«Դատավոր Կարինե Պետրոսյանն օգնում է Սամվել Մայրապետյանին»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցն` ընդդեմ «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող նշյալ ընկերությունը Պուշկին 14 հասցեում կառուցում է հսկայական հյուրանոցային համալիր՝ հարակից տարածքի շենք-շինությունների սեփականատերերի իրավունքների ոտնահարման ճանապարհով: Մեր թերթի նախորդ համարներում մեջբերել ենք Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), Քաղաքաշինության նախարարության մասնագետների, ինչպես նաև՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական եզրակացությունները, համաձայն որոնց՝ Ս. Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ն շինարարությունն իրականացնում է քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Հայցվորները դատարանից պահանջում են վերացնել քաղաքաշինական նորմերի խախտումը և կասեցնել ապօրինի շինարարությունը: Հայցվոր կողմը դատական վերջին երկու նիստերին բացահայտ հայտարարում է, որ դատավոր Կարինե Պետրոսյանը միտումնավոր հետաձգում է նիստերը, ընդ որում՝ առանց լուրջ հիմնավորման՝ այդպիսով «ծառայություն» մատուցելով գործարար Ս. Մայրապետյանին՝ հյուրանոցային համալիրի կառուցապատումն անարգել ավարտին հասցնելու նպատակով:
Նշենք նաև, որ վեց ամսվա ընթացքում կայացել է ընդամենը դատական երեք նիստ: Նախորդ նիստի ժամանակ հայցվոր Ա. Գասպարյանի ներկայացուցիչ Սամվել Դավթյանը դատարանին ինքնաբացարկ էր հայտնել՝ խնդրելով գործն այլ կազմով քննության հանձնել:
Երեկ կայացած նիստում, սակայն, Կ. Պետրոսյանը հայտարարեց, որ միջնորդությունը մերժվել է: Ի դեպ, երեկ դատական նիստին մասնակցում էր նաև ԱԻՆ ներկայացուցիչը, ում նիստի ավարտին թեև խնդրեցինք մեր հարցերին պատասխանել, սակայն վերջինս հրաժարվեց, ասելով՝ «հաջորդ անգամ»: Ինչևէ, նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչ Ս. Դավթյանը գործի համար էական նշանակության տեղեկություններ ունեցող տարբեր պաշտոնատար անձանց որպես վկաներ ներգրավելու միջնորդություն ներկայացրեց:
Բավարարվեցին ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանին, ԱԻՆ Հակահրդեհային անվտանգության բաժնի պետ Գագիկ Սարդարյանին և Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետ Կարո Այվազյանին որպես վկաներ դատարան հրավիրելու միջնորդությունները: Մինչդեռ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին ևս որպես վկա ներգրավելու և դատարան հրավիրելու միջնորդությունը դատավոր Կ. Պետրոսյանը մերժեց: Մ. Մինասյանի վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմնավորումը հայցվոր կողմի ներկայացուցիչները մեկնաբանում են այն հանգամանքով, որ Մ. Մինասյանը փորձում է պայքարել այդ անօրինականության դեմ` այն դեպքում, երբ նրան նույնիսկ չեն ընդգրկել Քաղաքաշինական խորհրդում:
Այլ կերպ ասած՝ Մ. Մինասյանին «մեկուսացնելով»` փորձում են Ս. Մայրապետյանի «ապօրինությունները» կոծկել: Հայցվոր կողմը վստահ է, որ դատարան կանչվելու պարագայում Ճարտարապետների միության նախագահը կհայտարարեր, որ Ս. Մայրապետյանն ապօրինություն է թույլ տվել, այսինքն՝ այն, ինչն իր ստորագրությամբ փաստաթղթով ներկայացվել է դատարան: Ս. Դավթյանը ևս մեկ միջնորդություն էլ ներկայացրեց դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու և այդ հիմքով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որի քննությունը դատարանը հետաձգեց՝ հայտնելով, որ եռօրյա ժամկետում դատարանի համապատասխան որոշումը կողմերը կստանան:
Ս. Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանն անհեթեթ պատրվակներով նիստը հետաձգում է. «Ես գտնում եմ, որ դատարանը կարող էր տեղում որոշում կայացնել, մանավանդ որ, կողմերն իրենց դիրքորոշումը հայտնեցին»: Հայցվոր կողմերից մեկի՝ Ա. Մարտիրոսյանի ներկայացուցիչ Վլադիմիր Բեջանյանը վստահեցնում է, որ դատավոր Կ. Պետրոսյանը միտումնավոր է դատական նիստերը հետաձգում, որպեսզի Ս. Մայրապետյանն ավարտին հասցնելով հյուրանոցային համալիրի շինարարությունը` ձեռք բերի սեփականության իրավունք, որի դեպքում նույնիսկ դատարանի վճռի և Արդարադատության նախարարության (ԱՆ) Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության միջամտությամբ հնարավոր չի լինի հյուրանոցային համալիրի քանդման աշխատանքներ իրականացնել: «Նիստերի հետաձգումը մեկ նպատակ ունի՝ հնարավորություն տալ կառուցապատումն ավարտին հասցնել: Հօգուտ Ս. Մայրապետյանի վճիռ` որպես այդպիսին, դատարանը չի կարող արձակել, քանի որ առկա են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներ:
Դատարանը պարտավոր է արդարացիորեն պահանջել՝ տարածքը բերել նախկին տեսքին, քանդել արդեն կառուցված հինգ հարկերը, բայց պարզ է, չէ՞, որ դատարանը Մայրապետյանի դեմ վճիռ չի կայացնի և, բնականաբար, մնում է մեկ ճանապարհ՝ դատական նիստերը հետաձգելու գնով Մայրապետյանին ժամանակ տալ կառուցապատումն ավարտին հասցնելու համար: Վեց ամսվա ընթացքում ընդամենը երեք նիստ է եղել, որոնք հետաձգվել են անհիմն պատրվակներով, անորոշ ժամանակով: Ես չեմ զարմանա, եթե հաջորդ նիստը կայանա երկու ամիս հետո»,- ասաց Վ. Բեջանյանը՝ հավելելով, որ միևնույն է, եթե անգամ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդար վճիռ չկայացնի` դիմելու են Եվրոպական դատարան:
«168 ԺԱՄ»