«Խփված» և արտագաղթող վստահություն

«Առանց հանրության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»,- ՀՀ դատախազական ծառայության հիմնադրման 95-ամյակին կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Այսինքն՝ երկրում ամենամեծ լծակներն ունեցող, ամենաազդեցիկ մարդկանցից մեկը հանրությունից վստահություն է ակնկալում իր/համակարգի գործառույթներն արդյունավետ կատարելու համար: Մի կողմ թողնենք այն հարցը, որ իրականում հանրությունն իրավապահ մարմիններին, ընդհանրապես իշխանություններին վստահում է՝ ելնելով վերջինիս գործերի արդյունավետությունից և ոչ թե՝ հակառակը: Բայց դա այլ քննարկման թեմա է:

Աղվան Հովսեփյանի՝ հանրությունից վստահություն ակնկալելու մասին հայտարարությունը եզակի չէ, նա միակ պաշտոնյան չէ, ով քաղաքացիներից վստահություն է ակնկալում: Նույն միտքը տարբեր ձևակերպումներով արտահայտում են գրեթե բոլոր պաշտոնյաները՝ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ավելի ցածր օղակի պաշտոնյաներ: Փորձեք որևէ նախարարի մատնացույց անել իր ոլորտում առկա թերությունները, նա միանգամից երկարաշունչ տեքստ կասի այն մասին, որ դրանց հիմնական պատճառներից մեկը հասարակության վստահության պակասն է:

Այսինքն՝ եթե ընդհանրացնենք, իշխանությունը հասարակության հետ հարաբերություններում առաջնորդվում է «վստահեք մեզ, որ լավ աշխատենք» սկզբունքով: Դժվար է ասել, թե իշխանության «գաղափարախոսներից» հատկապես որ մեկի մտքով է անցել այս թեզը դարձնել հասարակության հետ «երկխոսության», ավելի ճիշտ՝ մենախոսության հիմնական մեխը:  Այս գաղափարի հեղինակը, բնականաբար, ցանկացել է օգնել իշխանությանը, գոնե քարոզչական դաշտում իշխանության համար ինչ-որ «արդարացում» հորինել, սակայն ստացվել է՝ ինչպես միշտ: Քանի որ նմանատիպ հայտարարություններով իշխանության ներկայացուցիչներն ընդամենն ավելորդ անգամ խոստովանում են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են, և իրենք այդ կեղծված ընտրությունների արդյունքում են զբաղեցնում իրենց պաշտոնները:

Ցանկացած, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժերը հանրության վստահության մասին պետք է խոսեն միայն ընտրություններից առաջ, երբ փորձում են արժանանալ այդ վստահությանը: Այն ուժը կամ թեկնածուն, ում ընտրում, այսինքն՝ վստահում է քաղաքացիների մեծամասնությունը, պաշտոնավարում է մինչև հաջորդ ընտրություն: Պատահական չէ, որ հատկապես վերջին համապետական ընտրություններից հետո իշխանության բոլոր խոսնակներն ամեն օր հայտարարում էին, թե ընդդիմությունը պարտվեց, որովհետև հասարակությունը չհավատաց և չվստահեց նրան: Փոխարենը, հպարտորեն ասում էին նրանք, հասարակության մեծամասնությունը վստահեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին:

Բայց հետընտրական հայտարարությունները շուտ են մոռացվում, ու ընտրություններից մի քանի ամիս անց գրեթե բոլոր մակարդակներով իշխանությունը հանրությունից վստահություն է ակնկալում: Ընդ որում, այդ հայտարարությունների մեջ կա նաև որոշակի հանդիմանանք, որն արտահայտվում է մոտավորապես այսպես. «Մեզ չվստահելով՝ պահանջում եք, որ լավ աշխատենք, այդպես չի լինում, վստահեք՝ նոր պահանջեք»:

Այսինքն՝ իշխանությունն ակնհայտորեն խեղաթյուրում է պատճառահետևանքային կապը, կամ, ժամանակակից իշխանական լեքսիկոնով ասած՝ «խառնում է՝ որը որից հետո է»: Հանրությունը վստահում է որևէ ուժի ընտրությունների ժամանակ և այդ վստահությամբ տալիս է իշխանությունն իրացնելու մանդատ: Հայաստանում հակառակն է՝ իշխանությունն ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, այլ ապօրինությունների միջոցով խլում է այդ մանդատը՝ հետո պաթետիկ տեքստերով պահանջում է վստահել: Դրա արդյունքը լինում է այն, որ հասարակությունն ավելի շատ վստահում է, ասենք, Երևան-Կրասնոդար չվերթի օդաչուներին (կամ ավտոբուսի վարորդներին), քան իշխանությանը:

Տեսանյութեր

Լրահոս