Հայաստանին Մաքսային միություն կթողնեն առանց Ղարաբաղի
Թվում է, թե Հայաստանը գտնվում է շատ լուրջ երկընտրանքի առաջ. դառնալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության անդա՞մ, թե՞ ստորագրել Եվրամիության կողմից առաջարկվող ասոցիացման պայմանագիրը, միանալով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին:
Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ ավելի հակված է ընտրել երկրորդ տարբերակը` դա բացատրելով Եվրոպայի հետ ունեցած արժեհամակարգային ընդհանրություններով: Շատերը պնդում են, որ, ի վերջո, Ռուսաստանը ստիպելու է Հայաստանին ընտրել Եվրասիական միությունը, քանի որ Հայաստանը և նրա իշխանությունն ավելի սերտորեն կապված են հենց Ռուսաստանի հետ, այդ թվում` արժեհամակարգային ընդհանրություններով:
Պարզվում է, որ Հայաստանը վաղուց արդեն Եվրասիական միության և Մաքսային միության անդամ դարձած կլիներ և ստորագրած կլիներ բոլոր հնարավոր փաստաթղթերը, եթե չլիներ դրան խանգարող մի շատ կարևոր հանգամանք: Խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին է, որին չեն ցանկանում տեսնել Մաքսային միության կազմում: Համենայնդեպս, դա են պնդում Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունների ընթացքին տեղյակ դիվանագիտական աղբյուրները:
Խնդիրն այն է, որ Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանի մաքսային սահմանը դառնում է Մաքսային միության անդամների համար արտաքին սահման. և Հայաստանի մաքսատներում կանգնելու են ոչ թե Հայաստանի ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատակիցները, այլ Մաքսային միության մաքսավորները: Եթե դա վերաբերում է Իրանի կամ Վրաստանի հետ ունեցած մաքսակետերին, ապա այստեղ որևէ խնդիր չկա: Բայց Մաքսային միության անդամ երկրները պահանջում են, որպեսզի Հայաստանը մաքսային սահման հաստատի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Այսինքն` Մաքսային միություն Հայաստանը կարող է մտնել միայն Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, իսկ ԼՂՀ-ն դրա մեջ ներառված չէ:
Հայաստանը կարող է պահանջել կամ խնդրել, որ Ռուսաստանը աչք փակի ԼՂՀ-ի վրա, և Հայաստանը ձեռքի հետ` անաղմուկ իր հետ Մաքսային միություն մտցնի նաև ԼՂՀ-ին: Ռուսաստանն էլ, թերևս, աչք փակեր դրա վրա, և չէր պահանջի, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահման լինի, բայց խնդիրն այն է, որ Մաքսային միության անդամ է նաև Ղազախստանը, որն Ադրբեջանի հետ բավական ջերմ հարաբերություններ ունի: Ըստ մեր աղբյուրների, հենց Ղազախստանը և նրա նախագահ Նուրսուլթան Նազարբաևն են պահանջում, որ Հայաստանի՝ Մաքսային միության մեջ մտնելու դեպքում ԼՂՀ և Հայաստանի ամբողջ սահմանը դառնա Մաքսային միության արտաքին սահման:
Պարզ է, որ նման անհեթեթ պահանջի հետ Հայաստանը չի կարող համաձայնվել: Նույն տրամաբանությամբ՝ հնարավոր է, որ մի օր էլ Ղազախստանը կամ նրա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պահանջեն, որ Հայաստանը դադարեցնի առևտրատնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Ղազախստանը ԼՂՀ-ն ճանաչում է ադրբեջանական տարածք:
Ինչպես տեսնում եք, Հայաստանը Մաքսային միությանը չի կարող անդամակցել ոչ թե ընդհանուր սահմանի բացակայության կամ աշխարհայացքային տարբերությունների, կամ՝ Եվրամիության հետ ինտեգրացիան ավելի ձեռնտու և առաջադեմ համարելու պատճառով, այլ` որովհետև չի կարող հանուն առևտրային շահերի հրաժարվել Լեռնային Ղարաբաղից: Ռուսաստանն էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատճառով չի կարող հրաժարվել Ղազախստանից: Դրա համար Ռուսաստանը փորձում է Հայաստանին առաջարկել Եվրասիական միությանն ինտեգրացիայի մի այնպիսի տարբերակ, որի դեպքում Հայաստանը կկարողանա ներկայիս ռեժիմով ազատ սահմաններ ունենալ ԼՂՀ-ի հետ, միևնույն ժամանակ կապված լինելով՝ Եվրասիական միությանը: Թե իրենից ինչ է ներկայացնելու դա, դեռևս չգիտեն ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում:
Ի տարբերություն Մաքսային միության, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը չի նախատեսում ընդհանուր մաքսային սահմանի առկայություն, այլ ընդամենը առևտրի ավելի ազատականացված ռեժիմ է, որից կարող են օգտվել ինչպես` Հայաստանի, այնպես էլ` ԼՂՀ տնտեսվարողները:
Եվրամիությունում չկա Ղազախստան, որը հանուն Ադրբեջանի շահերի` պահանջի, որպեսզի ԼՂՀ-ում գործող ձեռնարկությունները զրկվեն այդ առևտրային ռեժիմից օգտվելու հնարավորությունից:
Ինչպես տեսնում եք, Հայաստանի եվրոպական ընտրությունը պայմանավորված է բացառապես Ղարաբաղի հանգամանքով. ի տարբերություն Ռուսաստանի` Եվրոպայում Հայաստանին չեն ստիպում սահմաններ ստեղծել ԼՂՀ-ի հետ, այլ ընդհակառակը` պատրաստ են Հայաստանին եվրոինտեգրել ԼՂՀ-ի հետ միաժամանակ:
Այստեղ առաջանում է ևս մեկ հարց. ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը Մաքսային միության անհեթեթ պահանջը չի հրապարակայնացնում, հայ հանրությանը տեղեկացնելով, թե ի՞նչ պայմաններով են մեզ պատրաստ ընդունել Մաքսային միություն: Խնդիրը, թերևս, այն է, որ Հայաստանի իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանի ընտրությունը պայմանավորված է ոչ թե Մաքսային միության ոչ ադեկվատ պահանջներով, այլ արժեհամակարգային ընդհանրություններով: