Ազնվամորի. Աստվածային հատապտղի բուժիչ հատկությունները
Պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ Կրիտոս կղզու բնակիչները հավաքել են ազնվամորու հատապտուղները Զևսի հայրենիքը համարվող Իդա լեռան լանջերից։
Ազնվամորին (Rubus idaeus, малина) վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Կյանքի առաջին տարում ցողունները խոտային են, բարակ, ծածկված են սուր փշերով։ Աշնանը ցողունները փայտանում են, իսկ հաջորդ տարվա գարնանը` ճյուղավորվում և կորցնում փշերը։
Տերևաթափ, մինչև 1,5-2 մ բարձրության հասնող թուփ (կամ կիսաթուփ) է։ Տերևները կազմված են կենտ քանակության (3,5 կամ 7 հատ) անհավասար սղոցաեզր տերևներից, որոնք մուգ կանաչ են, սրածայր, ներքևից սպիտակ, թաղիքանման մազմզուկածածկ։ Պտղաբերող ընձյուղների վրա տերևները եռամաս են, և հենց այս տերևներից ստացած պատրաստուկներն են առավել օգտակար։ Ծաղիկները սպիտակ են` մինչև 1 սմ տրամագծով, հավաքված ոչ մեծ վահանաձև հուրաններում` ցողունի և ճյուղերի գագաթներին։
Պտուղը հուլիս-օգոստոս ամիսներին հասունացող բազմակորիզակ է։
Ազնվամորին մեղրատու բույս է, ծաղկման շրջանը տևում է 15-18 օր։ Ծաղիկները թեքված են դեպի ներքև, ինչի շնորհիվ մեղուն կարողանում է «աշխատել» նույնիսկ անձրևոտ եղանակին։ Մեկ օրվա ընթացքում ուժեղ մեղվաընտանիքը կարող է մթերել մինչև 3 կգ ծաղկահյութ և 200 գ ծաղկափոշի. 1 հա ազնվամորու հոծ թփուտների մեղրատվությունը հասնում է մինչև 215 կգ։ Մեղրն ունի բաց սաթի գույն, հաճելի համ և բուրմունք։ Բյուրեղանում է երկրորդ տարում` ստանալով կրեմագույն երանգ։
Ազնվամորին հանդիպում է Նիգ-Ապարանի, Վայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Ախուրյան գետի վերին հոսանքների լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, քարքարոտ վայրերում, անտառների հատած տեղերում և եզրերին։
16-րդ դարից մշակվել է Եվրոպայում, մեր օրերում ունի մեծ տնտեսական նշանակություն, արտահանման ծավալներով առաջատարը ՌԴ-ն է։
Սերբիան զիջում է` 2, իսկ ԱՄՆ-ը` 3 անգամ։ Ռուսաստանում բուծվել են տեսակներ, որոնք պտղաբերում են առաջին տարվա աշնանը։
Հատապտուղները հարուստ են օգտակար նյութերով` թարմ պտուղը պարունակում է 5,7-9տոկոս շաքարներ, 2-3 տոկոս օրգանական թթուներ` կիտրոնի, խնձորի, գինու, մրջնի, սալիցիլի, ֆլավոններ, դաբաղանյութ, 5-6 տոկոս բջջանք, պեկտին, վիտամիններ, մակրո և միկրոտարրեր։ Գրեթե նույնանման նյութեր են պարունակում ծաղիկները և տերևները։ Սերմը պարունակում է մինչև 12 տոկոս ճարպային թթուներ և բետա-սիտոստերին։
Բնական ասպիրին
Գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդգրկել ազնվամորու թարմ և չորացրած պտուղները կամ դրանցից ստացված մթերքը աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, քանի որ դրանք լավացնում են մարսողությունը, ունեն հակաբորբոքային, ցավազրկող հատկություններ, սրտխառնոցը կանխարգելող ազդեցություն։
Չոր պտուղներում բարձր է սալիցիլաթթվի տեսակարար կշիռը, դրանցից ստացված թեյը համարվում է քրտնամուղ, ջերմիջեցնող դեղամիջոց, որը խորհուրդ է տրվում մրսածության դեպքում։ Չոր պտուղները կարող են փոխարինել ասպիրինին։
- 200 գ չոր հատապտուղը 30 րոպե թրմեք 600 մլ եռջրում։ Խմեք որպես քրտնամուղ միջոց` մրսածության, սկսվող գրիպի, անգինայի դեպքում։
- Գիրություն, ճարպակալում- 30 գ չոր հատապտուղը թրմեք 200 մլ եռջրում։ Դանդաղ խմեք թուրմը և կերեք 50-100 գ չոր հատապտուղ։
Ազնվամորին օգտակար է կանանց
Ազնվամորու պտղի թուրմը կարգավորում է դաշտանի պարբերությունը, ունի թարմացնող հատկություն, հանգստացնում է կարկամային ցավերը, կանխարգելում սրտխառնոցը, նվազեցնում է վիժման վտանգը և ցավերը ետծննդաբերական շրջանում, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Կանացի հիվանդություններ. Մանրացրեք, խառնեք հավասար քանակի ազնվամորու ծաղիկ և տերև։ 10 գ չոր (20 գ թարմ) հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք երկտակ ծալած թանզիֆով։ Կատարեք ներլվացում։ Օգտակար է նաև թութքի դեպքում, արտաքին օգտագործման համար։
Առատ դաշտան. Մանրացրեք, խառնեք (հավասար քանակի) ազնվամորու և գետնամորու տերևներ, կաղնու կեղև, հազարատերևուկի և սագմատնունու վերգետնյա մասերը։ 1 ճ/գ չոր հումքը 6 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 5-8 օր։
Շաքարային դիաբետ, հիպերտոնիա, աթերոսկլերոզ
Այս հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում խմել օրը 50 մլ թարմ, ջրի մեջ լուծված (2։1) կամ հատուկ ձևով պատրաստված ազնվամորու հատապտղից ստացված հյութ։
- Մզեք թարմ հատապտուղների հյութը (ցանկալի է` հյութաքամիչով)։ 1 կգ հյութին խառնեք 100 մլ ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա (չեռացնել)։ Տաք հյութը լցրեք շշերի մեջ, մանրէազերծեք, կիպ փակեք, զմռսեք։ Հյութը խմեք ուտելուց 30 րոպե առաջ։
Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի գոյացմանը և յուրացմանը հյուսվածքներում։
Հայտնի է, որ մարդու օրգանիզմը պետք է ստանա օրվա ընթացքում որոշակի քանակությամբ վիտամիններ, միկրո և մակրոտարրեր։ Ստորև բերված տվյալներում նշված է, թե այդ պահանջարկի քանի տոկոսն է պարունակում 200 մլ ազնվամորու հյութը.
- Կալիում` 16,4 տոկոս, կալցիում` 3,4, ֆոսֆոր` 4,4, մագնիում` 8,5։
- Երկաթ ` 20 տոկոս, պղինձ` 18,6, մարգանեց` 88,4, ցինկ` 6, յոդ` 4, քրոմ` 2,6, սելեն` 3,5։
- Վիտամին C` 55տոկոս, վիտամին E` 12,2, վիտամին K` 16,7, բետա-կարոտին` 2,4 տոկոս։
– B խմբի վիտամիններ. B1` 4 տոկոս, B2` 5,5, PP (նիացին)` 3, B5 (պանտոտենաթթու)` 12, B6 (պիրիդոքսին)` 7,5, B9 (ֆոլիաթթու)` 15 տոկոս։
Ազնվամորին պարունակում է նաև մոլիբդեն, կոբալտ, ֆտոր, բիոտին և այլն։
Այլ հայտնի մրգերից և բանջարեղենից ստացված հյութերի համեմատությամբ ազնվամորին պարունակում է ավելի մեծ քանակությամբ մարգանեց և ցինկ, պղնձի, երկաթի և E վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն սև հաղարջենուն։
Հայտնի է, որ ցինկը և քրոմը շատ կարևոր են շաքարային դիաբետի դեպքում։ Քրոմն ավելի շատ է լոլիկի (պահանջարկի 76 տոկոսը), գազարի (16), խնձորի (12), խաղողի (10,5), նարնջի և գրեյպֆրուտի (4-ական տոկոս) հյութերում։ Սելենի պարունակությամբ զիջում է նարնջին (16), խաղողին (10,7), սև հաղարջին (4,5), խնձորին (3,7 տոկոս), իսկ ֆոլիաթթվի պարունակությամբ մոտ է խաղողին (18), բալին (16,5), գազարին (13), նարնջին (11)։
Գինի
4-5 կգ ազնվամորին լցրեք 10 լ տարողությամբ ապակե շշի մեջ, ավելացրեք 4 լ տաք` 35 տոկոսանոց օշարակ, ծածկեք թանզիֆով, 4-6 օր թրմեք տաք տեղում։ Երբ չեչը բարձրանա, շշի բերանին ամրացրեք ջրի փական, 20 օր թրմեք։ Հատուկ խողովակի միջոցով հեղուկը տեղափոխեք այլ ապակե շշի մեջ, չեչը մզեք, զտեք թանզիֆի օգնությամբ և առաջացած հեղուկը նույնպես լցրեք երկրորդ շշի մեջ, ծածկեք փականով, թրմեք ևս 20-30 օր։ Գինին առանձնացրեք նստվածքից, լցրեք շշերի մեջ, պահեք հով տեղում։ Խմեք 50-ական մլ` օրը 1 անգամ։
Զգուշացում։ Հյութը կարող է ունենալ ալերգիկ ազդեցություն, առաջացնել այտուցվածություն, քոր, ալերգիկ ցան մաշկի վրա։
Կան ազնվամորու ենթատեսակներ, որոնք ունեն դեղին կամ մուգ կարմիր գույնի հատապտուղներ։ Դեղին ազնվամորին ալերգիա չի առաջացնում, դրա մեջ ավելի շատ է բետա-կարոտինը (1,5 անգամ)։ Այս տեսակն ունի հակաուռուցքային հատկություն։
Մուգ գույնի հատապտուղներում շատ բարձր է ռուտինի տեսակարար կշիռը (7500 մգ` 100 գ հումքի մեջ)։ Այս տեսակն ունի հակաճառագայթային, հակաուռուցքային, արյունատար անոթների (մազանոթների) պատերը մաքրող հատկություն։
Հիշողության կորուստ
Վերջին տարիներին ԱՄՆ-ի գիտնականներն ապացուցել են, որ սև հապալասը, մոշը, ազնվամորին, գետնամորի անտառայինը և դրա մշակովի տեսակը` ելակը, կանխարգելում են ուղեղի ծերացումը։ Պարզվել է, որ հատապտուղները ակտիվացնում են միկրոգլիա կոչվող հատուկ բջիջները, որոնք լուծում և հեռացնում են հիշողության կորուստ առաջացնող թունավոր սպիտակուցները։
Ի դեպ, ազնվամորու հակասկլերոտիկ հատկությունների մասին գրված է նաև խորհրդային ժամանակների դասագրքերում և տեղեկատուներում (С.Я. Соколов, Справочник по лекарственным растениям, Москва, 1984г.):
Հեղինակները կարծում են, որ նման հատկությունը բնորոշվում է հատապտղում պարունակվող ճարպային թթուների և բետա-սիտոստերինի ազդեցությամբ։ Սիտոստերինը հակազդում է խոլեստերինի առաջացմանը։ Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը, խորհուրդ է տրվում ընդգրկել ինսուլտ և ինֆարկտ տարած մարդկանց սննդակարգում։
Ժողովրդական դեղատոմսեր
Մրսածություն, գրիպ. Մանրացրեք, խառնեք ազնվամորու պտուղը, տատրակի տերևը, խնկածաղկի խոտը։ 2 ճ/գ չոր հումքը լցրեք 500 մլ եռացող ջրի մեջ, 5 րոպե եփեք, 40 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, գոլ վիճակում, 2 թ/գ մեղրի հետ։
- Խառնեք ազնվամորու պտուղը, լորենու ծաղիկը (1։1)։ 2 ճ/գ չոր հումքը 40 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
- Խմեք 50-ական մլ ազնվամորու հատապտղից ստացված թարմ հյութ, օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Օգտակար է նաև ստամոքսաբորբի, կոլիտի դեպքում։
- 1ճ/գ ազնվամորու չոր տերևը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Բրոնխիտ (խորխաբեր միջոց). 2 ճ/գ չոր տերևը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք տաք վիճակում, փոքր կումերով։
Բրոնխների ասթմա. 50 գ ազնվամորու արմատը (հավաքել ծաղկման շրջանում կամ ուշ աշնանը) 40 րոպե եփեք թույլ կրակի վրա 500 մլ ջրում։ Խմեք 70-ական մլ` օրը 5 անգամ։
Անգինա, կարմիր քամի, մաշկային ցան` կորյակներ. 3 ճ/գ ազնվամորու ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք-1-ական ճ/գ, օրը 3 անգամ։
Ստամոքսաբորբ, մաշկային ցան. 4 թ/գ չոր տերևը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
Այրոցք, փքվածություն. Մանրացրեք, խառնեք ազնվամորու մատղաշ ընձյուղները, տերևը, ծաղիկը։ 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե հետո։
Կոնյուկտիվիդ, կարմիր քամի. 2 ճ/գ չոր տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Դրեք թրջոցներ։
- 1ճ/գ ծաղիկը 5 րոպե եփեք 300 մլ եռջրում, քամեք։ Լվացեք աչքերը (ցանը)։
Հերպես. Ծամեք ազնվամորու մատղաշ տերևիկները, դրեք հիվանդ տեղին։
Խիթեր երիկամներում. Մանրացրեք, խառնեք 100 գ կեչու մատղաշ ճյուղեր, 20 գ ազնվամորու և 10 գ արծաթախոտի տերևներ, 10 գ չորածաղկի խոտ, 1 ժամ թրմեք 5 լ եռջրում, քամեք, խառնեք լոգանքի ջրին։
Արյունը մաքրող. 1-2 թ/գ չոր կամ թարմ տերևը խառնեք սովորական սև կամ կանաչ թեյի հետ, թրմեք եռջրի մեջ։ Կարող եք խմել ամեն օր։
Ազնվամորու տերևն ունի արտահայտված կապող, հակաբորբոքային հատկություն։ 100գ թարմ տերևում պարունակվում է մոտ 260 մգ C վիտամին, այսինքն` մոտ 6,5 անգամ շատ, քան թարմ պտղում։
Այրվածք, կորյակներ, կարմիր քամի. Ազնվամորու տերևի հյութը խառնեք կարագի հետ (1։4)։ Օրը 2 անգամ մշակեք վերքերը։ Պահեք սառնարանում։
Միջատների խայթոց. Մանրացրեք թարմ տերևը, 10 օր թրմեք օղու մեջ, քամեք։ Դրեք թրջոց կամ քսեք վերքին և չորանալուց հետո կրկնեք ևս մի քանի անգամ։
Խայթոցների դեմ օգտակար են նաև` վաղենակի ծաղկի 10 տոկոսանոց ոգեթուրմը, խատուտիկի արմատի հյութի 20 տոկոսանոց ոգեթուրմը, սոխի և մաղադանոսի հյութերը, ջղախոտ մեծի տրորած տերևը։
Կոպերի խնամք. Աչքերի եզրային մաշկը (հատկապես` կոպերը) շատ բարակ է և նուրբ։ Արյունատար անոթները գտնվում են մակերեսին շատ մոտ։ Մաշկի այս հատվածը հաճախ է այտուցվում, քանի որ կոլագենի շերտը շատ բարակ է, և քիչ է էլաստինը։
- Խառնեք մեկական ճ/գ վաղենակի, երիցուկի, լորենու ծաղիկներ, վարդի ծաղկաթերթեր, ազնվամորու և ջղախոտ մեծի տերևները։ Չոր հումքի վրա ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, 2 ժամ պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 4 օր, քամեք։ Օգտագործելուց առաջ գոլացրեք և բամբակե խծուծի օգնությամբ քսեք կոպերին կամ դրեք թրջոց։
Ազնվամորին հակացուցված է նեֆրիտի, հոդատապի, երիկամներում օքսալատային քարերի առկայության դեպքում։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: