«Դատապարտյալները ստիպված են ողջ օրվա ընթացքում շնչել առկա գարշահոտը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ հրատարակել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» միջանկյալ զեկույցը:

Զեկույցում նշված է, որ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հիմնական խնդիրները վերաբերում են պահման պայմաններին, որոնք հիմնականում հետևանք են ՔԿՀ-ներում գերբնակեցմանը. հացադուլ հայտարարած դատապարտյալների պահման առանձնահատուկ պայմանների ապահովման բացակայությանը, համապատասխան անհետաձգելի բուժօգնության բացակայությանը, արտաքին զննության ոչ պատշաճ անցկացմանը, և այլն:

Ըստ զեկույցի՝ ՔՀԿ-ներում առկա գերբնակեցվածությունը զգալիորեն ուժեղացնում է սթրեսային գործոնների ազդեցությունը: Խնդրահարույց է նաև հաստիքացուցակով նախատեսված ՔԿՀ-ների աշխատակիցների լրակազմի անհամապատասխանությունը պահվող անձանց քանակին: «Վերլուծելով տվյալ հարցը՝ ԱԿՄ-ն հանգում է այն եզրակացության, որ եթե ՔԿՀ-ներում առկա է գերբնակեցման խնդիր, ապա բռնության դրսևորումներն այդ հայտարարություններում դառնում են անխուսափելի: Այսպես, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ըստ լրակազմի, նախատեսված է 840 պահման տեղեր, սակայն ԱԿՄ-ի այցելության պահին պահվում էին 1184 ազատազրկված:

Ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 73 հոդվածի՝ մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածքը չի կարող պակաս լինել 4 քառակուսի մետրից:  Այդուհանդերձ, այցելած խցերն ունեն մեծ մասամբ 25 քմ, որտեղ բնակվում է 17 դատապարտյալ, որոնց համար, սակայն, տեղադրված է 10-12 մահճակալ: Այսինքն՝ մեկ խցում նախատեսված մահճակալների քանակը թվով չորս անգամ ավելի քիչ է ազատազրկվածների թվից, որոնք ստիպված քնում են հերթափոխով: Այցելության ընթացքում հայտնաբերվել են մի քանի խցեր, որտեղ պահվում են քիչ թվով դատապարտյալներ, օրինակ՝ 50-րդ խցում պահվում էին 8 դատապարտյալներ, բայց տարածքը բավական մեծ էր և դրված էր 9 մահճակալ:

ԱԿՄ-ի հարցին, թե ինչո՞ւ են այսքան քիչ դատապարտյալներ,  պատասխանեցին, որ նշված խցում բոլորը նախկին պաշտոնյաներ են: Տվյալ պարագայում ԱԿՄ-ն հարկ է համարում նշել ռիսկերի առկայության մասին: Մեկ այլ՝ 48-րդ խցում պահվում էր 3 հոգի, աշխատակիցների ասելով՝ այդ խցում 2 «զոն նայողներն» են, իսկ ԱԿՄ-ի հարցին, թե ինչու են այդ անձինք նման արտոնություններով օժտված, պատասխանեցին, որ տվյալ իրավիճակը միշտ է տիրել և փոփոխման ենթակա չէ, քանի որ նշյալ անձինք շատ են օգնում դատապարտյալների մեջ կարգուկանոնը պահպանելու հարցում: Կար նաև մի խուց, որտեղ պահվում էին 4 դատապարտյալներ:

Այդ խուցը լավ վերանորոգված էր ու բավականին լավ կահավորված, աշխատակիցների ասելով, նրանք նույնպես քրեական աշխարհում ճանաչված ու հարգված անձինք են: Նշվածը վկայում է ոչ միայն ՔԿՀ-ներում առկա խնդրահարույց հանդիսացող գողական ենթամշակույթի տարրերի արտոնյալ կարգավիճակի մասին, այլև հանդիսանում է ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդրի լուծման լուրջ խոչընդոտ:

ՔԿՀ-ներում գերբնակեցվածության խնդրի առկայության մեկ այլ օրինակ է ծառայում «Վարդաշեն» ՔԿՀ-ն, որի բնակեցման առավելագույն սահմանը կազմում է 150 անձ, այնինչ փաստացի այնտեղ պահվում է 240 անձ: 12 քմ խցում գտնվում են 6 դատապարտյալ, որը կրկնակի գերազանցում է նախատեսված սահմանը: Բացի այդ, գերբնակեցման խնդրի պատճառով, ազատ հիվանդասենյակներում պահվում են նաև առողջ ազատազրկվածներ: Մեկ այլ՝ «Էրեբունի» ՔԿՀ-ն նույնպես գերբնակեցված է, քանի որ, ի տարբերություն նախատեսված սահմանի՝ 391 անձի ՔԿՀ-ում փաստացի գտնվում է 442 դատապարտյալ:

Այնուամենայնիվ, ԱԿՄ-ն հարկ է համարում նշել, որ չնայած նախատեսված սահմանին, բոլոր դատապարտյալները բնակվում են հանրակացարանային տիպի սենյակներում, իսկ սանիտարահիգիենիկ պայմանները կարելի է որակել բավարար: ՀՀ մարզերում ԱԿՄ-ի այցելությունների ընթացքում գերբնակեցման խնդիրներ են արձանագրվել, օրինակ, «Արթիկ» ՔԿՀ-ում, որտեղ, չնայած նախատեսված սահմանի՝ 373 անձ, պահվում են 432-ը»,- նշված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ միայն նոր ՔԿՀ-ներ կառուցելու միջոցով հնարավոր չէ լուծել նշված խնդիրը, հարկավոր է հստակ արտահայտված պետական կամք, որն առաջին հերթին՝ ուղղված կլինի համատարած կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկան վերացնելուն:

Ըստ զեկույցի՝ որոշ ՔԿՀ-ների շինություններ համալիր վերանորոգման կարիք ունեն: Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընդհանուր պայմաններն, ըստ զեկույցի, անբավարար են, բացառությամբ մի քանի խցերի, մյուսները գտնվում են խոնավ և հակահիգիենիկ վիճակում: Սանհանգույցը գտնվում է առավել անմխիթար վիճակում, ինչի հետևանքով դատապարտյալները ստիպված են ողջ օրվա ընթացքում շնչել առկա գարշահոտը: Բացի այդ, հիմնարկի օդի խոնավությունը բարձր է, իսկ կոյուղու վթարի հետևանքով ջուրն արտահոսում է միջանցքներով, պատերին և հատակին խավարասերներ և այլ միջատներ կան, որոնք կարող են տարբեր առողջական խնդիրների պատճառ դառնալ, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների փոխանցողներ հանդիսանալ:

Զեկույցի համաձայն՝ ՔԿՀ-ներում զբոսանքը կազմակերպվում է ոչ պատշաճ ձևով:

Տեսանյութեր

Լրահոս