Ինչո՞ւ դատարանը մերժեց Վարդան Սեդրակյանին գումար փոխանցած անձին դատարան հրավիրելու միջնորդությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով դատական նիստը: Դատական նիստի ընդմիջման ժամանակ Պարույր Հայրիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյոք Հայրիկյանը տրամաբանական կապ տեսնո՞ւմ է նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը, փեսային և լրագրողներից մեկին վախեցնելու հրահանգների մեջ, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Իմ կատարյալ ահաբեկման դեպքում այս երևույթը կապված կլիներ բոլորի հետ, և ոչ միայն տրամաբանական կապ կլիներ, այլ բոլորդ կապված կլինեիք դրա հետ, այսինքն՝ ընտրությունները կհետաձգվեին, կլինեին նոր ընտրություններ, և այլն, և այլն»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում գործի քննությունը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես դեռ չեմ ճշտել, բայց Վարդան Սեդրակյանին ընդամենը 1-2 տարվա ծանոթ Ռուսաստանի քաղաքացին փոխանցել է 100 հազար դոլար: Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ են այդպիսի թեթևությամբ վերաբերվում այդ 100 հազար դոլարին: Այդ մասն ինձ համար իսկապես անհասկանալի է: Դուք դժվար թե գտնեք աշխարհում մարդու, ով երկու տարվա կիսատ-պռատ ծանոթին 100 հազար դոլար կտա հենց այնպես»: Դատարանում Պարույր Հայրիկյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին գումար փոխանցած անձանց հրավիրել դատարան՝ ցուցմունք տալու: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:
«Ես վարկած կարող եմ հնչեցնել կամ չհնչեցնել, բայց ցանկացած ողջախոհ հայ գիտի, որ հայ ժողովրդի և ձեզնից ամեն մեկի առանձին թշնամին թուրքական ցեղասպանության տարիներից սկսած՝ եղել է ռուսական իմպերիալիզմը: Թուրքական ցեղասպանության վերջնական կնիքը դրել է ռուսական իմպերիալիզմը՝ Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով: Եթե չլիներ այդ պայմանագիրը, մենք ուրիշ Հայաստանում էինք ապրելու, բոլորովին այլ: Բոլոր ողջախոհ մարդիկ գիտեն, որ հայ մարդկանց հիմնական թշնամին եղել է ռուսական իմպերիալիզմը: Շատ կարճ ժամանակամիջոցում ռուսական իմպերիալիզմին փոխարինել է ռուսական դեմոկրատիան՝ Կելենսկին, և դա մեզ տվեց Սարդարապատ կերտելու հնարավորություն, Ելցինը, ով մեզ հնարավորություն տվեց կասեցնելու կալցո օպերացիան և մյուս դավադրությունները հայ ազգի նկատմամբ: Այո՛, հայ ժողովրդի հիմնական թշնամին վերջին տասնամյակներում և այսօր ռուսական իմպերիալիզմն է՝ Հայաստանն առանց հայերի իր քաղաքականությամբ:
Կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ 1977 թվականին եղել է դատավճիռ Օլեգ Կուզնեցովի ստորագրությամբ «Эхо взрывов Москвы» (մոտավորապես վերնագիրն այդպիսին էր), որում ասված էր. նախազգուշացում է ուղարկված բոլոր հայերին, որ Հայրիկյանը կարող է դառնալ ձեր նախագահը: Այդ դեպքում դուք պետք է պատասխան տաք, հայ գործարարներ, որոնք ապրում եք Ռուսաստանում, մտածե´ք, թե ի՞նչ է ձեզ սպասվում, եթե Հայրիկյանը հաջողության հասնի, այսինքն՝ հայ ազգն իսկապես անկախ, ժողովրդավարական երկրի տեր: Ես դա համարում եմ շատ կարևոր, ուղղորդող նյութ: Հայրիկյանն այդտեղ ներկայացվում է որպես միջազգային ահաբեկչության առաջամարտիկ, նույնիսկ իսլամական ահաբեկչությունն է կապվում ինձ հետ, որի հետ ես երբևէ կապ չեմ ունեցել: Դրա համար ես համարում եմ, որ դատավճիռը որոշված է եղել այնտեղ, իսկ կատարումը թույլ է տրված տարբեր գործակալների իրականացնելու»,- ասաց Հայրիկյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ինքը որևէ վարկած ունի՞, որ պատվիրատուն ռուսական կողմից է:
Անդրադառնալով դատարանում գործով ամբաստանյալների ցուցմունքին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ առհասարակ ոչ մի ամբաստանյալի խոսքերն էլ համոզիչ չեն: «Ամբաստանյալի խոսքը համոզիչ կարող են համարել միայն նրանք, ովքեր չեն հասկանում ամբաստանյալի կարգավիճակը: Նա մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, և դրանից ելնելով՝ ինքը կարող է ամեն տեսակի սուտ ասել: Ես դրա համար չեմ էլ հետևում ամբաստանյալի խոսքի՝ այս պահին իրար հետ պայմանավորված ասածներին: Դա ինձ համար նշանակություն չունի: Այս ամբաստանյալներն էլ ինձ չեն հետաքրքրում: Ես ուզում եմ՝ հենց այսօր նրանք լինեն տանը, որովհետև իրենք պրիմիտիվ կատարողներ են, և իրենց նման պրիմիտիվ կատարողներ կան բազմաթիվ: Այն լրագրողները, որոնք գումար ստանալով՝ ասում էին՝ Հայրիկյանի վրա չեն կրակել, այն մարդիկ, ովքեր ասում էին, որ այս դեպքը չի եղել, ում ես կոչեցի, իրավամբ կոչեցի անասուն, այդ բոլորը նույն հանցագործության մասնակիցներն են: Թող այս մարդիկ լինեն ազատ, բայց գտնենք պատվիրատուներին»:
Պարույր Հայրիկյանն ավելացրեց, որ ռուսական իմպերիալիզմն իրենից միշտ վախեցել է, և ինքն ուրախ է դրա համար:
Անդրադառնալով գործին Վարդան Սեդրակյանի կապ ունենալուն կամ չունենալուն, Պարույր Հայրիկյանն ասաց. «Եթե անգամ կապ ունի, Վարդան Սեդրակյանն ավելի վատը չէ, քան այն ստոր մարդը, որ ասում է՝ Հայրիկյանի վրա չեն կրակել: Դրանք նույն մարդիկ են: Վարդան Սեդրակյանն ինչո՞ւ պիտի բանտում լինի, իսկ «Հայրիկյանի վրա չեն կրակել» ասողն ազատ ման գա: Թող բոլորն էլ ազատության մեջ լինեն, բայց գտնենք նրանց, ովքեր կազմակերպել են, որովհետև դա իմ դեմ չի ուղղված, դա ուղղված է ձեր դեմ»:
Նշենք, որ Պ. Հայրիկյանին մշտապես ուղեկցում են Ոստիկանության աշխատակիցները: Լրագրողների հարցին՝ արդյոք Հայրիկյանը վա՞խ ունի, որ նորից նման բան կարող է լինել, նա պատասխանեց. «Ոստիկանության պահնորդական այդ խմբերի ներկայացուցիչներն իմ հանձնարարությամբ չեն ինձ ապահովագրում: Երևի իրազեկ մարդիկ լավ հասկանում են, թե ի՞նչ վտանգ է սպառնացել, և հիմա ի՞նչ է սպառնում: Երևի իրենք ինձնից ավելին գիտեն»: