Նռան համով հատապտուղ` քարամոշ
Բուժիչ նամակներ
Rubus saxatilis- վարդազգիների ընտանիքին պատկանող 15-30 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Ծաղիկները սպիտակ են, մանր, հնգաթերթ, վերնամասում հավաքված վահանաձև ծաղկաբույլերում։ Ընձյուղներն արմատակալող են, տարածվող։ Տերևները ձվաձև են, կոթունավոր, եռաբաժան։
Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում հուլիս-օգոստոսին։ Պտուղները խոշոր են, վառ կարմիր` սուտակի երանգի կամ դեղին։
Քարամոշի հետ միաժամանակ` հասունանում են Rubus ցեղին պատկանող մոշը, մորին, ճահճամոշը։ Բոլորն էլ մեղրատու են։
Քարամոշը հանդիպում է Դիլիջանի անտառներում, թփուտներում, ձորակների լանջերին։
Քարամոշը կարելի է դասել «եղանակագուշակ» բույսերի խմբին, անձևրից առաջ դրա տերևներն ուղղվում են, իսկ արևոտ եղանակին` կծկվում, դառնում խողովակի նման։ Պտուղներն ուտում են թարմ և չորացրած, դրանցից պատրաստում են չոր համեմունք, թեյի, սուրճի ըմպելիք և այլն։ Բայց անհամեմատ օգտակար և համեղ է ուտել թարմ հատապտուղը` շաքարավազով, կաթով, սերուցքով կամ մեղրով։ Ծաղկման շրջանում հավաքված տերևներով ստացվում է բուրավետ թեյ։
Բուժիչ նպատակներով օգտագործում են ծաղիկները, ցողունը, պտուղները, տերևները, արմատները։
Պտուղները չորացնում են օդափոխվող տեղում կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանում։ Տերևները հավաքում են ամռան առաջին կեսին, չորացնում ծածկի տակ։
Կոճղարմատը մաքրում են հողից, լվանում և չորացնում 50 C ջերմաստիճանում։ Պահում են ապակե կամ փայտե տարայում` մինչև 1 տարի։ Չոր տերևները կիրառելի են նյարդային (վախ, կակազություն, էպիլեպսիա), աղեստամոքսային համակարգի, թութքի, միզուղիների (ցիստիտ), հիվանդությունների դեպքում։ Քարամոշի պտուղը պարունակում է` օրգանական թթուներ, պեկտինային և դաբաղանյութեր, ասկորբինաթթու, ֆլավոնոիդներ, շաքար, ֆիտոնցիդներ։
Տերևները պարունակում են` դաբաղանյութեր, ասկորբինաթթու, ֆլավոնոիդներ։ Բույսը պարունակում է նաև մարգանեց, պղինձ, երկաթ, ցինկ և այլն։
Քարամոշի պտուղներից պատրաստված օշարակը խորհուրդ է տրվում օգտագործել տենդի դեպքում։ Եփուկն օգտակար է մաշկային հիվանդությունների դեպքում։
Քարամոշի առանձնահատկությունները
Պտուղը բաղկացած է հատիկներից, որոնք պարունակում են մեկ կորիզ և համով հիշեցնում են նուռը։
Քարամոշի բույսի վերգետնյա մասը պարունակում է նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային, հակամանրէ և ֆերմենտատիվ ակտիվությունը բարձրացնող հատկություն` ինչպես անանասում պարունակվող ֆերմենտ բրոմելայնը։ Քարամոշի տերևով, ծաղիկով, ցողունով կամ պտղով պատրաստված թեյն ունի նիհարեցնող հատկություն։
Յուրահատուկ բուժիչ հատկություն են ստանում քարամոշի սնկային հիվանդությամբ վարակված տերևները, որոնք ժանգագույն երանգ ունեն։ Չոր տերևի եփուկով կամ ոգեթուրմով բուժում են ընկնավորությունը և կակազությունը։
Եփուկ. 2 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր։
Ոգեթուրմ. Տերևը (անմիջապես չորացնելուց հետո) 15 օր թրմեք օղու մեջ` տաք տեղում, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 7 օր։
Եփուկը և ոգեթուրմը ունեն հանգստացնող հատկություն։
Քարամոշի պտուղն ունի սրտի ցավերը հանդարտեցնող ազդեցություն։ Վիտամին C-ի և ռուտինի բարենպաստ փոխհարաբերության շնորհիվ, պտուղը կարգավորում է խոլեստերինի բաղադրությունն արյան մեջ և նպաստում արյունատար անոթների պատերի առողջացմանը։
Ժողովրդական բժշկություն
Մազաթափություն, ճարպոտ սեբորեա. Մանրացրեք, խառնեք քարամոշի տերևը և արմատը (1։1)։ 2 ճ/գ հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 1 ժամ։ Քամեք երկծալ թանզիֆով։ Ցայեք մազերը լվանալուց հետո։
- Խառնեք քարամոշի խոտ, ապուզան նեղատերևի և երեքնուկ կարմիրի ծաղիկներ (4։3։2)։ 2 ճ/գ հումքը 30-40 րոպե թրմեք 0,5 լ եռջրում, քամեք։ Խմեք որպես թեյ։ Շարունակեք 2-3 ամիս։
Հոդատապ. 2 ճ/գ քարամոշի ցողունը և տերևը 15 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Սրբիչը թրջեք տաք եփուկի մեջ, փաթաթեք ցավոտ հատվածին։ Հանեք կես ժամից։
Հոդատապ, սուր ցավեր. 1 ճ/գ քարամոշի չոր տերևը եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ ` օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Թեթևացնում է ցավը նոպայի ժամանակ։
Կոնյուկտիվիդ. Փափկեցրած քարամոշի թարմ տերևը դրեք բորբոքված կոպերին։
Ստամոքսաբորբ, լյարդի և երիկամների հիվանդություններ. 1 ճ/գ մանրացրած ցողունը և տերևը 15 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա` 250 մլ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք և զտեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
- Քամեք քարամոշի պտղահյութը։ Խմեք 2-ական ճ/գ` ուտելուց 20 րոպե առաջ, օրը 4 անգամ։
Օշարակ Զտեք հատապտղի հյութը, ավելացրեք շաքար (1։1) հասցրեք եռման ջեմաստիճանի` 15 րոպե թրմեք։ Լցրեք ապակե տարայի մեջ, փակեք։ Պահեք հով տեղում։
Հյութ. Լվացեք 2 կգ քարամոշի հատապտուղ` կոթունի հետ, քամեք։ Ավելացրեք 1 լ եռջուր, 30 րոպե թրմեք, պտուղը տրորեք քամիչի վրա, ստացված հյութը խառնեք ջրին, ավելացրեք 0,5 կգ շաքար, դրեք կրակին, հասցրեք մինչև եռման ջերմաստիճանի։ Անջատեք կրակը և անմիջապես լցրեք հյութը մանրէազերծված շշերի մեջ, զմռսեք։ Պահեք հով տեղում։
Կվաս. Քարամոոշի հատապտուղները տրորեք, լցրեք 3 լ ջուր, եփեք մինչև եռալը, անջատեք կրակը։ Հովանալուց հետո եփեք ևս 5 րոպե։ Քամեք, ավելացրեք 1 կգ շաքարավազ, խառնեք։ Թրմեք 30 րոպե, ավելացրեք 10 գ խմորիչ։ Խմորման ժամկետը 2 օր է։
Մուրաբա. 2 կգ հատապտուղը լվացեք, քամեք։ Պատրաստեք շաքարաջուր (1,2 կգ շաքար և 400 մլ ջուր), լցրեք հատապտուղների վրա և եփեք 5 րոպե թույլ կրակի վրա։ Կրակն անջատելուց հետո, երբ ջերմությունը հասնի 20-25 աստիճանի, եփեք թույլ կրակի վրա` մինչև պատրաստ լինելը։
«168 ԺԱՄ»