Կոմպրոմատների պատերազմ` ՀՀԿ-ում. ո´չ օֆշորային թևը կարող է պատժել կրիմինալ թևին, ո´չ էլ հակառակը
Հինգշաբթի օրը իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը` ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ այս նիստը մամուլում և քաղաքական շրջանակներում կարևորվել էր հատկապես ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության, դրա շուրջ ներիշխանական որոշ թևերի միջև պայքարի մասին խոսակցությունների ֆոնի վրա:
Ենթադրվում էր, թե ՀՀԿ ԳՄ նիստը բավական թեժ է լինելու և նույնիսկ կայանալու է իշխանական «մեծ ռազբորկան», որից հետո պաշտոնանկ կարվեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես` ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն, բացի Սյունիքի նոր մարզպետի նշանակման մասին հայտարարությունից, ՀՀԿ ԳՄ նիստը որևէ այլ իրադարձությամբ չառանձնացավ:
«Հանրապետական կուսակցություն պարզապես PR տեխնոլոգիաներ է օգտագործում` իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու, մամուլով սպասումներ ձևավորելու առումով, որովհետև, ըստ էության, ՀՀԿ-ի մասին այլևս ոչ ոք չի էլ խոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` իր կարծիքը հայտնելով ՀՀԿ ԳՄ նիստի շուրջ քննարկումների մասին:
«Ժառանգության» վարչության քարտուղարի կարծիքով` իշխող Հանրապետականը պարզապես «չափազանց անտեսված է քաղաքական դաշտում»:
«Ասացեք խնդրեմ` այդ ո՞ր պաշտոնյան է, որ կարող է Հանրապետական կուսակցության ներսում ասել` պատասխանատվության ենթարկեք այս մեկին: Հովիկ Աբրահամյանը չի կարող դա ասել, որովհետև կշրջվեն և Հովիկ Աբրահամյանին կասեն` պատասխանատվության ենթարկվողներից մեկն ինքը պետք է լինի, Տիգրան Սարգսյանը չի կարող ասել, որովհետև կշրջվեն և կասեն` պատասխանատվության ենթարկվողներից մեկը դո´ւ պիտի լինես, Տարոն Մարգարյանը չի կարող ասել, որովհետև կրկին կշրջվեն և կասեն` պատասխանատվության ենթարկվողներից մեկը դո´ւ պիտի լինես: Այսինքն` բոլորի պարագայում էլ մեկի պոչը մյուսի ոտքի տակ է, և, ցավոք սրտի, նրանցից ոչ ոք չի կարող մյուսին պատժել, որովհետև պատժողը հաստատ արդար չէ,- ասաց Ս. Սաֆարյանը,- Սերժ Սարգսյանն ասի` սրան պատժել, պիտի շրջվեն և եթե չասեն, կմտածեն` մեկը լիներ` քեզ պատժեր»:
«Ուզում եմ ասել` իշխանության ներսում մեկը մյուսի դեմ այնքան կոմպրոմատներ ունեն, այնքան խոցելի են մեկը մյուսի համար, որ ուղղակի բոլորով շատ նույնն են դարձել: Քաղաքակիրթ դեմքից` մինչև կրիմինալը բացարձակապես նույնն են դարձել, և ո´չ, այսպես կոչված, օֆշորային թևը կարող է կրիմինալ թևին պատժել, ո´չ էլ հակառակը»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2012թ. տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր քաղաքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում կատարված աղաղակող բացահայտումներին, գնումների գործընթացում իրականացված չարաշահումներին, բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը և այլն:
Իր ելույթում Իշխան Զաքարյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ բյուջեի մոտ 70 տոկոսը կամ 701 մլրդ դրամ ռիսկային է: Իսկ նրա թիկունքում նստած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լսելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլլարի հասնող չարաշահումների մասին, զարմացած արձագանքեց. «Փաստորեն մենք թալանչիների հետ գործ ունենք, այս հաշվետվությունից հետո ի՞նչ պատասխան են տալիս այդ մարդիկ, սրա վերջին ի՞նչ է լինելու»:
Խորհրդարանի նախագահի այս «զարմանքը» և գործադիր մարմնի ղեկավար Տիգրան Սարգսյանի ջղաձիգ արձագանքը ՎՊ հաշվետությանը որոշակի հիմք դարձան իշխանության ներսում նախագահ Սարգսյանի բացակայության պայմաններում միմյանց դեմ պայքարող որոշակի թևերի առկայության մասին:
Հետագայում` նախագահականում հրավիրված քննարկման ժամանակ, Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Իշխան Զաքարյանից, որից հետո սկսվեցին ենթադրություններն այն մասին, թե նախագահը «մեծ ռազբորկայի» ժամանակ կջախջախի նաև Իշխան Զաքարյանին պաշտպանած հանրապետական կուսակիցներին:
Ջախջախվեցի՞ն Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող թևի ներկայացուցիչները կամ ընդհանրապես կա՞ այդպիսի պայքար ՀՀԿ-ի ներսում, թե՞ ոչ, սրանք հարցեր են, որոնք միգուցե հետաքրքրություն են առաջացնում զուտ քաղաքական տեսանկյունից, բայց արդյոք դրանք ունե՞ն որևէ նշանակություն հասարակության համար: