Դավիթ Հարությունյան. Ծախված մարդկանց հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերվել

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին օրը՝ հունիսի 24-ին, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ուղերձով հանդես կգա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կպատասխանի նաև ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի` հունիսի 24-ից 28-ը կայանալիք լիագումար նիստերի օրակարգում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցի քննարկում նախատեսված չէ: Սակայն, ինչպես Փաստինֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «եվրոպական բոլոր հարցերը Հայաստանին վերաբերում են»:

Ըստ Դ.Հարությունյանի՝ նստաշրջանում քննարկվելիք զեկույցներից որոշներում Հայաստանը, ի թիվս ԵԽ անդամ այլ երկրների, հիշատակվում է:

Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաև «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ ԵԽԽՎ կայքէջում տեղադրված փաստաթղթին, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն, ապա. «Այդ պատգամավորները հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի, համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում»:

Դ.Հարությունյանի պարզաբանմամբ՝ փաստաթուղթը ստորագրած Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի և Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽԽՎ պատվիրակների կողմից եղել է առաջարկություն, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց և այլն: Սակայն դրան ընթացք չի տրվելու, ինչից հետևում է, որ այն ունենալու է «մաքուր թղթի» կարգավիճակ:

«Տհաճություն պետք չէ ապրել: Եթե կան մարդիկ, որոնք բացարձակապես ծախված են, և հայտարարություն են անում, որը պայմանավորված է իրենց ծախված լինելով, դրան պետք է հանգիստ վերաբերվել»,-վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ «այդ ցանկն ուղղակի բացահայտում է, թե ովքեր են իրենց հենարանը»:

Հարցին, թե արդյո՞ք այդ պատվիրակներն ադրբեջանական լոբբիի անդամներ են, Դ.Հարությունյանը պատասխանել է. «Լոբբին ավելի մեծ է. կան մարդիկ, որոնք շատ ավելի ակտիվ են, կան մարդիկ, որոնք վարձատրվող են, և կան մարդիկ, որոնք գործում են ոչ պաշտոնական վարձատրության դիմաց»:

Մանրամասները՝ Փաստինֆո-ում

Տեսանյութեր

Լրահոս