Պաշտպանը միջնորդում էր պարզել՝ մեղսունա՞կ են, մասա՞մբ մեղսունակ, թե՞ անմեղսունակ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը:  Դատարանում գործով ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով դատարանին փոխել իր խափանման միջոցը: Նա ասաց, որ մյուս երկու ամբաստանյալները՝ Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը, դատարանում հայտարարել են, որ ինքը գործի հետ կապ չունի: Նաև ասաց, որ եթե ինքը ցանկություն ունենար փախչելու, դա կաներ այն ժամանակ, երբ գործով ամբաստանյալներին նոր էին կալանավորել և երբ նրանք դեռ ցուցմունքներ չէին տվել: «Իմ դեմ ուղղակի և անուղղակի ապացույցներ չկան»,- ասաց նա:

«Ակնհայտ է, որ դուք անմեղ մարդուն պահում եք բանտում»,- հավելեց ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:

Նշենք, որ նախորդ դատական նիստում Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել էր նման միջնորդություն, սակայն գործով դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր այն: Դատավորն ասաց, որ դատաքննության ընթացքում միևնույն միջնորդությունը կարող է քննարկվել այն դեպքում, երբ կան նոր փաստարկներ կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարման անհրաժեշտությունը, և  քննության չառավ միջնորդությունը:

Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց քրեական գործով կենսաբանական փորձաքննություն անցկացնել: Նա միջնորդում էր կենսաբանական փորձաքննության ենթարկել դեպքի վայրից հայտնաբերված արնանման հետքերը, պարզել՝ արդյո՞ք դրանք արյուն են, թե՞ ոչ, եթե դրանք արյուն են, ապա պատկանո՞ւմ են Պարույր Հայրիկյանին, թե՞ մեկ այլ մարդու:

Պաշտպան Լ. Ավետիսյանը միջնորդեց նաև  դատատեխնիկական փորձաքննություն, որով կպարզվի, թե  «Վազ 21 99» մակնիշի մետքենայի վրա ի՞նչ տեսակի հակաառևանգման համակարգ է գործում, կարո՞ղ էր այն գործել, երբ սպոյլերը ջարդվեր, այն ի՞նչ պարերականությամբ և ի՞նչ ձայներ է արձակում, մեքենայից ձայնը ի՞նչ հեռավորության վրա է լսելի:

Նշենք, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտնել էր, որ առաջին կրակոցից հետո Պարույր Հայրիկյանը հարվածել է նշված  մեքենային, որի անվտանգության ազդանշանը միացել է: Դատարան հրավիրված վկաները նշել են, որ նրանք այդ ազդանշանը չեն լսել:

Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց նաև  նշանակել ապրանքագիտական փորձաքննություն, որով կորոշվի այն մեքենայի շուկայական արժեքը, որը վարել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը:

Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց նշանակել դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություն:

Նա միջնորդեց նաև գործով բոլոր ամբաստանյալներին դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննության ենթարկել:

Պաշտպանի համար մասնավորապես հիմք էր հանդիսացել այն, որ Վարդան Սեդրակյանը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ ինքը դառնալու է ՀՀ չորրորդ նախագահը, նախորդ երեք նախագահներին նշանակելու էր իր օգնականի պաշտոնում, իսկ մյուս երկու ամբաստանյալներն էլ հրաժարվել էին նախաքննության ընթացքում Վարդան Սեդրակյանի վերաբերյալ տված իրենց ցուցմունքներից: Պաշտպանը միջնորդում էր պարզել՝ արդյո՞ք վերջիններս տառապել կամ տառապում են հոգեկան որևէ հիվանդությամբ, մեղսունա՞կ են, մասա՞մբ մեղսունակ, թե՞ անմեղսունակ, ընդունա՞կ են հաշիվ տալու իրենց գործողությունների համար, Խաչատուր Պողոսյանը կրակոց արձակել է հոգեկան նորմա՞լ վիճակում, թե՞ ոչ:

Պաշտպանը միջնորդեց նաև ամբատանյալ Խաչատուր Պողոսյանի և տուժող Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ կատարել դեպքի վայրում քննչական փորձարարություն, վերականգնել դեպքի օրը դեպքի վայրում կատարված դեպքի պարագաները:

Դատարանում այժմ հայտարարված է է ընդմիջում, որի ավարտից հետո կողմերը կհայտնեն իրենց կարծիքները միջնորդությունների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս