
Ռուստամ Իբրահիմբեկովը դարձել է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդն (ԺՈՒԱԽ) այսօր 84 կողմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրել հայտնի դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է ԺՈՒԱԽ-ի ապարատի և EL շարժման ղեկավար Էլդար Նամազովը:
Իբրահիմբեկովի թեկնածությունն աջակցություն է ստացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից, այդ թվում նաև «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի կողմից:
Միևնույն ժամանակ ԺՈՒԱԽ-ն ապօրինի է համարել երրորդ անգամ նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի թեկնածության առաջադրումը, ինչի մասին իրազեկել է երկրի խորհրդարանին, գլխավոր դատախազին ու ԿԸՀ-ին:
ԺՈՒԱԽ-ը կարծում է, որ կեղծվել են 2009 թվականի հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն, Ադրբեջանի սահմանադրությունից վերացվեց մեկ անձի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու քանակի վերաբերյալ սահմանափակումները: ԺՈՒԱԽ-ն Իլհամ Ալիևի երրորդ անգամ առաջադրումը որակել է որպես «ժողովրդավարական կարգերին ուղղված ավտորիտարիզմի մարտահրավեր»: