Փորձաքննության ժամանակ նմուշները ժամկետա՞նց են եղել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով օրերս արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:

Նման որոշման համար հիմք են հանդիսացել լաբորատոր փորձաքննության արդյունքները, որով նշված երկու արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տվել է արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարական:

«Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունն արգելվել է ծառայության պետի հունիսի 21-ի հրամանով, սակայն իրեն այդ որոշումը չի ներկայացվել. «Ինքս լրատվամիջոցներից եմ իմացել այդ որոշման մասին»: Ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև հայտնաբերված խախտումներին՝ դրանք համարելով «շատ պրիմիտիվ, առօրեական խախտումներ»:

«Օրինակ, այդ պահին ոչ սարքին ջերմաչափ է եղել, որը մենք վերացրել ենք, և ընթացիկ եղել է մատյանը վարելու սխալմունք, այսինքն՝ դա եղել է էլեմենտար տեխնիկական խնդիր՝ մատյանը վարելու հետ կապված, որը շտկվել է»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանք արդեն վերացվել են: Խոսելով լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին՝ Անի Թորոսյանն ասաց, որ արտադրանքից նմուշառում արվել է շատ երկար ժամանակահատվածի ընթացքում.

Կարդացեք նաև

«Իրենք նմուշը վերցրել են մայիսի 30-ին, իսկ պատասխանները մեզ հայտնել են երկու շաբաթ անց, երբ պիտանելիության ժամկետն արդեն անցած է եղել: Այսինքն՝ ապրանքի պիտանելիության ժամկետը 4 օր է, կրկնակի նմուշառում իրենք արել են ամսի 11-ին, որի ժամանակ արդեն ապրանքի պիտանելիության ժամկետն անցած է եղել: Ելնելով դրանից՝ ես տվել եմ մեկ այլ լաբորատորիա անալիզի, կարգավորել եմ բոլոր խնդիրները, արել ենք սանիտարական օր»: Ա. Թորոսյանի պնդմամբ՝ իրենց կողմից լաբորատոր փորձաքննության հանձնված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Մեր հարցին՝ արդյոք չե՞ք փորձել այդ նկատառումները ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, Անի Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե փորձել եմ: Հիմա, փաստորեն, խոսքն այն մասին է, որ այս որոշմամբ մենք կանգնել ենք փաստի առաջ, իսկ երբ ծանոթացել ենք առաջին փորձաքննության արդյունքների հետ, դրանից հետո կանխել ենք գործունեությունը, արել ենք մեր բոլոր կարգավորումները, դրանից հետո միայն եկել է ամսի 21-ի պատասխանը: Ես տեսչություն նամակ եմ գրել, որ կատարված են այն բոլոր աշխատանքները, որոնք մեզնից պահանջել էին, բոլոր կարգավորումներն արված են, ու խնդրում ենք նմանատիպ իրավիճակներից մեզ ազատել»:

Հարցին՝ ինչո՞վ եք պայմանավորում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նման գործունեությունը, նա պատասխանեց. «Սննդի անվտանգության ծառայության հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում ընդհանրապես: Դա լաբորատորիայի գործընթաց է, որը արվում է, և հավանաբար լաբորանտն ինքը տեղյակ չի եղել այն մասին, որ դա կաթնամթերք է, իսկ կաթնամթերքը պահպանման կարճ ժամկետ ունի: 15 օրվա ընթացքում չի կարելի պահել կաթնամթերքը ու անընդհատ դրանից նմուշառում անել»:

Իսկ հարցին էլ, թե որքա՞ն ժամանակով է արգելվել երկու արտադրատեսակների արտադրությունը, «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանեց, որ աշխատելու են կարճ ժամանակահատվածում հարթել առաջացած խնդիրները:
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք տարածված տեղեկատվությունը չի կարող ազդել ընկերության և նրա արտադրանքի վարկանիշի վրա, Անի Թորոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մեր սպառողն այնքան է վստահում մեզ, որ նմանատիպ խնդիր չենք ունենա»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն ժամանակով է արգելվել «Պանացեա» ՍՊԸ-ի երկու արտադրատեսակների արտադրությունը:

Ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. մայիսի 30-ի N 308-Ա հրամանի համաձայն` սույն թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 14-ը ծառայության մասնագետ-տեսուչների կողմից «Պանացեա» ՍՊԸ-ի գործունեության` անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառները կարգավորող ՀՀ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին համապատասխանությունը բացահայտելու նպատակով իրականացվել է ստուգում.

«Ստուգման ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Ծառայության տեսուչները, հիմք ընդունելով հայտնաբերված անհամապատասխանությունները և լաբորատոր փորձաքննության արդյունքները, ս.թ. հունիսի 18-ին կայացրել են արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցնելու մասին որոշում, իսկ ս.թ. հունիսի 21-ին ծառայության պետը՝ տեսուչների եզրակացության և արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցնելու մասին որոշման հիման վրա, կայացրել է արտադրական գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին որոշում, որով «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանին տրվել է հանձնարարական՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը վերացնել արձանագրված խախտումները և հուլիսի 2-ին այդ մասին տեղյակ պահել ծառայությանը»:

Մեզ հետ զրույցում ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին նաև, որ հունիսի 24-ին և 25-ին «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից իրենց նամակներ են ուղարկվել, որոնցում նշված էր, որ արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը կատարված է.

«Ծառայության աշխատակից տեսուչներն արդեն այցելել են ընկերություն, ծանոթացել հանձնարարականի կատարման արդյունքներին և փորձանմուշ ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այժմ սպասում ենք փորձաքննության արդյունքներին: Եթե դրանք և հանձնարարականի կատարումը բավարար գնահատվեն տեսուչների կողմից, և նրանք դրական եզրակացություն տան, ծառայության պետը կծանոթանա գործի մանրամասներին և կարող է կայացնել արտադրական գործունեության կամ դրա առանձին գործառույթների արգելանքը վերացնելու մասին որոշում: Այդ որոշման առկայության դեպքում միայն ընկերությունը կարող է սկսել արտադրական գործունեությունը»:

Սննդամթերքի անվտանգության ծառայությունից հերքեցին ընկերության տնօրեն Անի Թորոսյանի այն հայտարարությունը, որ արտադրատեսակներից նմուշառում կատարվել է այն ժամանակ, երբ դրանց պիտանելիության ժամկետն արդեն ավարտված է եղել:

««Պանացեա» ՍՊԸ-ի կողմից մայիսի 31-ին արտադրված «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակներից սույն թվականի մայիսի 31-ին տեսուչները լաբորատոր փորձաքննության նպատակով իրականացրել են նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում ներկայացված նմուշներում հայտնաբերվել են անվտանգության ցուցանիշներով (ԱՑԽՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր) անհամապատասխանություններ: Կրկնակի փորձաքննության ենթարկվել է «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակը հունիսի 6-ին, իսկ այդ արտադրատեսակի պիտանելիության ժամկետը 10 օր է: Հետևաբար, կրկնակի փորձաքննության ժամանակ նմուշը դեռևս պիտանելիության ժամկետում էր»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս