Բողոքի ակցիա՝ նվիրված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 26-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքի դիմաց: Ըստ «Փաստինֆո»-ի՝ դատարանի ընտրությունը պատահական չէր՝ այստեղ այսօր շարունակվում էր ոստիկանության երկու օպերլիազորների դեմ խոշտանգումների մեղադրանքով գործի քննությունը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Մերի Ալեքսանյանը կայքի թղթակցին հայտնել է, որ Հայաստանը ճիշտ 20 տարի առաջ, 1993թ. միացել է ՄԱԿ-ի խոշտանգումների կոնվենցիային և պարտավորվել պայքարել խոշտանգումների դեմ: Սակայն 20 տարի անց էլ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը՝ Խոշտանգումը, համապատասխանեցված չէ ՄԱԿ-ի «խոշտանգումներ» եզրույթին:
ՀԿ-ները գտնում են, որ խոշտանգումներ չեն կարող որակվել ընտանեկան բռնության դեպքերը, դրանք կտտանքներ են, խոշտանգում է ցուցմունք կորզելու նպատակով պետական պաշտոնյայի, մասնավորապես՝ ոստիկանի կողմից ֆիզիկական ու հոգեբանական ճնշումը:
Ուստի ՀԿ-ները խնդրի լուծման իրենց «դեղատոմսն» են առաջարկում՝ օրենսդրական ու իրավակիրառ պրակտիկայում փոփոխությունների առաջարկները ներկայացնելով իրավասու մարմիններին՝ ոստիկանությանը, Վճռաբեկ դատարանին, այլ դատարանների, արդարադատության նախարարությանը, Ազգային ժողովին, Հատուկ քննչական ծառայությանը, դատախազությանը՝ յուրաքանչյուրին ըստ իրենց իրավասության:
«Այն, որ ոստիկանության համակարգում կա խոշտանգում, չի բացառում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հայտարարելով, որ «մսագործությունը, ծեծը և ջարդը պետք է կատեգորիկ արգելել համակարգում»: Մենք ուզում ենք հավատալ, որ ոստիկանապետի հայտարարությունները գործնականում կյանքի կկոչվեն, պատրաստ ենք որպես ՀԿ-ներ ներդնել մեր մասնագիտական ներուժը՝ օժանդակելու խոշտանգումների կանխարգելմանը Հայաստանում»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը: