
Եգիպտոսի զինվորական վերնախավը կազմել է իշխանափոխության պլան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Եգիպտոսի զինված ուժերի ղեկավարությունն արդեն իսկ կազմել է պլան` կապված երկրի ներկայիս իշխանությունը նոր ձեռքերում հանձնելու հետ, ինչը կիրականացվի այն դեպքում, եթե քաղաքական ուժերն անկարող լինեն գտնել ներկայիս ճգնաժամից դուրս գալու խաղաղ ելք:
Այս մասին գործակալությանը հայտնել են Պաշտպանության նախարարությունում ունեցած նրա աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ` բանակը պատրաստվում է ցրել խորհրդարանը, որում գերակշռում են իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները և կասեցնել իսլամիստների թելադրանքով գրված Սահմանադրության գործունեությունը:
Դրանից հետո երկրի ղեկավարությունն անցնելու է անցումային խորհրդին, որը կնախապատրաստի սահմանադրական ուղղումներ և կանցկացնի համընդհանուր ընտրություններ, որոնցում տեղ նախատեսված չէ նախագահ Մուրսիի համար:
Ավելի վաղ գեներալները հայտարարել էին, որ իրավիճակը կվերցնեն իրենց վերահսկողության տակ, եթե քաղաքական գործիչները չկարողանան որևէ փոխզիջման գալ մինչև հուլիսի 3-ի երեկոյան: