Լևոն Զուրաբյան. Այո, կարող են մեզ մեղադրել, որ ավտոմատները չենք վերցրել մեր ձեռքն ու չենք գնացել նրանց դեմ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե արտագաղթի համար իշխանությունը ևս պատասխանատվություն է կրում, բայց նաև, դիմելով ընդդիմությանը, շեշտել էր. «Պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա՝ հեռանում է: Երբ տեսնում է, որ չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, իսկ դա ձեր անհաջողությունն է»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում իշխանության նման մոտեցմանը, մասնավորապես այն, որ արտագաղթի համար պատասխանատու է նաև ընդդիմությունը, ասաց.

«Փաստորեն մենք գործ ունենք մի վարչապետի, մի իշխանության հետ, որն այլևս տարրական բաներ չի հասկանում: Չի հասկանում, որ երկրի, նրա քաղաքական ինստիտուտների զարգացման համար ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը հասցեագրված բնորոշումներին, այն է՝ «չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ», ապա Լ. Զուրաբյանը հարց ուղղեց. «Ի՞նչ է արել այս իշխանությունը, որ ընդդիմությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ, կայանա»:

Կարդացեք նաև

Ապա հավելեց. «Այս իշխանությունը գնդակահարել է 10 մարդ, 150 մարդու բանտերում երեք-չորս տարի պահել է, 5000 հոգու ծեծել են, մեր համակիրներին զանգվածաբար հանել են աշխատանքից, համալսարաններից, զրկել են այս երկրում աշխատելու, սովորելու էլեմենտար հնարավորություններից, որոնց մեծ մասը թողել-գնացել է երկրից: Եվ վարչապետն այսքան ցինիկաբար կարող է ընդդիմությանը մեղադրել արտագաղթի մե՞ջ… Սա խայտառակություն է: Էդ ո՞նց ենք մենք այլընտրանք ծառայելու, եթե իրենց պատասխանն ավտոմատն է: Եթե այդ հարթության մեջ պետք է այլընտրանք ծառայենք, ուրեմն՝ այո, կարող են մեզ մեղադրել, որ ավտոմատները չենք վերցրել մեր ձեռքն ու չենք գնացել նրանց դեմ` պատասխան գործողություններով»:

Հարցին, թե համամիտ չե՞ք հնչող տեսակետների հետ, թե ընդդիմությունը համապետական ընտրություններից առաջ չմիավորվելով` հիասթափեցրեց ժողովրդին, ինչը ևս դիտվեց որպես արտագաղթի պատճառը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե դրանք «դատարկ» խոսակցություններ են:

Ըստ նրա` ՀԱԿ-ը չմիավորվելու հարցում մեղավոր չէ, որովհետև բանակցություններ չի վարել ու չի մասնակցել դրանց: «Բանակցությունները վարել են ոչ իշխանական չորս քաղաքական ուժերից երեքը` բացառությամբ ՀԱԿ-ի, որն էլ նախապես համաձայնություն էր տվել ցանկացած արդյունքի: Մենք առաջինն ենք համաձայնել համախմբվել, ոչ մի ամբիցիա չենք դրսևորել, բանակցություններին էլ չենք մասնակցել, որևէ պահանջ չենք կրել: Սա առնվազն նշանակում, որ մենք մեղավոր չենք, պատասխանատվություն կրել չենք կարող` չմիավորման համար»:

Նրա հավաստմամբ, համախմբման հարցն «արհեստական» էր, որովհետև քաղաքական ուժերի համախմբումը միայն լծակ է` ոչ ինքնանպատակ: Այն հասարակությանը միավորելու գործիք է:

«Կարևոր է  համախմբել հասարակությանը: Իսկ մենք դա արել ենք: Մենք 5 տարի հասարակությանը համախմբել ենք: Մեծ հաշվով՝ այս հարցը լուծված է: Պարզապես ռեժիմ-հասարակություն պատերազմի մեջ լինում են և առաջընթացներ, և հետընթացներ: Միշտ էլ այդպես է եղել: Հիմա նահանջի ժամանակ է, բայց «հաղթանակը», որն իշխանությունը ձեռք է բերել սեփական ժողովրդի նկատմամբ, ծանր գնով է ստացել: Իրենք ուզո՞ւմ էին, որ Հայաստանից ժողովուրդը փախեփախ արտագաղթի: Եթե ուզում էին` համարենք, որ հաղթանակ են տարել: Բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանի սեղանին դրել են տեղեկանք, որ 5 ամսվա մեջ արտագաղթել է 100.000 մարդ: Սա՞ էր իրենց ուզածը: Այս խաղաքարտերո՞վ են բանակցելու Ադրբեջանի հետ, կառուցելու երկրի պաշտպանությունը… իրենք կրակի հետ են խաղում` ժողովուրդը մի օր ապստամբելու է»,- շեշտեց ՀԱԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս