուն կամ խոսելուն զուգահեռ՝ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որպեսզի մինչև հուլիսի 7-ն այս հարցում որոշակիություն մտնի։ Սակայն պարզվեց՝ անորոշությունը պահպանվում է նաև այսօր՝ հուլիսի 9-ին, երբ թանկացումն արդեն փաստ է։
Տրանսպորտային ընկերություններին ոչ թույլ են տալիս առայժմ գին բարձրացնել, ոչ էլ կարող են ստիպել, որ նրանք շարունակեն աշխատել նույն ուղեվարձով։
Արդեն լուրեր կան, որ Երևանում մի շարք երթուղիներ չեն աշխատում կամ աշխատում են ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ՝ սպասելով հարցի լուծմանը։ Անգամ տեղեկություններ են հայտնվում, որ մարդիկ պատրաստվում են գործադուլ անել։ Կարճ ասած՝ խուճապային տրամադրություններ են առաջանում։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի՝ խուճապն առաջացել է այն պատճառով, որ խուճապից խուսափելու պատճառաբանությամբ իշխանությունները գերադասում էին (են) թանկացման մասին որքան հնարավոր է քիչ խոսել։
Կբարձրանա՞ հասարակական ուղեվարձի գինը, թե՞ ոչ։ Եթե բարձրանա, ապա որքանո՞վ։ Որքա՞ն ժամանակ կպահպանվի այդ գինը… Սրանք հարցեր են, որոնց պատասխանին են սպասում ոչ միայն տրանսպորտային ընկերությունները, այլև հասարակական տրանսպորտից օգտվող բնակչությունը։ Սակայն հիմա առաջ է եկել ոչ պակաս կարևոր հարց՝ ինչո՞ւ այս հարցերի պատասխանը դեռ չկա։ Չէ՞ որ օձի խելք պետք չէր՝ հասկանալու համար, որ հուլիսի 6-ին հաջորդելու է հուլիսի 8-ը՝ գազի ավելի բարձր գնով։