Արդյո՞ք վրացիները հայ զբոսաշրջիկներից կարմրուկի դեմ պատվաստված լինելու մասին հավաստող փաստաթուղթ են պահանջում

Ամռան ամիսներին Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների հոսքը մեծանում է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակիչների զգալի մասն իր հանգիստն անցկացնում է հարևան Վրաստանում։ Վրաստանում այժմ տարածված կարմրուկի համաճարակի պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս այնտեղ մեկնելուց 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ (պատվաստումը ստանալուց 4 շաբաթ անց է ձևավորվում իմունիտետը):   Այս ընթացքում Վրաստան մեկնել ցանկացողների շրջանում լուրեր են տարածվել այն մասին, թե Վրաստանի սահմանին վրացական կողմը երկիր մեկնողներից պահանջում է կարմրուկի դեմ պատվաստված լինելու մասին հավաստող փաստաթուղթ:

168.am-ի հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպանի ավագ խորհրդական Նինո Աբցեաորին ասաց, որ վրացական կողմը նման փաստաթղթեր չի պահանջում. «Եղել է միայն Առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ կարմրուկից խուսափելու ամենալավ, ամենահուսալի միջոցը հենց պատվաստումն է դրա դեմ՝ գնալուց 4 շաբաթ առաջ: Վրացական կողմը ոչ մի բան չի պահանջում։ Միայն Հայաստանի առողջապահության նախարարությունն է զգուշացնում, որ քանի որ Վրաստանում կարմրուկի համաճարակ կա, ավելի լավ է պատվաստվել դրա դեմ և դրանից հետո միայն գնալ»:

ՀՀ առողջապահության նախարարության Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը  ևս 168.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե վրացական կողմը պատվաստված լինելու մասին փաստաթուղթ է պահանջում: «Հենց երեկ ես խոսել եմ Վրաստանի` հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի հետ: Նման պահանջ բացարձակ գոյություն չունի, ես վստահեցնում եմ բոլորին: Նման պահանջ գոյություն չունի նաև Հայաստանի կողմից։ Մենք ոչ մի սահմանափակում և հատուկ պահանջ չունենք: Ես 100-ով վստահեցնում եմ` ոչ ոք սահմանի վրա ոչ մի խնդիր չի ունենա»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով` եթե որոշ ժամանակ առաջ Վրաստանում ամեն օր մեծ թվով կարմրուկի նոր դեպքեր էին գրանցվում, ապա արդեն  1 շաբաթ է` կտրուկ նվազել է օրական գրանցվող դեպքերի քանակը: «Հույս կա, որ առաջիկայում վիճակը կկայունանա»,- հավելեց Գայանե Սահակյանը:

Մեզ հետ զրույցում Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավարն ասաց, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարմրուկի հաստատված դեպքերի քանակը չի փոխվել. մինչ այժմ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է կարմրուկի 4 դեպք:

Տեսանյութեր

Լրահոս