
Սառեցված Երևան-Վան չվերթը կիրականացվի՞ աշնանը

Երևան-Վան չվերթի տապալումից հետո հայկական կողմը շարունակում է ուղիներ փնտրել ծրագրի իրագործման համար: Ինչպես 168.am-ին հայտնեց չվերթի նախաձեռնող, «Նարեկավանք Տուր» ընկերության հիմնադիրներից Արմեն Հովհաննիսյանը, գործընթացում ներգրավվել են նաև կառավարության ներկայացուցիչներ: Մի լուրջ խնդիր կա, որ տարածաշրջանային թռիչքներ կատարող թուրքական «Բորաջեթ» ավիաընկերությունը, որը պետք է իրականացներ նաև Երևան-Վան չվերթը, հայտարարել է, որ առանց վերջինի, մնացած ուղղություններով չվերթերն իրենց չեն արդարացնում, և կարող է Վանում իր կենտրոնը փակել: Մնացած ավիաընկերությունները նման չվերթ չեն կարողանա իրականացնել, քանի որ ընդհանուր չվուղիները հաստատվում են տարվա սկզբում:
Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայում թուրքական կառավարության կողմից խոչընդոտներ չկան. «Վերջերս դիմել ենք Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այն ժամանակ իրենք միայն խոսքով էին մեզ պատասխանել, որ առայժմ սառեցվում է չվերթը, իսկ գրավոր պատասխան չեն տվել: Այժմ մեզ տեղեկություններ են հասնում, որ իբր կառավարությունը խնդիր չի տեսնում»:
Սակայն, ըստ Ա.Հովհաննիսյանի, ապրիլին ծրագրված չվերթերի սառեցման միակ պատճառն այն ժամանակ աղմուկ բարձրացրած Ադրբեջանը չէր, այլ ավելի խորքային պատճառներ կային: Նա նշեց, որ ոչ պաշտոնապես թուրքական կողմն իրենց խորհուրդ է տալիս փորձել չվերթեր նշանակել Խաչվերացի տոնին, երբ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Այս տարի դա լինելու է սեպտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթը սկսվելու էր ապրիլի 3-ից: Չվերթի դեմ ակտիվ քարոզարշավ էին սկսել Ադրբեջանում: Բաքվում պնդում էին, որ Երևան-Վան չվերթի իրականացումը փաստացի նշանակում է հայ-թուրքական սահմանի բացում: Նախագիծը չեղյալ հայտարարելու պահանջով հանդես էր եկել նաև Իգդիրի ադրբեջանական համայնքը: