Կայացել է ՏՏԶԱԽ հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ՏՏ նոր ռազմավարությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային առևտրի ժամանակ հարկային և մաքսային ոլորտում, երիտասարդ մասնագետներին Գերմանիա գործուղելու ժամկետների հարցում առկա խնդիրներին և այլն: Վարչապետը հանձնարարել է վերջինիս հետ կապված հարցը ներառել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում՝ այն քննարկելու և լուծումներ գտնելու համար:
Այնուհետև խորհրդին են ներկայացվել «Վիքիպեդիա Հայաստան» նախագծին առնչվող մի քանի հարցեր: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել «Վիքիպեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը տարածքով ապահովելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը և տալ համապատասխան եզրակացություն:
Օրակարգի վերջին հարցով առաջարկվել է ստեղծել բուհական գլոբալ հանրագիտարան՝ ինչն արժանացել է վարչապետի հավանությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ լրացուցիչ քննարկել առաջարկը և կրկին տալ համապատասխան եզրակացություն: