«Արդեն կոտորվել ենք, ո՞նց կարելի ա մարդկանց հետ սենց վարվել» (տեսանյութ)

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բնակիչները մեկ ամիսից ավելի է ջուր չունեն: Iravaban.net-ի հետ զրույցում նրանք վստահեցրել են, որ վերջին անգամ ջուր են ունեցել մայիսի 20-ին:

Կայքի զրուցակից Արփինեն փաստել է, որ ստիպված են լինում մի քանի օրը մեկ ջուրը գնել՝տոննայի համար վճարելով 2000 դրամ. «Ինչքա՞ն մենք կարող ենք ջուր գնել, կան մարդիկ, որ ֆինանսապես անապահով են: Վերջին անգամ երկու տոննա ջուր եմ գնել երկու օր առաջ: Դրա կեսն արդեն օգտագործել եմ»:

Նրա խոսքերով՝ գյուղում կան ջրային փոսեր, որոնք ջուր եղած ժամանակ լցնում են, որպեսզի հետագայում օգտագործեն. «Վերջին անգամ, երբ ջուր տվեցին ոչ ոք չհասցրեց լցնել այդ փոսերը: Հիմա ստիպված ջուրը առնում ենք: Անգամ ոռոգման ջուր չունենք, որ գոնե կարողանանք լվացք անել, բանջարեղեն լվանալ, առօրյա հոգսերը հոգալ»:

Բնակիչներից մի քանիսի խոսքերով՝ Ոսկետափում ամռանը միշտ էլ խնդիրներ են եղել: Ջրի խնդրիների պատճառով անգամ երեխաներին դպրոց չեն կարողացել ուղարկել:

Բնակիչները բողոքել են և՛ մարզպետարան, և՛ ջրմուղկոյուղի, բայց խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Համապատսխան մարմինները այդպես էլ որևէ հստակ պատասխան խնդրի լուծման համար չեն ներկայացնել:

Դեռևս հունվար ամսին գյուղի բնակիչ Գոռ Գաբրիելյանը դիմում էր ուղարկել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ -ի կենտրոնական գրասենյակ: Սակայն դիմումի պատասխանը ստացել էր վեց ամիս անց՝ հունիսի 12-ին: Այսինքն` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ -ն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն գրավոր հարցման պատասխանը տրվում է քաղաքացուն հարցումը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նույն օրենքը սահմանում է նաև, որ եթե գրավոր հարցման մեջ նշվա ծտեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը պարզաբանելով խնդիրը՝ նշել է, որ դա պարզապես սխալմունք է եղել, և գրությունը բաժանորդին չի հասել. «Մեր կողմից սխալ է եղել: Բաժանորդը դիմել է մեզ, և քանի որ Արարատի մարզի խնդիրներով զբաղվում է Կենտրոն արևմտյան մասնաճյուղը, մենք հանձնարարեցինք հենց այդ մասնաճյուղին պատասխանել քաղաքացու դիմումին»:

Վերջինիս հավաստմամբ` պատասխանը պետք է ուղարկվեր և՛ տնօրենին` Պատրիկ Լորենին, և՛քաղաքացուն՝ Գոռ Գաբրիելյանին, բայց պատասխանը սխալմամբ ուղարկվել է միայն տնօրենին. «Վեց ամիս անց վերծանելով դիմումները տեսա, որ ինձ մոտ բաց կա: Եվ հենց այդ ժամանակ էլ պատասխանեցինք Գոռ Գաբրիելյանին»:

Բաժնի տնօրենի խոսքերով՝ Ոսկետափում նման խնդիր առաջացել է այն ժամանակ, երբ գյուղապետարանը առանց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու կատարել է սխալ շինարարական աշխատանքներ, որի արդյուքնում էլ առաջ է եկել նման խնդիր:

Մինչդեռ գյուղի բնակիչները վստահեցրել են, որ վերջին տասը տարում իրենք նորմալ ջրամատակարարում չեն ունեցել: «Միայն 2012 թվականի ապրիլ ամսին տասը օրը մեկ ջուր ենք ունեցել: Դա վերջին տասը տարվա մեջ բացառություն է եղել»,- ասաց մեր զրուցակից Արփինեն:

Գյուղի բնակիչներից մի քանիսը նշեցել են նաև, որ եղած ջուրը փոխանակ իրենց տան, խոզաբուծական ֆերմաներին են փոխանցում. «Մեկ էլ ամիս ամիսուկես առաջ ենք ջուր ունեցել: Ջուրը մեզ տալու փոխարեն խոզաբուծական ֆերմաներն են օգտագործում, մուկ ու կռիսներն են օգտագործում: Հայաստանի ամենադժբախտ գյուղը Ոսկետափն ա, քանի որ ոչ տեր ունի, ոչ էլ տիրակալ: Դաշտից հոգնած գալիս ենք, ոչ կարողանում ենք լողանալ, ոչ լվացվել: Արդեն կոտորվել ենք: Ախր ո՞նց կարելի ա մարդկանց հետ սենց վարվել»:

Նշենք նաև, որ ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից Գոռ Գաբրիելյանին ուղարկված պատասխանի՝ Ոսկետափ գյուղի ներքին ցանցն ամբողջովին ընդգրկված է «Ասիական զարգացման» բանկի ֆինանսավորմամբ իրականացնող ծրագրերի մեջ, որի ավարտից հետո էապես կբարելավվի բնակիչների ջրամատակարարումը:

Վահագն Մանանդյանը Iravaban.net-ին տեղեկացրել է, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն:

Արև Ավագյան, Iravaban․net

Տեսանյութեր

Լրահոս