Վանա լճում հայտնաբերվածն ապշեցրել և միաժամանակ ոգևորել է թուրք պրոֆեսորին (լուսանկարներ, տեսանյութեր)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրեր առաջ Վանա լճում հայտնաբերվել են կորալներ: Այս մասին հայտարարել է Վանա լճում ջրասուզման աշխատանքների ղեկավար Թահսին Ջեյլանը:
Վերջինիս խոսքերով՝ լճի հատակին հայտնաբերվել են հազարավոր տարիների վաղեմություն ունեցող մի շարք կորալներ: 20-րդ դար համալսարանի Ջրային գործերով ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Մուսթաֆա Սարրըն, ում առաջարկով կատարվել են ջրասուզման աշխատանքները, հայտարարել է, որ կորալները հայտնաբերվել են Աղթամար կղզու մերձակայքում:
Ուսումնասիրելով կորալների լուսանկարները՝ Ջեյլանը հայտարարել է, որ կորալների հայտնաբերումը մեծ կարևորություն է ներկայացնում Վանա լճում ստորջրյա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ անրաժեշտ է պահպանել կորալները.
«Շատերի համար Վանա լճի ջուրը ալկալային է և պիտանի չէ ոչ մի բանի համար: Կորալներն էլ աճում են նման միջավայրում: Տեսարանը շատ գեղեցիկ է և աներևեկայելի երջանկություն է պարգևում: Վանա լճի հատակին կան բաներ, որոնց մասին մենք չենք իմացել:
Լճի խորություններում անցկացրած հետազոտությունների ժամանակ մենք հայտնաբերել ենք մեկ մեծ սափոր, գտանք կորալներ և տեսանք մի ջրային օձի: Օձին մենք տեսել ենք կորալների հայտնաբերման վայրի վերնամասում: Շատ հուզառատ պահեր ենք ապրել»:
Մուսթաֆա Սարրըն իր հերթին հայտարարել է, որ լճում հայտնաբերված կորալները նման են ծովի կորալներին. «Լճի ափամերձ շրջանները հարուստ են կալիցումով, դրանցում հայտնաբերվել է հանքային ջուր, և այդ ամենը մեծացնում է լճի նշանակությունը: Լճում բնակվում է միայն մեկ ձկնատեսակ: Առաջիկա օրերին մենք քարտեզի վրա կանցկացնենք կորալների հայտնաբերման տեղերը, որոնց պետք է պահպանել»:
Հիշեցնենք, որ ավելի քան 120 տարի է, ինչ չեն դադարում Վանա լճում հրեշի գոյության մասին խոսակցությունները՝ սկսած սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի («կարմիր սուլթան») ժամանակվանից: Թուրք «ականատեսները» քանիցս պատմել են, որ իրենց «հաջողվել» է տեսնել 20-25 մետրանոց «Վանա հրեշին»:
Ի դեպ, 2012 թվականի աշնանը Վանի Ժանդարմերիայի հասարակական կարգի անվտանգության կորպուսին կից Ուղղաթիռային նավատորմի հրամանատարության անձնակազմը իր հանդերձանքի համար որպես խորհրդանիշ էր ընտրել Վանա լճի հրեշը, որով և Վանա լճի հրեշը «հայտնվեց» երկնքում: