Ի՞նչ են քննարկելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստում՝ ըստ Խոսրով Հարությունյանի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում դարձյալ հերքեց շրջանառվող լուրերը, թե Հանրապետական կուսակցության ներսում լարվածություն կա` Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած խիստ գնահատականներից հետո: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, թե որպես Հանրապետական խմբակցության անդամ, ինքը ոչ մի լարվածության նշույլ չի զգացել: Ավելին` նրա խոսքով, իրենք շարունակում են առօրյա աշխատանքը. «Քիչ առաջ Գագիկ Մինասյանի հետ բյուջետային գրասենյակի հետ կապված հարցն էինք քննարկում, խմբակցությունում քննարկում էինք մեր օրենդրական գործունեության հետ կապված խնդիրներ, և այլն: Այնպես որ, որևէ լարվածություն ես չեմ տեսնում»:
Հարցին, թե ՀՀԿ-ում չեն խոսում՝ ի՞նչ բացատրություն պետք է տան Սերժ Սարգսյանին ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում խորհրդարանում ՎՊ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ որդեգրած դիրքորոշման համար, Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Քննարկումների էականն այն էր, որ նախաձեռնողը հենց հանրապետականներն էին: Սա շատ տրամաբանական է: ՀՀԿ-ն է առաջինը շահագրգռված, որ Կառավարությունը լինի անթերի: Մի՞թե սա տրամաբանական չէ: ՀՀԿ-ն շահագրգռված է, որ իր ձևավորած Կառավարությունն իրականություն դարձնի Սերժ Սարգսյանի նախընտրական բոլոր խոստումները»:
Խոսրով Հարությունյանի համոզմամբ` խորհրդարանական այդ քննարկումները ցույց տվեցին ոչ միայն ԱԺ քաղաքական մակարդակը, այլև` փաստեցին, որ ՀՀԿ-ն` իր իսկ թերություններով, պատրաստ է հանրության առջև ներկայանալու:
«Ես համոզված եմ, որ եթե Գործադիրում քննարկումներ էլ ծավալվեն այս հարցի շուրջ, ապա դրանք ոչ թե կլինեն` ինչո՞ւ այսպես կամ այնպես խոսեցիք, սա շատ պրիմիտիվ հարցադրում է, այն դեպքում, երբ նախագահն ինքն է հանձնարարել ՎՊ-ին խորը, առարկայական ստուգումներ անցկացնել, այլ` խոսքը կգնա այդ թերությունների վերացման ուղղությամբ: Այո, Հանրապետական կուսակցության քաղաքական պատասխանատվությունն արդյունավետ իրացնելու մասին: Քննարկման առարկա կարող է սա լինել»,- ընդգծեց նա:
Մեր դիտարկմանը՝ եթե, ինչպես նշեցիք՝ Սերժ Սարգսյանն էր հանձնարարել Իշխան Զաքարյանին ստուգումներ իրականացնել, ինչո՞ւ հայտնի քննարկման ժամանակ ասաց, թե Իշխան Զաքարյանի կարծիքը որևէ մեկին չի հետաքրքրում, Խոսրով Հարությունյանն պատասխանեց, որ նախագահի գնահատականն Ւշխան Զաքարյանի քաղաքական կարծիքի, հնչեցրած քաղաքական գնահատականների մասին է.
«Իշխան Զաքարայնը քաղաքական գործիչ չէ, նա քաղաքական որակումներ տալ չի կարող: Նա պետք է ասի` 100 դրամանոց ապրանք, 100 դրամանոց գին` մնացածն իր ի՞նչ գործն է` դա քաղաքական գործչի աշխատանքն է»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, համամիտ չե՞ք, որ ԱԺ-ում ՎՊ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ն Կառավարությանը միայնակ էր թողել, ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց՝ ասելով, որ ինքն իր ելույթում նման դիրքորոշում չէր որդեգրել. «Ես ոչ թե Կառավարությանը տարել եմ փակուղի ու մենակ եմ թողել, այլ` օբյեկտիվ գնահատականներ եմ տվել»: Ի վերջո, ըստ նրա` հանրապետության նախագահի խոսքը, գուցե՝ կոշտ ու խիստ, բայց եղել է նրա մասին, որ ՎՊ նախագահն իրավունք չունի քաղաքական գնահատականներ տալու: