
Փարիզը կանչում է հայոց «մեծերին». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահը, փաստորեն, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Եթե երկրից բացակայում է ՀՀ նախագահը, նրա պարտականությունները դրվում են ԱԺ նախագահի վրա, եթե ԱԺ նախագահն է բացակայում, ԱԺ նախագահի պաշտոնակատար է դառնում նրա առաջին տեղակալը:
Չնայած ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգ կմեկնի հունիսի 26-27-ը, սակայն կիրակի օրվանից նա Հայաստանում չէ: Որոշ տեղեկություններով, նախ մեկնել է Մոսկվա` տիկնոջ հետ, ինչն էլ ոմանց մոտ կասկած էր առաջացրել, թե մոսկովյան «Արարատ հայաթում» ծառուկյանաքոչարյանական հերթական «տուսովկան» է լինելու, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ Ծառուկյանն ու Քոչարյանը Հայաստանում են, ուստի նման բան չկա:
Իսկ կիրակի երեկոյան Արգամիչն արդեն Փարիզում էր, նրան դիմավորել են հայաստանյայց դեսպանատան աշխատակիցները: Եվ քանի որ Փարիզը տոն է, որ միշտ Հեմինգուեյի ու Արգամիչի հետ է, 3 օր, մինչև Ստրասբուրգ մեկնելը, նա կվայելի իմպրեսիոնիստների, Ռոդենի ու Բալզակի շունչը: Ի դեպ, Փարիզը կանչում է հայոց «մեծերին». նախորդ օրն այնտեղից վերադարձել է գեներալ Մանվելը, նրա առողջական վիճակը բարվոք է՝ բուժումն իր արդյունքը տվել է, իսկ մի քանի օրից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Գերմանիայից կանցնի Ֆրանսիա»: