Շարմազանովը՝ Կիպրոսի դատախազի հայտարարության և Տիգրան Սարգսյանի մասին

Կիպրոսի դատախազը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե անհնար է օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել առանց անհատի ներկայության կամ որևէ մեկի լիազորման: Այս առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ հարգարժան պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, հարցը գտնվում է իրավական տիրույթում և ես մեկնաբանելու բան չունեմ, դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին»:

Ճշտող հարցին, թե դատախազի խոսքերին չե՞ք հավատում, նա արձագանքեց. «Խնդիրը դատական ատյանում է, դատարանը կորոշի: Պարոն վարչապետն այս հարցով դատարան է  դիմել, կոռեկտ չեմ համարում, որ մեկնաբանենք այս խոսակցությունները»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե օֆշորային այս պատմությունը միտված է մինչ 2018 թ. նախագահական ընտրությունները վարչապետի իմիջը նվազեցնելուն, ՀՀԿ խոսնակն ասաց, որ մինչ հաջորդ ընտրությունները պետք է շատ բարեփոխումներ արվեն:

Նրա խոսքով՝ կուսակցությունն այդ հարցը դեռևս չի քննարկել, բայց ամեն դեպքում, ըստ նրա՝ այն, ինչ կատարվում է քաղաքական գործչի հետ՝ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ: Անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով տեղի ունեցող համաեվրոպական համաժողովին, Է. Շարմազանովն ասաց, թե Հայաստանում աստիճանաբար իրավուքնների գերակայության, ժողովրդավարության ու խոսքի ազատության զարգացման տեմպերը գնալով զարգանում են.

Կարդացեք նաև

«Մենք ամեն ինչ ուզում ենք լուծել հենց հիմա ու միանգամից, բայց այդպես չի լինում: Մենք ամեն ինչ անում ենք, որ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը լինի վերջնական ու անշրջելի»:

Հարցին, թե Հայատանում օրենքի առջև բոլո՞րն են հավասար, նա պատասխանեց. «Դժբախտաբար, կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, օրենքը պետք է հավասար լինի բոլորի առաջ: Այն մարդիկ, ովքեր օրենք են խախտում, պետք է պատժվեն: Այստեղ նաև կուլտուրայի, էթիկայի խնդիր է»:

 

Տեսանյութեր

Լրահոս