Էդուարդ Շարմազանով. Իսկ ո՞վ է ասել, որ մեզ միշտ պետք է գովեն, որ մեր կուսակցության նախագահը մեր աշխատանքից պետք է գոհ լինի

168.am-ն այսօր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե Հանրապետական կուսակցության ներսում լարվածություն կա՞՝ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած հայտնի քննարկման ժամանակ հնչած նկատառումներից հետո:

Ի պատասխան՝ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Լարվածություն չկա, կա աշխատանքային մթնոլորտ: Նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պարոն նախագահը շատ հստակ ու ամբողջական ներկայացրեց իր կարծիքը: Պարոն Սարգսյանի ասածները մեկնաբանության կարիք չունեն: իսկ երբ ԳՄ նիստ կլինի, մենք կխոսենք այս մասին»:

Ի պատասխան հարցին, թե իշխող մեծամասնությունը ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության ժամանակ իրեն ճի՞շտ է պահել՝ քննադատելով կառավարության գործունեությունը, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ճիշտ կամ սխալ պահելը քաղաքական կատեգորիա չէ: Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինչպես չի պահել՝ ներկուսակցական խնդիր է, կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցության ներսում քննարկելն այս հարցը ձեզ հետ քննարկել: Ինչպես որոշվի՝ այնպես էլ կլինի»:

Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Սերժ Սարգսյանը հատկապես դժգոհ է Հովիկ Աբրահամյանի ու Է. Շարմազանովի՝ խորհրդարանում հնչեցրած՝ «լափողներ», «թալանչիներ», ՝  կոշտ գնահատականներից, ապա ՀՀԿ խոսնակն ասաց. «Չգիտեմ՝ ո՞վ է «լափողներ», «թալանչիներ» ասել: Նրանք, ովքեր վճարել են չիրականացված աշխատանքի համար՝ անկախ նրանից, շինարա՞ր են, թե՞ չինովնիկ, չաղ ու բախտավոր են: Նախագահի գնահատականներն ամբողջական էին ու մեկնաբանության կարիք չունեն: Իսկ ո՞վ է ասել, որ մենք միշտ պետք է գովենք, որ մեր կուսակցության նախագահը մեր աշխատանքից պետք է գոհ լինի»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ մասնավորապես իր գնահատականները՝ «չաղ ու բախտավոր չինովնիկների մասին», ոչ թե կոպիտ էին, այլ՝ իրատեսական: Նա ավելացրեց, որ անկախ նրանից, թե ով է խախտում օրենքը՝ մարդիկ բաժանվում են պարկեշտ ու ոչ պարկեշտ պաշտոնյաների:

«Այն, որ մեզ մոտ դժբախտաբար ոչ պարկեշտ պաշտոնյաներ կան՝ փաստ է: Անկախ նրանից՝ ո՞վ է խախտում օրենքը՝ Պողոս Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը…, պետք է պատժվի: Սա է մեր կուսակցության փիլիսոփայությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս