Շոգ և տեսարաններ

Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած քննարկման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արդեն իսկ արժանացել է ամենատարբեր գնահատականների ու որակումների, որոնց միավորողն այն է, որ տեղի ունեցածն իշխանության կողմից բեմականացված հերթական շոուն էր: Սերժ Սարգսյանին պետք էր, որպեսզի այդ քննարկման ընթացքում հնչեին այն գնահատականները, որոնք հնչեցին: Հետևաբար՝ կամ Ս. Սարգսյանն ինքն էր հրահանգել ՎՊ-ի հաշվետվության ու ներկայացման շուրջ այդպիսի աղմուկ կազմակերպել, կամ տեղեկացված լինլով հաշվետվության մանրամասներին, ԱԺ-ում դրա ներկայացման մեկնարկից հետո դիտորդի կարգավիճակով հետևել էր կրքերի շիկացմանը:

«Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են»: Կենցաղային մակարդակում շատ հաճախ մեջբերվող այս արտահայտությունն իրականում նաև իշխանական համակարգի գործունեության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկն է: Նույնիսկ ամենամեծ ցանկցության դեպքում դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը կարող էր տեղեկացված չլինել Իշխան Զաքարյանի կողմից հրապարակվելիք հաշվետվության բովանդակությանը: Հայաստանի իշխանական հիերարխիան գրեթե բացառում է նման հնարավորությունը:

Նույն կերպ՝ ծիծաղելի կլինի անգամ մտածել, որ Ս. Սարգսյանը չէր կարող հենց սկզբից կանխել ՎՊ հաշվետվության սկանդալային ընթացքը: Դրա համար բավական կլիներ մեկ հեռախոսազանգ Հովիկ Աբրահամյանին կամ նույնիսկ Գալուստ Սահակյանին: Բայց նա չի դիմել այդ՝ «կանխարգելիչ» քայլերին, ինչ նշանակում է, որ իրադարձությունների «շիկացումը» պետք էր իշխանությանը՝ հերթական շոուն բեմադրելու համար:

Հիշեցնենք, որ նույնպիսի աղմուկ հանեց նաև անցած տարի կառավարության նիստում Ս. Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի քանի նախարարներ արժանացան կրկին կոշտ գնահատականների: Որևէ շոշափելի արդյունք այդ խորհրդակցությունը չտվեց, բացի նրանից, որ անարգանքի սյունին գամված բոլոր նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, վերանշանակվեցին Սերժ Սարգսյանի ձևավորած նոր կառավարությունում: Այսինքն՝ հասարակության համար կազմակերպվող այս տեսարաններն  իրականում որևէ կապ չունեն հասարակության, նրա խնդիրների հետ: Սրանք ընդամենը պրոֆիլակտիկ միջոցառումներ են իշխանական համակարգում տարբեր ուժերի միջև հավասարակշռությունը պահպանելու, կամ հակառակը՝ խախտելու համար:

Մի փուլում Սերժ Սարգսյանն այսկերպ թուլացնում է Տիգրան Սարգսյանին, հաջորդ խորհրդակցությամբ՝ սանձում է Հովիկ Աբրահամյանի հավակնությունները: Սակայն, մեծ հաշվով, դա հասարակության, քաղաքացիների կյանքի հետ որևէ առնչություն չունի:

Ի՞նչ տարբերություն, թե նույն իշխանության ո՞ր թևը կհաղթի, ո՞րը՝ կպարտվի: Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու մյուսները նույն իշխանության տարբեր բևեռներն են, մեկը՝ մտածողության հեղափոխություն իրականացնելու հոգնեցրած կոչերով, մյուսը՝ քաղաքականության մեջ խելքի բացակայության մասին իր աշխարհընկալմամբ: Էսթետիկական առումով նրանց միջև, իհարկե, որոշակի տարբերություններ կան: Սակայն բոլոր այդ տարբերություններով հանդերձ՝ նրանք ծառայում են նույն իշխանական համակարգին, որի պահպանման համար տարին մեկ-երկու անգամ ստիպված են գլխահակ լսել Սերժ Սարգսյանի քննադատությունը: Դա բարձրացնում է խորհրդակցությունների դիտողունակությունը:

Տեսանյութեր

Լրահոս